«ԲԱՆԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ Է, ՈՒ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՐՏՈՒՄ». ԱՆԻ...

«ԲԱՆԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ Է, ՈՒ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՐՏՈՒՄ». ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

1412

«Իմ ամենասիրելի գույնը կանաչն է, ու փոքրուց էլ ընտրում էի այդ գույնի իրեր։ Պատմում են, որ կոնֆետը չէի ուտում, մինչև որ այն կանաչ թղթով փաթեթավորված չլիներ։ Հիմա մտածում եմ՝ երևի դա էլ բանակի հետ էր կապված, որովհետև ինձ համար բանակը կանաչ գույն ունի, իսկ ես բանակն անչափ շատ եմ սիրում»,-այսպես սկսեց մեր զրույցը իմ այսօրվա հերոսուհին՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Ավետիսյանը:

Այս ամենը լսելով՝ կարելի էր ենթադրել, որ Անին եղել է համառ, համարձակ, բայց նրա մայրիկի՝ Վերգինե Սաղաթելյանի խոսքով՝ նա շատ հանգիստ երեխա էր. «Որ ձեռքը մի փոքրիկ թուղթ էլ տայի, ժամերով կխաղար ու ձայն չէր հանի, բայց բավական էր՝ մեկ րոպեով տնից բացակայեի, միանգամից նկատում էր ու սկսում լաց լինել»:

Իսկ Անին իր մասին պատմում է՝ հիշելով, որ շատ ամաչկոտ երեխա է եղել. «Բարեկամներն ինձ գրեթե չէին տեսնում։ Բայց բավական է հայտնվեի ընկերներիս շրջապատում, ու ես ամենաակտիվ երեխան էի։ Ես շատ եմ սիրում ժպտալ: Շատերն ասում են, որ ինձ տխուր չեն տեսել։ Նրանք ճիշտ են նկատում. ես փորձում եմ տխրությունս երբեք ցույց չտալ, որպեսզի դիմացինս էլ չտխրի։ Հակառակը՝ այդպիսի դեպքերում փորձում եմ ավելի շատ ուրախացնել դիմացինիս»:

Անիի մանկության ընկերուհին՝ Անուշ Ղազարյանը, հավաստիացրեց, որ Անին եղել է այնպիսին, ինչպիսին ներկայացնում է իրեն, և հավելեց, որ իր ընկերուհին գրեթե երբեք լաց չի եղել. «Ես իրեն այդպես չեմ տեսել մեր՝ մոտ 19 տարվա ընկերության ընթացքում: Նրա աչքերն առաջին անգամ թաց տեսել եմ այն ժամանակ, երբ ինձ ճանապարհում էր արտերկիր»:

Իսկ Անիի հայրը՝ Կարեն Ավետիսյանը, ասում է. «Անիի բացակայությունը՝ անգամ կարճ ժամանակով, տանը շատ է զգացվում։ Նա շատ ակտիվ է. բարձր ձայնով պատմում է ամեն ինչի մասին։ Սիրում է, երբ օրվա վերջում բոլորս նստած ենք լինում, և ինքը պատմում է իր անցկացրած օրվա մասին»:

Անիի մայրիկի խոսքով՝ Անին  սիրում էր ուսուցչի մասնագիտությունը։ Իր տնային դասերը միշտ դպրոցի դասապրոցեսի ձևով էր անցկացնում։ Պատկերացնում էր, թե իր առաջ նստած են երեխաներ, ու նրանց էր բացատրում դասը։ Շատ է սիրում գրականություն առարկան, և մտածում էինք՝ հենց գրականության ուսուցիչ էլ կդառնա: Չնայած այս ամենին՝ Անին որոշեց ռազմական լրագրող դառնալ: Ընդունվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Անին իր մասնագիտության ընտրության մասին պատմեց. «Քանի որ սիրում էի գրել, ստեղծագործել, որոշեցի՝ հենց լրագրողի մասնագիտությունն է իմը։ Ու հետո իմ մտքում ունեմ հաղորդման սցենար` կապված բանակի հետ, և հուսով եմ` համալսարանում ստացած գիտելիքներով կկարողանամ իրագործել նպատակս»:

Ես նույնպես ճանաչում եմ Անիին: Կարելի է ասել՝ չկա մի միջոցառում՝ նվիրված հերոսներին, հայրենիքին, որ նա չմասնակցի կամ չունենա իր ներդրումը: Նա գրում է հերոսների մասին՝ այդպիսով ապրեցնելով նրանց:

Սրա մասին փաստում է նաև հենց Անին ու պատմում. «Գրում եմ բոլոր ժամանակների հերոսների մասին՝ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրեր։ Հագեցած օր եմ համարում, երբ մասնակցում եմ տղերքին նվիրված միջոցառումներին, և երբ ինքս եմ կազմակերպում։ Առաջիկայում նպատակ ունեմ գիրք տպագրել հերոսների մասին, ու ողջ կյանքում, տարբեր քայլերով ապրեցնելու եմ նրանց: Երբ մենակ եմ լինում, մտքիս շատ դեպքեր են հայտնվում, ու սկսում եմ ստեղծագործել։ Հաճախ միտքս գրչիցս առաջ է ընկնում»:

Ինչպես արդեն հասցրիք նկատել, բանակն ու հայրենիքը Անիի կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում: Ամեն բան սկսվեց այսպես. ցավով հիշում է՝ երբ 14 տարեկան էր, Մարտակերտում զոհվեց Արմեն Հովհաննիսյանը։ Նա իր քայլով ստիպեց, որ սիրենք հայրենիքը, հպարտանանք մեր բանակով. «Այդ օրից սկսեցի ամեն օր հետաքրքրվել բանակով։ Ամեն զոհի հետ, հարազատի կորստի պես, ցավ եմ ապրում։ Հետո սկսում եմ ուսումնասիրել հերոսին ու գտնել իր հարազատներին, որ ավելի լավ ճանաչեմ նրան։ Առաջին այցս էլ եղել է Արմենի բնակարան, ու արդեն հասցրել եմ տասից ավելի հերոսների բնակարաններ այցելել։ Հաճախ եմ գնում Եռաբլուր՝ տղերքի հետ զրուցելու։ Ու այնտեղ, ամեն անգամ պատահաբար հանդիպում եմ այլ հերոսների ծնողների: Չգիտեմ՝ ինչպես ներկայացնել այդ պահը. կարծես հանդիպում լինի հենց տղաների հետ։ Հիշում եմ, երբ մի օր տեսա Մանվել Գևորգյանի ծնողներին, միասին ջրեցինք Եռաբլուրում ծաղկած վարդերը։ Այդ օրն այնքա՜ն հագեցած էր: Կարծես մի գործ արած լինեի տղերքի համար։ Մի օր էլ Արմենի ընտանիքի հետ որոշեցինք գնալ Եռաբլուր։ Մաքրեցինք տարածքը, ծաղիկները գեղեցիկ շարեցինք: Այդ օրը հերոս Գևորգ Հարությունյանի տուն էլ գնացի։ Հերոսական օր էր»:

«Բանակը հայրենիքի սիրտն է, ու ես ուզում էի հայտնվել հայրենիքի սրտում»: Սա էր Անիի երազանքը, որը մայր բուհի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի հետ  իրականացրեց՝ այցելելով  Հայաստանի և Արցախի շատ զորամասեր:

Հասմիկ Անդրեասյան

2-րդ կուրս

Կիսվել