ՋՐԻ ԵՐԿՈՒ ԿԱԹԻԼ ԿԱՄ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

ՋՐԻ ԵՐԿՈՒ ԿԱԹԻԼ ԿԱՄ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

1752

«Մենք հաճախ նույն երազներն ենք տեսնում: Մի անգամ քույրս վախեցած իր՝ սարսափ ժանրի երազն էր պատմում, երբ հիշեցի, որ նույն բանը ես էլ եմ տեսել։ Մեզ համար շոկ էր դա։ Դեպքեր են լինում, որ նույն մարդկանց, իրարից անկախ, միևնույն հերթականությամբ նույն հարցերն ենք տալիս» :

Պատմում ու մեկ անգամ ևս զարմանում է այս դեպքերի ճշմարտացիություն վրա Մոնիկա Մամյանը, ով արդեն 20 տարի, ամեն օր արթնանալով՝ իր արտացոլանքը տեսնում է ոչ թե հայելում, այլ իր քրոջը նայելիս :


«Ծնված օրից մենք իրար կողք ենք եղել, անգամ նույն օրորոցում ենք քնել: Շատ ժամանակ մեզ դիտարկել են որպես մի մարդ, ասում էին՝ ինչ տարբերություն Մոնիկան, թե Մելինեն, բայց հետո, իհարկե, ինչ-որ չափով փոխվեց»:

Մենք, ի սկզբանե, ստեղծված ենք յուրահատուկ, մեր էությամբ միակը այս աշխարհում, և չնայած երկվորյակները ունենում են ֆիզիկական նմանություն, այնուամենայնիվ նրանց հոգեկան աշխարհը տարբերվում է, քանի որ դրա ձևավորման հարցում մեծ դեր է ունենում ոչ միայն գենը, այլ նաև արտաքին աշխարհի ազդեցությունը:

«Երկվորյակները լինում են երկձվանի և միաձվանի: Վերջիններս իրար ֆիզիկապես շատ նման են, ասես մի խնձորը կիսած լինի: Երկձվանի երկվորյակները կարող են լինել ինչպես միասեռ, այնպես էլ տարբեր սեռի.  ֆիզիկական նմանություն բժշկական տեսանկյունից հիմականում չնչին է լինում»,-բացատրում է բուժքույր Անահիտ Ադամյանը և նշում, որ իր կարծիքով երկվորյակները միանշանակ իրար զգում են, կապվածություն ունեն, քանի որ դեռ ներարգանդային շրջանից սկսած՝ երեխաները միասին են ձևավորվում:

Հոգեբան Էլիանորա Ծատրյանը վստահեցնում է, որ մի ընտանիքում ծնված երեխաները իրար զգում են՝ լինեն երկվորյակներ, թե տարբեր ժամանակահատվածում ծնված երեխաներ . «Ընտանիք եմ ճանաչում ՝ երկվորյակ քույրիկներ են և փոքր եղբայր: Քույրերից մեկն ասում է, որ ինքը ավելի կապված է եղբորը, քան իր եկվորյակ քրոջը: Իհարկե, չի կարելի ժխտել, որ հիմանականում երկվորյակները իրար հետ ավելի կապված են լինում . դա իր դրական կողմն ունի: Նրանք հեշտությամբ են հասարակության մաս դառնում, քանի որ փոքր տարիքից ունենում են մեկի հետ սերտ շփում, ապա գնում են մանկապարտեզ, դպրոց ու կամաց-կամաց տեսնում են,  որ այդ շփումը ավելի թույլ ձևով կարելի է արտահայտել 3-րդ անձի հետ»:

«Ծնողներիս պատմելով եմ հիշում, թե փոքր ժամանակ կապվածությունը ինչպես է դրսևորվել: Օրինակ, երբ մեզնից մեկը, հստակ չեմ հիշի՝ որ մեկս, վայր է ընկել ու վնասել շուրթը, մյուսը եղել է տատիկի տանը ու անընդհատ բողոքել, որ շրթունքը ցավում է»,-ասում է Մոնիկան:

Ունենալով երեխաներ, ովքեր իրար նման են՝ ծնողները հաճախ մոռանում են նրանց տարբեր լինելու մասին՝  սկսելով երկու անհատների մեկի տեղ ընդունել, մեկի նման վերաբերվել և մեծացնել, որի հետևանքով հաճախ առաջանում են մի շարք խնդիրներ:

Այս մասին հոգեբանը նշում է.  «Ծնողները միատեսակ են հագցնում երեխաներին՝ կարծես միշտ նույն մարդը լինեն. սա վատ է: Նույն մակարդակի կարող են հագցնել, բայց ոչ նույն գույները, այսինքն՝ ինչ-որ տարբերություն պետք է լինի, հատկապես մեծ տարիքում: Երբ տարբերություն չի լինում, երեխան իր անձը չի կարողանում ձևավորել, կորցնում է իր անհատականությունը, ինքնուրույնությունը: Սովորաբար այսպիսի խնդիրների դեպքում երկվորյակների մոտ առաջանում է զգացում, թե իրենք կիսատ են՝ իրենց մի մասնիկը իրենց հետ չէ: Միանման դաստիարակությունը հանգեցնում է երկվորյակներից յուրաքանչյուրի սեփական անձի թերի ձևավորմանը»:

«Ամեն պահի անտանելի զգում եմ իր կարիքը, ու անգամ խանդ կա իմ մեջ, որ քույրս բացի ինձնից՝ ուրիշ ոչ ոքի հետ այդքան մոտիկ չլինի։ Երբ 9-րդ դասարանը վերջացրինք, պետք է բաժանվեինք հոսքերի: Ես ատում էի մաթեմատիկան, որոշեցի գնալ հումանիտար հոսք․ հայտը լրացրի, տնօրենը ստորագրեց, բայց դրանից հետո մի ամբողջ օր լացել եմ` մտածելով, թե ինչ եմ անելու, որ իրար հետ դասի չնստենք, իրար հետ տուն չգնանք։ Վերջում ստիպված գնացի, փոխեցի հոսքս  բնագիտականի»:

Մինչ Մոնիկան խոստովանում է իր կապվածության մասին ՝ նշելով, որ հիմա դա մի փոքր թուլացել է, քույրը՝ Մելինե Մամյանը, ընդունում է հոգեպես իրար զգալու փաստը, սակայն նշում, որ քրոջ մոտ այն  ավելի արտահայտված է:

«Մոնիկայի հետ կապվածությունս մեծ է, բայց իր մոտ ավելի շատ է դա արտահայտված, չեմ կարող ասել՝ ինչու։ Եթե իրար կողքի չենք լինում, ինչ-֊որ դատարկություն այնուամենայնիվ կա. միասին լիարժեք ենք ու լրացնում ենք իրար։ Բայց չեմ ասի, թե դա ինձ խանգարում է՝ ոչ, որովհետև, ի տարբերություն Մոնիկայի, ես կախվածության մեջ չեմ իրենից »:

Խնդիրներից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս. «Ծնողները պետք է առանձնահատուկ վերաբերմունք դրսևորեն երկվորյակներին ՝ չանտեսելով նրանց տարբերությունները: Անհատական վերաբերմունք ցույց տալով՝ կարող ենք նրանց տարբեր հետաքրքրությունների խմբակներ տանել, իհարկե մեր քայլերով այնպես չանենք, որ երկվորյակները իրարից ամբողջությամբ բաժանվեն, պարզապես ուշադիր լինենք, որ կապվածությունը չվերածվի կախվածության: Ծնողներին խորհուրդ՝ սովորեք սիրել յուրաքանչյուրին որպես անհատականություն»:

Հետաքրքիր է երկվորյակ երեխաների գոյությունը երկրի վրա, առավել հետաքրքիր՝ նրանց անհատական կերպարները:

Թեհմինե Առաքելյան
4-րդ կուրս

Կիսվել