«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼՆ Է». «ՌԵՍՏԱՐՏ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼՆ Է». «ՌԵՍՏԱՐՏ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

1153

ԿԱՐԾԻՔ

Հարցազրույց «Ռեստարտ» ուսանողականքաղաքացիական նախաձեռնության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Գարիկ Միսկարյանի հետ։

-Ի՞նչ եք կարծում՝ երկու տարի առաջ այս օրերին,  ի վերջո, ի՞նչը ստիպեց մարդկանց փողոց դուրս գալ և հեղափոխություն անել։

-Կարծում եմ՝ պատասխանն ավելի քան ակնհայտ է. նախորդ տասնամյակների ընթացքում ՀՀ քաղաքացուց խլվել էր իշխանությունը, և գործող վարչախումբը տարիներ շարունակ ընտրակեղծարարության, կոռուպցիայի, թալանի, բռնաճնշումների միջոցով իր առջև մեկ խնդիր էր դրել՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ այդ ճանապարհին անգամ չխորշելով զոհաբերել ՀՀ քաղաքացիների կյանքը։ Այս ամենի հանրագումարում ժողովուրդը, զրկված լինելով արժանապատիվ միջավայրում ապրելու իր իրավունքից, և չունենալով հնրավորություն ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու, այլ տարբերակ չուներ, քան դուրս գալ փողոց և իրականացնել հեղափոխություն։

-Փողոցում էին նաև ուսանողները. երկու տարի անց արդյոք կա՞ն այն փոփոխությունները, որ ակնկալում էին տեսնել նրանք։

-Միանշանակ ո՛չ. փաստացի կրթական համակարգում չկա որևէ արմատական, հեղափոխական փոփոխություն, և այն պատկերը, ինչ ունենք հիմա, վստահաբար չի արտացոլում հեղափոխության հարթակներից հնչեցված՝ կրթական բարեփոխումներին առնչվող  խոստումները։

-Դուք անձամբ հեղափոխության մասնակից եք. ի՞նչ եք կարծում, արժեքների հեղափոխություն եղե՞լ է։

-Այո՛, ես մասնակցել եմ ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններին, բայց ցավոք, որպես այդպիսին, արժեքների հեղափոխության մասին խոսելը դեռ վաղ եմ համարում։  Քանզի արժեքների փոփոխությունը երկարատև գործընթաց է, և առաջին հերթին կապվում է հենց կրթական համակարգի հետ, իսկ այդ դաշտում արմատական փոփոխություններ, կամ անգամ դրանց հիմքերը տեսանելի չեն։

-Շարժմանը միանալիս հավատու՞մ էիք, որ հետագայում իշխանությունները կկատարեն ձեր պահանջները։

-Որպես կանոն՝ հեղափոխական գործընթացին մասնակցում են հենց հետագայում իրական փոփոխությունների ակնկալիքով․․․

Մենք՝ որպես ուսանողներ, մտել ենք գործընթացի մեջ մեր օրակարգով՝ համալսարանական ռեալ, արմատական բարեփոխումներ, ուսանողական ինքնակառավարում, բուհերի ապակուսակցականացում, ակադեմիական ազատություն, կրթության որակի բարձրացում։

 Չցանկանալով գնահատականներ տալ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանը, կամ թե ինչ ճանապարհով գնացին հեղափոխական գործընթացները բուհերում և ընդհանրապես կրթական համակարգում՝ կուզեմ նշել, սակայն, որ ես՝ որպես ուսանող, իմ համալսարանում, իմ ֆակուլտետում որևէ փոփոխություն չեմ զգացել. որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ ավելորդ է անգամ խոսել հեղափոխական, արմատական փոփոխություների մասին։

Նման երևույթներն, իհարկե, հանգեցրին տարբեր ուսանողական խմբերի հիասթափությանը. նախկին իշխանությանը ծառայող, կուսակցական շահ սպասարկող համալսարանի ադմինիստրատիվ ներկայացուցիչների,  ինչպես նաև նման ուսանողների՝ բուհում ավելի ամրապնդվելը, ինչպես կանխատեսվում էր, դիմադրության է հանգեցնում։ Իջեցվում են հրամաններ, օրենքի նախագծեր, բարձրագույն կրթության մասին օրենք (նախատեսվում է), որոնց, ըստ էության, բուհերը պատրաստ չեն, այսինքն չկա պարարտ հող, որը կվերցնի պատասխանատվություն և առաջ կտանի ցանկալի փոփոխությունները։

 Հեղափոխության ամենակարևոր առաքելությունը պիտի լիներ հենց կրթության ոլորտն արդիականացնելը, փոփոխելը, քանզի այս հեղափոխության ամբողջ էությունը հենց դա էր՝ փոխել մարդկանց գիտակցությունը, հեղափոխությունը դարձնել մշակութային, արժեքների հեղափոխություն։

Ադյան Գեղամ
2-րդ կուրս

Կիսվել