Կորոնավիրուսի համավարակը աշխարհում հանգեցրել է մի շարք շրջադարձային փոփոխությունների: Այդ փոփոխությունները նկատելի են նաև գլոբալ քաղաքականության մեջ:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ասում է, որ ճգնաժամային իրավիճակներում պետությունները հակված են ավելի եսասեր դառնալուն: «Նման իրավիճակներում պետությունները առաջին հերթին մտածում են իրենց և իրենց քաղաքացիների մասին: Սա արտառոց հանգամանք չէ, այլ միջազգային կյանքի ակնկալելի շեղումներից է: Ճգնաժամային իրավիճակների պատճառով պետությունները սկսում են տարօրինակ վարք դրսևորել, հրաժարվել նախկին պայմանավորվածություններից, միմյանց կասկածանքով, անվստահությամբ վերաբերվել»,- նշում է քաղաքագետը:
Նարեկ Գալստյանի խոսքով՝ պետությունները նաև մտահոգ են իրենց սեփական տարածքում արտասահմանցիներին վերահսկելու ուղղությամբ, որպեսզի վիրուսը իրենց երկրում հնարավորինս քիչ տարածվի: Սա բացասաբար է ազդում միջպետական հարաբերությունների վրա, նաև տուրիզմն է տուժում: «Կան նաև փոխադարձ մեղադրանքներ, օրինակ ԱՄՆ-ն և Չինաստանը մեղադրեցին միմյանց կորոնավիրուս ստեղծելու և տարածելու մեջ, կամ, Իրանը կոչ արեց միջազգային հանրությանը՝ վերացնել պատժամիջոցները, որպեսզի պետությունը դեղորայք և բժշկական սարքավորումներ գնելու հնարավորություն ունենա»,- նկատում է Նարեկ Գալստյանը:
Քաղաքագետը կանխատեսելի չի համարում ճգնաժամային իրավիճակով պայմանավորված պատերազմները կամ տարածաշրջանային հակամարտությունների սրումը: «Ընդհակառակը, ավելի հավանական է, որ որոշ պետություններ, որոշ տարածաշրջաններում (օրինակ՝ ԵՄ, ԵԱՏՄ շրջանակներում) ճգնաժամի ավարտից հետո սերտացնեն իրենց համագործակցությունը: Առանձին տարածաշրջաններում փոխգործակցության ամրապնդումը կարող է նպաստել բազմակենտրոն աշխարհակարգի ստեղծմանը: Եթե ԱՄՆ-ն դիտարկենք որպես կենտրոն, կարող ենք ասել, որ տարածաշրջանների հզորացումը կարող է բերել ԱՄՆ-ի դիրքերի թուլացմանը»,-նշում է Ն. Գալստյանը:
Նարեկ Գալստյանի խոսքով՝ համավարակի այս տարածումը կարող է հանգեցնել նաև գլոբալիզացիայի տեմպերի թուլացմանը:
Կա կարծիք, որ սպասվող տնտեսական ճգնաժամը մի շարք երկրներում մեծացնում է սովի տարածման հավանականությունը: Քաղաքագետը սովի տարածումը հավանական է համարում երրորդ աշխարհի երկրներում: «Երրորդ աշխարհի երկրներում սով և թերսնում միշտ է լինում, իսկ համաճարակի տարածումը կարող է ավելի խորացնել այդ ճգնաժամը: Նաև զարգացող երկրները, ինչպես, օրինակ, Աֆրիկյան պետությունները, կախվածություն ունեն զարգացած երկրներից ստացվող հումանիտար օգնությունից: Այս իրավիճակում այդ օգնության ծավալը կկրճատվի, քանի որ հիմնական դոնոր պետությունները թույլ զարգացած երկրներին օգնելու մեծ հնարավորություններ այլևս չեն ունենա», -ասում է քաղաքագետը:
Նանե Ավետիսյան
4-րդ կուրս