Յոթանասունվեցամյա տիկին Փարիշանը հիշում է, թե ինչպես էր կրծքով կերակրում իր յոթամյա տղային։
– Տղես արդեն դպրոցական էր, բայց սնվում էր կրծքի կաթով։ Յոթ տարին, գիտեմ, շատ էր, բայց դե երեխեն ուտում էր՝ ես էլ տալիս էի։
Ամեն տարի աշխարհում մահանում է 2 միլիոն երեխա` կրծքով չսնվելու պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը օգոստոսի մեջ մեկ շաբաթ նվիրում է կրծքով կերակրման քարոզչությանը, որին մասնակից է դառնում նաև Հայաստանը: Հիմա մայրիկներին տրվում է երեխայի առողջության անձնագիր, որտեղ մանրամասն նշված են մայրական կաթի առավելությունները և կերակրման ճշգրիտ ցուցումները։ Սակայն այսօր բավական տարածված է մայրական կաթին փոխարինող՝ արհեստական կաթի փոշու օգտագործումը։ 2017 թվականի պաշոնական տվյալներով` մայրացած հայաստանաբնակ կանանց 81 տոկոսը երեխային կերակրում է կրծքով: Բայց միայն 62 տոկոսն է բացառապես կրծքի կաթ տալիս մինչեւ 6 ամիս և միայն 43 տոկոսն է մեկ տարի եւ ավելի կրծքով կերակրում: Մինչդեռ ապացուցված է, որ կուրծք ուտող երեխաների մահացության ռիսկը տասն անգամ ավելի ցածր է, քան չուտողների: Հայաստանում մահացած երեխաների մոտ 34 տոկոսն է մայրական կաթ կերել` այն էլ մեկ ամսից ոչ ավել, մինչդեռ կենդանի երեխաների 90 տոկոսից ավելին կրծքով է կերակրվել ավելի քան 5 ամիս:
Մանկաբարձուհի Սուսաննան նշում է, որ աշխարհում գոյություն չի ունեցել և չունի մայրական կաթին փոխարինող որևէ կաթնախառնուրդ։
-Այո՛ կան հիվանդություններ, որոնց դեպքում մայրական կաթով երեխային կերակրելը հակացուցված է, բայց մնացած բոլոր դեպքերում, ես հորդորում եմ բոլոր մայրիկներին՝ նորածիններին ամենաքիչը վեց ամիս կերակրել կրծքի կաթով։ Մոր կաթ ուտող երեխաները 7-10-ն անգամ ավելի քիչ են հիվանդանում շնչառական եւ փորլուծային հիվանդություններով, ալերգիաներով, քաղցկեղով: Հազվադեպ են բորբոքվում ականջները: Նրանց աճն ու զարգացումն ավելի ներդաշնակ է ընթանում։
-Մայրական կաթն անփոխարինելի է փոքրիկի հոգեբանության ձևավորման տեսանկյունից: Երեխան կերակրվելու ընթացքում մոր աչքերի մեջ տեսնում է ինքն իրեն ու կամաց-կամաց ձեռք բերում ինքնություն: Կրծքով կերակրվելիս երեխան իրեն ավելի ապահով է զգում,- նշում է հոգեբան Վարսիկ Աբգարյանը,- անպես որ այն ունի ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական լուրջ նշանակություն երեխայի աճի գործում։
Իսկ քսաներեքամյա Եվան, ով երկրորդ աղջնակին է սպասում, ասում է, որ իր համար ավելի հեշտ ու արդյունավետ է երեխային արհեստական կաթով կերակրելը։
-Ժամանակի առումով ինձ ավելի հարմար է պատրաստել կաթնափոշին և տալ երեխային։ Երկրորդ բալիկիս նույնպես պատրաստվում եմ կերակրել արհեստական կաթով։ Գիտեմ մայրական կաթի օգտակարության և այլնի մասին, բայց մենք հիմա այնպիսի արագ փոփոխվող ժամանակներում ենք ապրում, որ նման բաներին կարևորություն տալը արդիական չէ։
Մեր երկրում, այնուամենայնիվ, առաջնահերթություն տրվում է կրծքով կերակրմանը։ Հայաստանում գործում է կրծքով սնուցումը խրախուսող օրենք՝ «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին», որն ամրագրում է կրծքով սնուցման խրախուսման դրույթները։ Մասնավորապես բուժաշխատողը կարող է ենթարկվել վարչական տույժի, եթե համագործակցի կաթնախառնուրդ արտադրողի հետ։
Մարի Արշակյան
4-րդ կուրս