ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱ՞, ԹԵ՞ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ. ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱ՞, ԹԵ՞ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ. ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

1456

  35-ամյա Տաթևիկի  դուստրը՝ Միլենան, օրվա մեծ մասն անցկացնում է համացանցում։ Մոր խոսքով՝ աղջկան  վերահսկելը օրեցօր ավելի է բարդանում։ «Երբ մենք նրա համար հեռախոս գնեցինք, նա սկսեց մեկուսանալ, և մեզ հետ շփումն ավելի պակասեց։ Դժվար է նրան կտրել համացանցից, երբեմն էլ անհնար»։  Տաթևիկը նաև հավելեց, որ եթե նախկինում աղջկա մոտ նկատվում էր ավելի պասիվ կախվածություն համացանցից, ապա հիմա, ամբողջ օրը տանը գտնվելով, ավելի շատ է լինում համացանցում։ «Այս շրջանում նա գրանցվեց նաև տարբեր սոցիալական ցանցերում, և դա ինձ շատ է անհանգստացնում, բայց վախենում ենք, որ մեզ հետ ավելի կլարվի, դրա համար փորձում ենք դեռևս հարմարվել նրա հետ»,-ասում է մայրը։

12-ամյա Միլենան մեզ հետ զրույցում պատմեց, որ նրան համացանցը առավել հետաքրքիր է իր լայն հնարավորություններով։ «Ինտերնետում ես կարող եմ գտնել ինձ հետաքրքրող ամեն ինչ։ Ես առանց ինտերնետի չեմ կարող»,- ծիծաղում է Միլենան։ Մայրն ասում է, որ աղջիկն օրվա ընթացքում 5-ից 6 ժամ  համացանցում է, սակայն, երբ մենք Միլենային հարցրինք, պատասխանը զարմացրեց մեզ. «Ես ողջ օրն եմ համացանցում և կարծում եմ, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա»։

Հոգեթերապևտ Նարինե Իսրաելյան «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ համացանցը իր մեծ հնարավորություններով այսօր շատ արժեքներ է ձևավորում տարբեր տարիքի երեխաների մոտ, և հետաքրքրասերները կարող են կլանվել իրենով։ «Համացանցը դեռահասին կարող է այնքան գրավել և կտրել իրական շփումից, որ այդ իրական շփման մեջ իրենք իրենց թերի զգան,  ագրեսիա ցուցաբերեն և ցածր ինքնագնահատական առաջանա»։ Տիկին Իսրաելյանի խոսքով՝ վախից,  ինքնագնահատականի անկումից և շփման դժվարությունից կարող են ի հայտ գալ բացասական հոգեբանական պաշտպանություններ, որոնցից մեկը դեպրեսիվ տխուր մեկուսացումն է, իսկ մյուսը՝ ագրեսիայի պաշտպանությունը։

 «Առաջինի դեպքում նյութերը կարող են այնպիսին լինել, որ առաջացնեն վախ, իսկ երկրորդի դեպքում վիրտուալ իրականության մեջ գտնվելով՝ կապը կտրվում է իրական աշխարհից՝ ձևավորելով ագրեսիվ վարք»,-ասում է հոգեթերապևտը։ Տիկին Իսրաելյանը նաև հավելեց, որ դեպի դեռահասություն գնացող երեխան, եթե դժվարանում է ընտրել՝ ումից օրինակ վերցնի, ապա այդպիսի կերպար համացանցից ընտրելը ավելի հեշտ է։ «Ինչքան ծնողների շփումը դեռահասների հետ դրական լինի, նրա համար ծնողը լինի օրինակ, ունենա հետաքրքիր զբաղվածություն ինտելեկտուալ դաշտում, այնքան իր հետաքրքիր ժամանցը կլցվի ընտանիքի անդամների հետ շփմամբ, և պահանջը համացանցում քիչ կլինի»։

«Ժեստ» հոգոբանական կետրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը «Journalist.am»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այժմ համացանցային կախվածությունը ընդգրկվում է հիվանդությունների շարքում, և ոչ միայն դեռահասներին է հատուկ, այլ նաև  ծնողներին, որոնք կարող են ունենալ կախվածություն տարբեր խաղերից և սոցիալական կայքերից։ «Նախևառաջ ծնողներին նույնպես հարկավոր է դուրս գալ կախվածությունից, քանի որ երեխաների համար հենց իրենք պետք է ընտանիքում հետաքրքիր դաշտ ստեղծեն։ Դրանք կարող են լինել ընտանեկան խաղերի  կամ այնպիսի սպորտաձևերի միջոցով, որոնք վառ հույզեր, էմոցիաներ կտան դեռահասին, քանի որ  դա ստանալով՝ նրանք մնում են  վիրտուալ աշխարհում»։

 Ըստ հոգեբանի՝ շատ կարևոր է, որ ծնողները քննադատաբար չմոտենան դեռահասին, այլ փորձեն հասկանալ, որ դեռահասի համար ծանր շրջան է. այդ շրջանում նա փորձում է ինքնուրույն լինել, հորմոնային ֆոնն է ակտիվանում, օրգանիզմը փոփոխության է ենթարկվում, հոգեբանական նոր շերտեր ակտիվանում։ «Ամբողջ զարգացման փուլի մեջ ծնողները  պետք է հասկանանան,  որ այդ փոփոխությունները ժամանակավոր են,  և քննադատության փոխարեն լսեն դեռահասներին, որպեսզի կարողանան իրենց երեխաների հետ կապի մեջ մտնել»։ Մասնագետի  խոսքով՝ կարևոր է նաև, որ ծնողն ինքը փորձի խաղալ այն խաղը, որը նա է խաղում, կամ նրան հետաքրքրող տեսանյութեր դիտել, քանի որ այս դեպքում դեռահասները ավելի շատ կմոտենան ծնողներին և կսկսեն համաձայնության գալ միմյանց հետ։

Մեդիափորձագետ Հայկ Դերզյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ համացանցի անվերահսկելիությունը ունի իր դրական և բացասական կողմերը, և այս պահին առավել ակտուալ են դարձել Ինստագրամը և Տիկ-Տոկը։ «Պետք է արձանագրել, որ  դեռահասներին ինչ-որ չափով քիչ է հետաքրքրում Ֆեյսբուքում տեղի ունեցող քաղաքական քննարկումները, և իրենք հակված են առավել շատ ժամանցային նյութերին»: Մեդիափորձագետի կարծիքով՝  սա նույնպես ունի իր բացասական կողմերը, քանի որ տեղեկատվական ազատությունը չի կարող չնպաստել դեռահասների մեջ օտար մշակույթի ներթափանցմանը և սերմանմանը: «Այս կոնտեքստում առավել արդյունավետ կլինի ոչ թե սահմանփակումը, այլ անհրաժեշտ արժեքների ճիշտ սերմանումը տարատեսակ տեղեկատվական կրիչների միջոցով, որը բնականաբար պետք է համատեղվի մեդիագրագիտության բարձրացման հետ»,-նշում է մասնագետը։

Անի Թամրազյան

2-րդ կուրս

Կիսվել