ՎԱԼՄԱՐ. «ԵԹԵ ՉԼԻՆԵԻ ՆԿԱՐԻՉ, ԿԼԻՆԵԻ ՋԱԶՄԵՆ»

ՎԱԼՄԱՐ. «ԵԹԵ ՉԼԻՆԵԻ ՆԿԱՐԻՉ, ԿԼԻՆԵԻ ՋԱԶՄԵՆ»

1792

Վալմարը(Վոլոդյա Մարգարյան)Հայաստանի Հանրապետության Ժողովրդական նկարիչ է: Ծնվել է 1948 թ ապրիլի 21-ին,Գյումրիում: Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային միության անդամ է: Հանդես է եկել 48-ից ավել անհատական և 133 խմբային ցուցադրություններով` կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում: Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի,ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաներում:

Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին կատարել է գրքերի թատերական ներկայացումների ձևավորումներ:

Նկարել սկսել եք 5-րդ դասարանից, և ձեր օտար լեզվի ուսուցչի հորդորով եք գնացել նկարչական դպրոց: Սիրո՞վ էիք հաճախում:

 – Օտար լեզվի ժամերին ես դասը խանգարում էի` նկարելով: Ուսուցիչս, նկատելով դա, ծնող կանչեց ու առաջարկեց տանել ինձ նկարչական դպրոց: Եվ դա եղավ որպես հիմք: Ընդունվեցի Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոց, այնուհետև` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Այս ընթացքում շատ մոտ հարաբերությունների մեջ էի Երվանդ Քոչարի հետ, որին համարում եմ իմ ուսուցիչը, քանի որ իր երաշխավորմամբ ընդունվեցի նկարիչների միության շարքերը:

 Միայն տաղանդը բավակա՞ն է լավ նկար ստեղծելու համար:

– Արվեստ ստեղծելը ի վերուստ է գալիս, բայց միայն տաղանդը բավական չէ: Տաղանդը մեկ է աշխատասիրությունը` զրո: Թիվը մեծանում է զրոների հաշվին: Նկարելը մարդու մեջ կամ կա, կամ չկա: Տարեկան տասնյակ նկարիչներ են ավարտում համալսարաններ, բայց մի քանիսն են մնում պատմության մեջ: Դա խոսում է այն մասին, որ նրա մեջ, ի վերուստ, կա այն ամենը, ինչը տրված չէ ուրիշներն:

Գույների հարաբերությունը տարիքի և տարիների հետ կապված զգացմունքներ են, և դուք առանձնացրել եք գույների մի հերթականություն, որը տարիքի հետ փոխվում է: Այնուամենայնիվ կա՞ մի գույն, որը պահպանում եք, թ՞ե  դա կախված է հոգեվիճակից:

 – Կախված է հոգեվիճակից, բայց զարգացումը կապույտից է սկսվում: Բնության մեջ էլ է այդպես: Ամեն ինչ հասունանում է՝ կապույտից ծիրանագույն: Եթե նայենք Վերածննդի շրջանի նկարիչներին, նրանց մոտ էլ այդպես է, կապույտ է` հետո կյանքի վերջին տարիներին` ծիրանագույն: Կախված է նաև, թե ինչ խնդիր ես լուծում: Մարդ կա միայն գույնի և համադրության խնդիր է լուծում, ոմանք՝ տրամադրության և այլն: 

-Ի՞նչ խնդիրներ, խոչընդոտներ և դրական նախադրյալներ կան այսօր Հայաստանում նկարչի համար։

 -Գիտե՞ք, խնդիրներ կան բոլոր երկրներում: Առաջվա համեմատ`դրական նախադրյալներ կան, օրինակ, այն առումով, որ Խորհրդային ժամանակահատվածում կային տրված թեմաներ, որոնք պետք է նկարվեին․ կուզեի՝ հիմա ավելի լավ ներկայացվեին արտերկրում:

Ձեր աղջիկը`Հռիփսիմեն ևս շարունակում է ձեր ճանապարհը ի՞նչպես եք վերաբերվում որոշմանը:

– Ես դեմ չեմ եղել երբեք: Յուրաքանչյուր մարդ պետք է լսի իր ներքին ձայնը: Իր նկարչությունը լրիվ այլ է: Նշանակում է՝ նա նկարիչ է ծնվել:

Կա այլ ոլորտ, որը ևս ձեզ հետաքրքիր է:

-Եթե ես չլինեի նկարիչ, կլինեի ջազմեն: Ունեմ նաև երաժշտական շարք: Առհասարակ, շատ եմ սիրում երաժշտություն: Օտար երկրներում լինելով`միշտ հետաքրքվում եմ`ինչ լավ համերգներ կան: Ջազն այն երաժշտությունն է, որը քեզ տանում է: Դու չգիտես, որ սենյակն ՝ լույս, որը` մութ: Երաժշտություն կա, որ անկանխատեսելի է, մի քանի նոտայից կռահում ես, իսկ ջազի մեջ դա չկա: Այն կարող է քեզ հանկարծակիի բերել:

Լիլիթ Քասինյան
4-րդ կուրս

Կիսվել