Ինչպե՞ս են անցնում կարանտինի օրերն Ամերիկայում. զրուցել ենք ամերիկահայուհի Լիանա Քարամյանի հետ:
– Լիա՛նա, ի՞նչ կասես, օվկիանոսի քո կողմում խի՞ստ են վիրուսի տարածումը կանխել փորձող միջոցառումները։
-Կալիֆորնիայում, որտեղ ես եմ ապրում, մյուս նահանգների համեմատ ավելի հանգիստ է: Օրինակ՝ Նյու Յորքում սահմանափակումները խիստ են, իսկ այստեղ ավելի թեթև և հանգիստ է անցնում ամեն ինչ. ոչ մի ռեժիմ չկա, ուղղակի ձեռնոցներով և դիմակներով պետք է տնից դուրս գալ և խիստ անհրաժեշտության դեպքում։
– Մեզ մոտ դպրոցներում և բուհերում դասերն անցկացվում են առցանց տարբերակով, մանկապարտեզներն էլ փակ են: Միացյալ նահանգներո՞ւմ:
– Երեխաները չեն գնալու դպրոց. դասերն անցկացնում են օնլայն և ավարտվելու են նույնպես հեռավար կերպով, իսկ մանկապարտեզները փակ են, բայց ասում են, որ հնարավոր է՝ բացվեն, որովհետև այնտեղ երեխաներն ավելի քիչ են, քան դպրոցներում։
– Կա՞ն ժամային սահմանափակումներ առևտրի կենտրոններ այցելելիս։
-Առևտրի կենտրոններն առավոտյան նույն ժամին են բացվում, բայց շուտ են փակվում՝ մինչև ժամը 8-ը։ Հագուստի ոչ մի խանութ բաց չէ, տնտեսական խանութները ևս: Բաց են միայն այն խանութները, որտեղ սնունդ են վաճառում, և խանութների առջև էլ մարդիկ կանգնում են՝ հեռավորություն պահելով: Եթե աշխատողները տեսնում են, որ մարդիկ առանց դիմակների և ձեռնոցների են, չեն թույլատրում ներս մտնել։
– Փաստաթղթեր վերցնո՞ւմ եք տնից դուրս գալիս, բացի անձնագրից։
– Փաստաթղթեր չենք վերցնում, Հայաստանի նման չէ, ոչինչ չենք լրացնում , ոչ մի թուղթ չենք վերցնում մեզ հետ. ամեն ինչ ազատ է։
– Ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրվածությունը: Ինչո՞վ են զբաղվում այս օրերին։
– Մարդիկ սկզբում շատ վատ էին տրամադրված այս ամենի նկատմամբ, շատ էին վախենում, անգամ խանութներում իրար էին հարվածում, դանակահարում։ Գնում էին գնումներ կատարելու և շաբաթներով մնում էին տանը, դուրս չէին գալիս, իսկ հիմա ավելի հանգիստ է։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք չի վախենում, և ոչ էլ հավատում են այս ամենին։ Դրսում արդեն շատ են մարդիկ, մանկապարտեզներից շատերն արդեն գործում են, մարզասրահները, պարային խմբակները ևս գործում են։ Մարդիկ հաճախ են զբոսնում այգիներում: Բոլորը կարծես վերադարձել են իրենց բնականոն կյանքին։
– Ի՞նչ են խոսում, մինչև ե՞րբ է երկարաձգվելու կարանտինային վիճակը։
– Խոսակցություններ չկան, թե երբ կավարտվի: Ավելի շատ ասում են, որ չի վերջանալու այս ամենը, ուղղակի պետք է զգույշ լինենք, հավատանք, որ ամեն բան լավ է լինելու։
Նորա Ղազարյան
2-րդ կուրս