ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

2447

Մանկությունն առանց մուլտֆիլմերի պատկերացնելն այսօր անհնար է։ Դրանք երեխայի զարգացման, վարքի, աշխարհայացքի ձևավորման  գործում մեծ տեղ են զբաղեցնում։ Թագավարակով պայմանավորված՝ երեխաներն այսօր սովորականից ավելի հաճախ են անիմացիաներ դիտում։ Իսկ ի՞նչ է մուլտֆիլմը և ինչպե՞ս կարող է այն անրադառնալ երեխայի զարգացման վրա։

Մուլտֆիլմը, որն անվանում են նաև անիմացիա, առաջացել է լատիներեն «anima» բառից, որը նշանակում է հոգի. հետևաբար անիմացիա նշանակում է ոգեշնչում, աշխուժացում: Անիմացիան ազդում է երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության, հուզական, ճանաչողական ոլորտների և բնավորության ձևավորման վրա:

Մուլտֆիլմերն օգնում են երեխաներին զարգացնել երևակայությունը, սակայն դրա ազդեցությունը կարող է լինել այն, որ երեխաները շատ երկար կարող են մնալ երևակայական աշխարհում՝ ընդօրինակելով նաև բացասականը․«Աղջիկս 4 տարեկան է, նա Ֆրանսիայում է ծնվել, մուլտֆիլմեր միայնակ է դիտում։ Մի օր նկատեցի, որ հագուստը հանում է, հարցրեցի՝ ի՞նչ է անում, իսկ նա պատասխանեց, որ Ալադինն ասեց հագուստը պետք է հանել։ 3 անգամ դիտել եմ մուլտֆիլմը, որից հետո միայն նկատեցի՝ արտահայտությունը թագնված էր երգի մեջ, որտեղ ասվում է տղանե՛ր և աղջիկնե՛ր, հանե՛ք ձեր շորերը»,- պատմում է Միլենա Խոջամիրյանը։

Տաթև Փայտյանի խոսքով՝ ամենաանմեղ անիմացիայի մեջ էլ մի վատ բան կա, իսկ երեխան սպունգի նման կլանում է ամեն բան։ «Երեխաս ագրեսիվ է դառնում, փորձում կրկնօրինակել հերոսներին։ Հալկի նման ձեռքը գետնին է խփում ու գոռում։ Ձեռքը պահում է և ասում․ « Տե՛ս մամա, թելեր եմ բաց թողնում»։ Հիմա արգելել եմ, հիմնականում Հերկուլեսն ենք դիտում։ Ուտելուց մի ձեռքով բարձը բարձրացնում է և ասում՝ տես ինչ ուժեղ եմ»։

Մարինա Հարությունյանն էլ կիսվեց, որ մեծ է հատկապես «Մաշան և Արջը» մուլտի ազդեցությունը։ « Իմ փորձով եմ համոզվել՝ անհանգիստ քուն, կապրիզ ու չարությունների շարան, որոնք նախկինում չէր անում։ Դրա համար էլ թույլ չեմ տալիս նայել»։

 Վերգինե Գրիգորյանի խոսքով՝ իր երեխան շատ էմոցիոնալ է և շուտ է ազդվում մուլտերից։ «Միասին դիտում էինք «Բարի դինոզավր» մուլտֆիլմը (եթե ճիշտ եմ հիշում անունը), ամբողջ ընթացքը քննարկեցինք, վերջում ես մի պահ դուրս եկա ու տղայիս բարձր լացի ձայնից հետ եկա: Իր վրա կարող է ազդել և՛ երաժշտությունը, և՛ հերոսների ձայներև,  և՛ անգամ ժեստերը»։

 «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը պարզաբանում է, որ երեխաները ոչ միայն սովորում են մուլտֆիլմերից, այլև կոգնիտիվ ընդունակությունների շնորհիվ մտապահում և ընդօրինակում են մուլտհերոսների պահվածքը:

 «Ժամանակակից մուլտֆիլմերում այնպես վառ, հետաքրքիր և ուժեղ են ներկայացված չար հերոսները, որ երեխան, վախենալով չարից, ենթադրում է, որ նա բարուց ուժեղ է և կարծես առավել շատ է հաղթում մուլտֆիլմի ողջ ընթացքում: Միակ ելքը տեսնում է նրան նմանվելու մեջ, նրանցից մեկը դառնալով՝ պաշտպանվել հենց չարից»։

