«ՌՈՄԱՆՏԻՂՄԸ» ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՆԳԱՄ ՏԻՂՄԻ ՀԱՏԱԿԻՆ ՍԵՐ ԿԱ». ԷԼԻԶԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«ՌՈՄԱՆՏԻՂՄԸ» ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՆԳԱՄ ՏԻՂՄԻ ՀԱՏԱԿԻՆ ՍԵՐ ԿԱ». ԷԼԻԶԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

1262

Արաբական պոեզիան հայերին ներկայացնող Էլիզա Մխիթարյանն իր ստեղծագործություններում պատկերում է կյանքը, որը չունի աշխարհագրական սահմաններ ու լոկալ մտածողություն։ «ՌոմանտիՂմում» նա պատմում է աշխարհաքաղաքացու հույզերի ու հույսերի մասին։

-Ի՞նչու «ՌոմանտիՂմ»։

   – «ՌոմանտիՂմը» այս գրքի պատմվածքներից մեկի վերնագիրն է։ Պատմվածքը գրել էի 2019 թվականի սկզբին և ուղարկել խմբագրություն: Գրքի խմբագիր Սերգեյ Հարությունյանը շատ էր հավանել պատմվածքը, իսկ այդ վերնագիրն ինձ մոտ ենթագիտակցորեն մնացել էր, մտածել էի, որ եթե ես գիրք ունենամ, վերնագրի տարբերակներից մեկը լինելու է սա։ «ՌոմանտիՂմը» բացարձակ միտում չունի կեղտոտելու կամ աղտելու ռոմատիԶմ հասկացությունը։ Այն ցույց չի տալիս, որ սեր գոյություն չունի, այլ ընդհակառակը՝ այն ցույց է տալիս, որ անգամ տիղմի հատակին սեր կա։

-Եթե ոչ «ՌոմանտիՂՄ», ապա ի՞նչ:

– Գրքում ես մի պատմվածք ունեմ, որն ինձ շատ էր հաջողություն բերել՝ «Դժոխքից 50 մետր հեռու։ Բայց, այնուամենայնիվ, «ՌոմանտիՂմ». խորհրդակցել եմ գրքի խմբագրի ու հրատարակչի հետ։ Գրքի տպագրության առաջարկը ստացել եմ հրատարակչությունից, գրքի հրատարակումը ֆինանսավորել է «Երևանյան էսքիզ» հրատարակչությունը։ Երբ առաջարկը ստացա, Կահիրեից նոր էի վերադարձել։ Այդ ժամանակ սովորում էի Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի չորրորդ կուսում և զբաղվում էի ավարտական աշխատանքովս։ Զանգ ստացա Մարգարիտա Ասլանյանից՝ «Երևանյան էսքիզ» հրատարակչության տնօրենից: Նա առաջարկեց ֆինանսավորել գրքի տպագրությունը։ Ես շատ զարմացած էի ու ուրախ. հաստատ այդ շրջանում չէի տպագրի գիրք, եթե չլիներ այդ զանգը։ Այդ օրվանից սկսեցինք գրքի կազմման, խմբագրական, սրբագրական աշխատանքները, որոնք տևեցին ամիսներ։

-Կմեկնաբանե՞ք շապիկի նկարը։

-Երկու-երեք անգամ շապիկ ենք փոխել, որովհետև ուզում էի՝ ամեն ինչ իմաստավորված լինի, ամեն ատրիբուտ՝ վերնագրից սկսած, լինի իմաստալից ու ընթերցողին հասնի յուրովի։ Երբ գիրքը բացում ենք, տեսնում ենք կնոջ ուսեր, որտեղ կնոջ կամրակի մեջ հավաքված է տիղմ, և այդ տիղմի վրա թղթե նավակ է: Այն խորհրդանշում է երազանքները, որոնք անգամ տիղմի վրա շարունակում են գոյատևել, շարունակում են լողալ՝ հասնելով իրենց իրագործմանը։

-Քանի՞ պատմվածք է ներառված գրքում։

– Այստեղ 57, 58 պատմվածք կա։ Իհարկե, դրանք իմ բոլոր գործերը չեն, այլ իմ՝ մինչև քսան տարեկան գրված պատմվածքներն են։ Մենք ընտրել ենք այն պատմվածքները, որոնք տպագրվել են, կամ արժանի են տպագրվելու։

