17-ամյա Էրիկը մեկ տարի առաջ է պատահաբար իմացել, որ դիսլեքսիա ունի, երբ համացանցում հանդիպել է մի տեսանյութի, որտեղ մանրամասն պատմվում էր այդ խնդրի մասին։ «Մինչ այդ ոչինչ չգիտեի ու չէի հասկանում, թե ինչու եմ էդպիսին։ Նորմալ կարդալ չեմ կարողանում, միշտ տառեր եմ բաց թողնում, աղավաղում բառերը։ Դասարանցիներիցս ոչ ոք չգիտեր խնդրիս մասին, որովհետև անգամ ես չգիտեի։ Վատ չեմ սովորել, ուղղակի, երբ ինչ-որ բան սխալ էի կարդում, կային երեխաներ, որ ծիծաղում էին ինձ վրա»,– «Journalist.am»-ին պատմեց Էրիկը։
Տղային դպրոցում ուսուցիչները ցածր են գնահատել միայն այն պատճառով, որ դժվարանում էր կարդալ, մտածում էին՝ ծույլիկ է, սովորել չի սիրել։ «Ես մտածում էի՝ ունակություններ չունեմ, հանձնարարված գրքերն էլ չէի հասցնում կարդալ։ Մինչև հիմա պիտի նյութը երեք անգամ կարդամ, որ ընկալեմ, որ ճիշտ կարդամ։ Անգամ այբուբենը շատ դժվար եմ սովորել»,–նշեց Էրիկը։
Մանկական նյարդաբան Աստղիկ Մամյանի խոսքով՝ դիսլեքսիան ընթերցանության հատուկ ձևի կայուն խանգարում է, իսկ ընթերցանութունը բարդ հոգեֆիզիոլոգիական գործընթաց է, որին մասնակցում են տարբեր վերլուծիչներ՝ տեսողական, խոսքաշարժական և խոսքալսողական։ Ընթերցանությունը ավելի բարդ գործընթաց է, քան բանավոր խոսքը, քանի որ այն միավորում է գրավոր և բանավոր խոսքը, և դրանց միասնական աշխատանքն է։ Այն կարող է ներառել տարբեր խնդիրներ՝ բառերն արտաբերելու, որոշ հնչյուններ արտաբերելու, արագ գրելու, բարձրաձայն կարդալու ժամանակ ճիշտ արտասանելու դժվարություններ։ Այս խնդրով առավել հաճախ դիմում են դպրոցական տարիքից՝ մանավանդ 2-րդ դասարանից և հետաքրքիրն այն է, որ այդ երեխաները հաճախ ինտելեկտի պակաս չեն ունենում։
Դիսլեքսիայի առաջացման հարցում կարևորվում է նաև գենետիկ գործոնը։
«Այն երեխաները, ովքեր ուշ են սկսում խոսել, դժվար են սովորում նոր բառեր, հնչյուններ, ունեն արտասանման արտահայտված խնդիրներ և հիպերակտիվ են, պետք է մանկապարտեզի տարիքից ընդգրկվեն լոգոպեդի, հատուկ մանկավարժի և հոգեբանի համատեղ պարապունքների մեջ»,– նշեց մասնագետը։
Գոյություն ունեն դիսլեքսիայի մի քանի տեսակներ, լոգոպեդ Լյուսի Պողոսյանը նշում է շտկողական աշխատանքի հիմնական ուղղությունները. «Կատարում ենք հնչույթների տարբերակում և ամրապնդում: Այս աշխատանքները հիմնվում են մի շարք վերլուծիչների վրա, ինչպիսիք են խոսքալսողական, խոսքաշարժողական, տեսողական և այլն: Կարևոր են նաև հնչութային վերլուծությունը և համադրությունը զարգացնող վարժությունները»։
Լոգոպեդն ասում է, որ հասարակության որոշ անդամներ դիսլեքսիա ունեցողներին վերաբերվում են որպես թերի կրթություն ունեցող անձանց, որը, իհարկե, ինֆորմացիային չտիրապետելու արդյունք է, քանի որ յուրաքանչյուր խնդրի առկայության դեպքում մարդը քաջալերման և հասկացված լինելու կարիք ունի։
Ըստ Լյուսի Պողոսյանի՝ շտկողական աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում դիսլեքսիան հաղթահարելու և հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Այդ ճանապարհին կարևոր է նաև հետևողական լինել և կատարել լոգոպեդի բոլոր ուղորդումները: «Վստահ կասեմ, որ Հայաստանում դիսլեքսիան թե՛ առանձին, թե՛ զուգակցված այլ խանգարումներով, բավականին հաճախ հանդիպող խնդիր է»,– իր խոսքը եզրափակեց մասնագետը։
Ուսուցչուհի Մարիամ Մարիկյանը դիսլեքսիա ունեցող աշակերտի հետ աշխատելու փորձ է ունեցել։ «Ես այդ երեխայի հետ աշխատել եմ 5-րդ դասարանից, իսկ երեխան մասնագետների մոտ հաճախել սկսել էր 3 տարեկանից, քիչ բարդություններ էինք ունենում։ Հազվադեպ լինում էր, որ նյարդային էր դառնում, երբ սխալվում էր, գուցե չցանկանար շարունակել աշխատանքը, իսկ ընդհանուր առմամբ ակտիվ ու շրջապատում լավ դրսևորվող երեխա էր։ Ի սկզբանե իմացել եմ, որ երեխան նման խնդիր ուներ, քանի որ վկայագրված էր։ Ինձ համար հեշտ չէր այդ երեխայի հետ աշխատելը, երևի փորձի պակասից էր։ Իհարկե, միայնակ դժվար թե կարողանայի լավ արդյունքի հասնել, հոգեբանն ու ուսուցչի օգնականը շատ օգնեցին»,– նշեց ուսուցչուհին։
