«ՍԵՐՍ ԿԱՐԱՆՏԻՆԱՎՈՐԵԼ ԷԻՆ՝ ՊԻՏԻ ԱԶԱՏԵԻ»

«ՍԵՐՍ ԿԱՐԱՆՏԻՆԱՎՈՐԵԼ ԷԻՆ՝ ՊԻՏԻ ԱԶԱՏԵԻ»

1570

Այս անգամ նյութիս հերոսներն այն մարդիկ են, ովքեր կարծում են, որ սիրելիին տեսնելն արտակարգ դրության պայմաններում ոչ պակաս խիստ անհրաժեշտություն է, քան գնումների կամ դեղատուն գնալը.

«Ես էլ սիրով եմ հիվանդացած, ու ինձ բուժողը մեկն է…»:

Ռուբենի կարծիքով, այդ մի հոգուն տեսնելն արտակարգ դրության պայմաններում ինչ-որ առումով նաև էքստրեմալ է՝ տնից փախուստի ծրագիր գծել, շրջանցել ոստիկաններին, դա էլ հերիք չէ՝ դիմակների պատճառով դժվար շնչել այդ ողջ ընթացքում. «Հնարավորությունը բաց թողնել պետք չի, որովհետև, եթե դրական տեսանկյունից նայենք կարանտինին, ապա սա նաև լավ շանս է` սիրելիի համար խենթ արարքներ անելու, ևս մեկ անգամ, բայց արդեն «էքստրեմալ» ճանապարհով սերդ ապացուցելու համար: Թագուհուս անակնկալներ հաճախ եմ մատուցում, բայց վերջին անակնկալս, կարծում եմ, գերազանցեց բոլորը: Կարանտինի առաջին իսկ օրվանից տանն ենք, արդեն քառասուն օր է՝ չենք տեսել իրար, ու ես անընդհատ իրեն գրում էի, որ մեր սերը հաստատ կհաղթահարի կարանտինը, ու մենք ինչքան պետք է՝ տանը կմնանք: Անկեղծ ասած՝ զգում էի, որ տխրում էր, չէր համակերպվում դրա հետ, բայց դա ինձ դուր էր գալիս. ինչքան շատ տխրեր, հետո այնքան ավելի կուրախանար: Մի խոսքով` որոշեցի «հանցագործություն անել»` Սիսիանից հասնել Աբովյան ու ջերմ գրկել սիրելիիս»:

Ռուբենը ամեն ինչ արել է օրենքի սահմաններում. իր հետ վերցրել է անձնագիր, տեղաշարժման թերթիկ: Գուշակեցի՞ք` ինչ էր գրել «նպատակ» բաժնում՝ «կարոտն է ստիպում, իսկ վերադարձի ժամը ՝ «Թագին հարցրեք» :

«Ես վստահ էի, որ «պլանս կաշխատի», իսկ Թագի հետ շարունակում էի նույն ձևով սփոփիչ խոսել, ու, հատկապես երբ կարանտինը երկարաձգվեց, ավելի շատ էր տխրել»,- պատմում է նա:

Թագուհու հետ երկար սպասված հանդիպմանը Ռուբենը պատրաստվել էր շատ զգույշ, որ նա հանկարծ գլխի չընկնի: Ինքը ավելի շատ ուրախանում էր, որ Թագուհին վերջապես կժպտա, իսկ իրենց սերը կհարյուրապատկվի. շա՜տ ոգևորված ու ինքն իրենով հպարտ էր.

«Չէի մոռացել ծաղկեփունջն ու բալի կոմպոտը (նրա խոսքով՝  կոմպոտը պարտադիր ատրիբուտ է – հեղ.), մեքենաս մաքուր լվացել էի, հագնվել էի Թագի ճաշակով… »:

Ռուբենին ոգևորում էր իր արկածային քայլը, կարծես իր կամքով գնում էր խոչընդոտներին ընդառաջ, բայց դրանք հաղթահարելու տրամադրվածությամբ:

«Ռուբենը միշտ էլ անակնկալներ մատուցել սիրել է, իսկ ես միշտ նրան օգնել եմ այդ հարցում՝ առավել ևս այս դեպքում, երբ դա սիրո համար էր»,- պատասխանում է Ռուբենի մայրը: Նրա կարծիքով՝ այդ անակնկալից որևէ այլ տհաճ անակնկալներ չեն ծնվի, քանի որ Ռուբենը պահպանել է անվտանգության ու ապահովության բոլոր կանոնները, նույնիսկ ժամանակն է այնպես դասավորել, որ հասցնի գնալ և հետ վերադառնալ ոչ շատ ուշ:

Թագուհին էնտեղ «կարանտինավորված» թող մի քիչ էլ տխրի, մինչև Ռուբենը ոստիկանի հարցերին պատասխանի կես ճամփին. «Մեքենաս, իհարկե, կանգնեցրին ոստիկանները: Հարցնում էին՝ ուր եմ գնում, տեղաշարժման թերթիկ և այլն: Դե, ես էլ շատ վստահ հանեցի անձնագիրս ու տեղաշարժման թերթիկս. ի՞նչ կա որ»:

Ռուբենի սրամտությունից ոստիկանը մի լավ ծիծաղել է՝ թույլատրելով նրան շարունակել ճանապարհը: «Ասում էի, չէ՞, որ սիրելիին տեսնելը խիստ անհրաժեշտություն է, կամ էլ անկեղծությունս գնահատվեց»:

Հիմա անհամբեր սպասում եք Թագուհու խոսքին, չէ՞. ի՞նչ է զգացել, ինչպե՞ս հանդիպեցին.

«Անկեղծ եմ ասում՝ բացարձակ գլխի չէի ընկել, որ մտքին նման բան կար, տանն էի, ժամանակս անցնում էր ֆիլմեր դիտելով, իսկ Ռուբից կարոտս առնում էի հեռախոսով խոսելով: Մեկ էլ մի երեկո զանգում է, թե «Թա՜գ, առաքիչը ձեր բակում սպասում է, գնա, քեզ լավ բան եմ ուղարկել»: Մտածում էի՝ դե հա, մի հավես նվեր ուղարկած կլինի, բայց էսքա՜ն հավե՞ս: Ամենաթանկ նվերը՝ իրեն էր բերել…»:

«Թագուհու դեմքը տեսնել էր պետք… Չէր հավատում, որ հիմա իր առաջ նույն մարդն է, ով «ինչքան պետք է տանը մնալուց» էր խոսում»: Չեմ փոշմանում, որ կարանտինը խախտել եմ մեկ օրով, այն էլ ի՜նչ օրով: Ի վերջո, սերս էին կարանտինավորել՝ պիտի ազատեի՞, թե՞ ոչ»:

Թագուհին ու Ռուբենը բալի կոմպոտն այս անգամ ոչ թե տեսազանգով, այլ կողք կողքի վայելեցին, իսկ կարանտինը թող սպասի:

«Մենք մարդկանց ոչ թե կորոնավիրուսով, այլ սիրով կվարակենք՝ դրանով էլ հաղթելով վիրուսին»:

Արփի Բարսեղյան

 3-րդ կուրս

Կիսվել