-Ինչի՞ մասին է գիրքը։

-Այստեղ թեմաները բազմաբովանդակ են. հայրենիք, եղբայր, ընտանիք, սեր։ Գիրքը, առհասարակ, կարճ պատմվածքների ժողովածու է. դրանք երեք էջը չեն գերազանցում։ Կարճ պատմվածքներում խտացված սյուժեն ավելի հետաքրիր է, որովհետև ընթերցողը բացահայտելու հնարավորություն է ունենում։ Իմ ամենակարճ գրվածքը կոչվում է «Երկտող Պոմպեյում մոխրացած մարդուց». «Ես Պոմպեյի ավերակներում մարդկային ճիչ եմ վաճառում։ Անգին է այն. չեք հասկանա։ Դուք մոխիր չեք, դուք Պոմպեյի քարաբեկոր բնակիչ չեք»։ Սա պատմում է Պոմպեյում եղած հրաբուխի մասին, որը վայրկենապես հողին հավասարեցրեց ամեն բան։

-Ո՞ր պատմվածքը կառանձնացնեք, որի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեք։

– Ինձ թվում է՝ բոլոր գրողներն իրենց գրվածքների հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն։ Ուղղակի, դու շատ ժամանակ մի բան գրում ես ու հետագայում հասկանում ես, որ այդքան էլ «ուժեղ» չէր։ Մի հետաքրքիր օրինաչափություն կա. հանրության կողմից բուռն են ընդունվում այն գործերս, որոնք, ես կարծում եմ, գեղարվեստական արժեք չունեն: Ընթերցողը գնահատում է անկեղծությունը։ Այստեղ զետեղվածներից կառանձնացնեմ «Կապիկություն» պատմվածքը։ Սա ցույց է տալիս «մարդկություն» հասկացությունը։ Էստեղ տող կա, ասում է, երբ մարդուն ասում ես «մարդկություն ես անում», ինքը զարմանում է, ասում է «ես մարդ եմ, հո կապիկություն չե՞մ անելու» ու համեմատում է կապիկի հետ, որին կոստյում են հագցնում, հարդարում են, բայց վերջում կապիկը ձեռքը տարավ տեսնելու՝ էնտեղ ոջիլ կա՞, թե՞ չէ»։

-Մասնագիտությամբ արևելագետ եք։ Որքանո՞վ է մասնագիտությունն օգնում Ձեզ։

-Մասնագիտական լեզուս արաբերենն է, զբաղվում եմ  գեղարվեստական թարգմանությամբ՝ միջնորդ դառնալով հայ ընթեցողի և արաբական գրականության միջև։

-Որքանո՞վ է տարբերվում հայ գրականությունը արաբական գրականությունից։

-Պետք է տարանջատումներով պատասխանեմ։ Իրականում հայկական արձակում բավականին շատ են լոկալ անդրադարձերը։ Հայ արձակագիրների ստեղծագործություններում, իհարկե, շատերին առանձնացրած, ունենք ընդգծված գյումրեցու, սասունցու, սյունեցու կերպար, որն օտարին խորթ է։ Ունենք գյուղի, գյուղական միջավայրի պատկերներ, որոնք միայն հոգեհարազատը կհասկանա։ Այսինքն, եթե տանք ամերիկացուն կամ գերմանացուն, նրանց հետաքրքրիր չի լինի։ Իսկ արաբական գրականությունը կարծես ավելի ընդգրկուն է։ Ինչ վերաբերում է արաբական պոեզիային, ապա հայկականը ոչնչով չի զիջում դրան։ Չնայած արաբական պոեզիան ունի «Սաջ» ասվածը, որը հանգավորված արձակն է, ինչը չկա այստեղ։

-Ի՞նչ գրքեր  խորհուրդ կտաք երիտասարդներին կարդալ։

-Խորհուրդ կտամ միաժամանակ կարդալ թե′ հայկական, թե′ արտասահմանյան գրականություն։ Ցավոք, հիմա նկատում եմ միտումներ, որ հայ գրականությունը կարծես անտեսված է. գնում են արտասահմանյան գրքեր, որոնք երևի թե մոդայիկ են։

Աննա Ասմանգուլյան

2-րդ կուրս

Կիսվել