Նա հավելեց, որ երեխան սիրում էր նկարել, ծեփամածիկով աշխատել և ավազաթերապիայի էր լրացուցիչ հաճախում։ Սիրում էր ճանաչել առարկաները շոշափելով, բայց և անուշադրության խնդիր ուներ։ Ընթերցելիս էլ արագ էր կարդում, հնչեցրած բառերի մեծ մասը չէր հասկացվում։ Դպրոցից դուրս նաև լոգոպեդի հետ էր աշխատում։ Երկար ժամանակ պահանջվեց, որ սկսի դանդաղ կարդալ, ինչն էլ թույլ էր տալիս մի քիչ շտկել բառերը արտաբերելիս։
«Դասարանի ամենալավ սովորող աշակերտի կողքին էր նստում։ Երեխաները նույնպես շատ էին օգնում նրան, թիմային առաջադրանքների ժամանակ անպայման ընդգրկում էին իրենց կազմում, խաղերի ու արշավների ժամանակ էլ միասին էին, օգնում էին, եթե անհրաժեշտ էր։ Ծնողական ժողովների ժամանակ քննարկում էինք նաև այն հարցը, որ տանը որևէ պիտակավորում չլիներ, իսկ աշակերտների տված հարցերին ծնողները մաքսիմալ տեղեկացված պատասխաններ տային»,– հավելեց ուսուցչուհին։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ դիսլեքսիայի խնդիրները ակնառու են դառնում դպրոցահասակ տարիներին, երբ երեխան առնչվում է կոնկրետ այն խնդիրներին, երբ պետք է կարդա, բարձրաձայն կարդա, արագ կարդա, գեղեցիկ կարդա և այլն։ Այդ ժամանակ երեխան դժվարանում է կարդալ, դանդաղ է կարդում, հաճախ կարող է սխալվել, շփոթել հնչյունները և կախված նրանից, թե ինչպես է հասկանում մանկավարժը երեխայի խնդիրը, այդպիսի ինքնագնահատական և այդպիսի վերաբերմունք էլ ստանում է երեխան արտաքին միջավայրից՝ այսինքն իր դասընկերներից։
«Առաջ սա համարվում էր անգրագիտություն, իսկ հիմա մասնագետները գիտեն, որ սրանք խնդիրներ են, որոնց հետ աշխատանքներ պետք է տարվեն՝ բավականին երկար ժամանակահատվածով ընթացող։ Մասնագետները, ցավոք, պատահում է, որ այս ինֆորմացիային չեն տիրապետում կամ լուրջ չեն վերաբերվում և երեխային վերաբերվում են որպես անգրագետի՝ այսինքն այստեղից սկսում է ձևավորվել նրանց վերաբերմունքը երեխայի հանդեպ»,–ասաց մասնագետը։
Հոգեբանը նշեց, որ շատ հաճախ մանկավարժները կարող են վիրավորել, կտրուկ ընդհատել երեխային, չթողնեն, որ նա շարունակի կարդալ, չհամբերեն, որ երեխան արտահայտվի և երեխայի ուսուցումը ընթանա։ Սա միանշանակ արտահայտվում է նաև դասընկերների վերաբերմունքի վրա, աշակերտների վերաբերմունքը հիմնականում ձևավորվում է իրենց ուսուցչի վերաբերմունքի հիման վրա։ Այդ պայմաններում երեխան կարող է հանդիպել արհամարհանքի, ծաղրանքի, այսինքն այստեղ զարգանում է բուլիինգի թեման։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ մանկավարժական կոլեկտիվը ունենա գիտելիքներ խնդիրը հաղթահարելու համար և աշխատի դպրոցի լոգոպեդ-հոգեբանի հետ։
Տիկին Ապիտոնյանը կարևոր համարեց նաև խնդրի լուծման հարցում ծնողների ներգրավվածությունը՝ բացատրելով, որ միայն ուսուցչի և ծնողի աշխատանքի համադրությունից կամ հակադրությունից է երեխայի մոտ ինքնագնահատակի հանդեպ վերաբերմունք առաջանում։
Հակառակ մասնագետների հորդորների՝ Էրիկը նշեց, որ ոչ ոքի չեն դիմել խնդրի համար, որովհետև հենց ինքը չի ցանկացել։ «Ճիշտն ասած, ես ինձ էսպես ավելի լավ եմ զգում, ես տարբերվող եմ։ Կարդացել եմ, որ շատ հայտնիներ (Թոմ Քրուզ, Թոմ Հոլանդ, Վին Դիզել, Ագաթա Քրիստի) ապրում են այս խնդրով և օգտվում են միայն դրա առավելություններից։ Քառակուսի չեն մտածում, ինչը ինձ համար ամենակարևորն է»,– ասաց Էրիկը։
Էրիկը պատմեց, որ այժմ գրքեր կարդալու այլընտրանքային տարբերակ է գտել՝ աուդիո գրքերը․ «Ես էնպիսի բնավորություն ունեմ, որ եթե ինչ-որ բան չի ստացվում, չեմ կարողանում, ալտերնատիվ, փոխարինող բան եմ գտնում։ Այդ պատճառով էլ ինձ չի կարող հաղթել անգամ դիսլեքսիան»։
Անի Մարտիրոսյան
2-րդ կուրս