Սովետական մուլտֆիլմերում, հոգեբանի պարզաբանմամբ, գործում է «չարը միշտ պարտվում է» գաղափարը, իսկ այսօրվա մուլտֆիլմերի նպատակներն այլ ուղղվածության են։ Քարոզից բացի, ժամանակակից մուլտֆիլմերն այլ խնդիրներ են առաջացնում։ Անի Ֆիդանյանի խոսքով՝ իր տղան 2 տարեկան է, բայց դեռ չի խոսում, ըստ նրա՝ պատճառը ժամանակակից մուլտերն են։

«Իր հավանած մուլտֆիլմերում հերոսները չեն խոսում։ Պահ է լինում, երբ դիտելուց հետո սկսում է տարօրինակ ձայներ արձակել ՝ «դշ-դշ»։ Բժշկի դիմել ենք, բայց դեռ արդյունք չկա։ Արգելել չեմ կարողանում, քանի որ լացում է, բղավում, չեմ ցանկանում երեխայիս սթրեսի ենթարկել»։

Լենա Գրիգորյանը պատմում է, որ իր երեխայի մոտ անքնություն է առաջացել, և պատճառը  հենց մուլտֆիլմերն ու ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաներն են եղել։

«Աղջիկս 24 ժամվա ընթացքում 3-4 ժամ էր քնում, դիմեցի բժշկի, ու նա մեզ խորհուրդ տվեց հեռու պահել բոլոր տեսակի էկրաններից․ դա կլինի հեռուստացույց, հեռախոս, պլանշետ։ 3 օր հետո աղջիկս նորմալ քնում էր։ Հիմա, եթե օրվա մեջ թեկուզ 15 րոպե մուլտֆիլմ նայի՝ վերջ, այդ գիշեր քնել չկա»։

Մանկական հոգեբան Իռենա Պոկոմովան մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ երեխաների նման վարքագիծը հիմնականում պայմանավորված է ծնողների ոչ ճիշտ ուղղորդմամբ։ «Շատ կարևոր է, որ ծնողը երեխայի հետ դիտի մուլտֆիլմը։ Դիտելու ընթացքում հարկավոր է երեխային բացատրել իր համար դժվար ընկալելի իրադարձությունները։ Արգելքը՝ նոր խնդրի առաջ կարող է կանգնեցնել ծնողներին։ Եթե երեխայի խոսքն ուշանում է, ապա աշխատեք շեղել ուշադրությունը մեկ այլ, գունավոր, հետաքրքիր մուլտֆիլմի վրա, որում հերոսները կխոսեն»։

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին մինչև 2 տարեկան երեխաներին չթույլատրել դիտել մուլտֆիլմեր, իսկ եթե արդեն թույլատրել եք, մի արգելեք, պարզապես ընտրեք այն մուլտերը, որոնք չեն պարունակում թագնված ենթատեքստեր, չունեն բացասական հերոսների կողմից արտահայտված շատ ակտիվ գործողություններ։

Մուլտֆիլմերը բացասական երանգավորումից զատ, կատարում են դաստիարակող և ուսուցանող ֆունկցիա։ Հոգեբան Անի Ապիտոնյանը հավելեց, որ դրա միջոցով զարգանում են երեխաների հետաքրքրությունները, ձևավորվում բարոյական նորմերը, վարքի կանոնները, զարգանում է կամքը:

«Երեխան սովորում է ապրումակցել, կարեկցել: Մուլտֆիլմի հերոսները սովորեցնում են չհանձնվել, պայքարել, հասնել նպատակին, իրականություն դարձնել երազանքները: Մուլտֆիլմը նպաստում է նաև երեխայի սոցիալականացմանը, օգնում է հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերությունների հաստատմանը»։

Նունե Եղիազարյանը պատմեց, որ երեխաներին ավելի շատ է ժամանակ տրամադրում։ Հատկապես այս օրերին, երբ մշտապես տանն է։ «Իմ  փոքր տղան 2 տարեկան է, վերցնում է պուլտն ու միացնում YouTube՝ հայկական մուլտֆիլմեր։ Դիտում ենք՝ «Անբան հուռին», «Շունն ու կատուն», «Անահիտը»։ Բացասական ազդեցություն չեմ նկատել»։

Մաշա Ամելյանի խոսքով՝ մուլտֆիմը օգնում է օտար լեզուները հեշտ յուրացնելուն։ «Աղջիկս ռուսերեն թարգմանությամբ մուլտֆիլմեր է դիտում։ Ես բացասական ազդեցություն չեմ նկատել, հակառակը սկսել է ռուսերեն խոսել։ Ի դեպ, երբ աղջիկս քնում է, ես շարունակում եմ մուլտֆիլմը դիտել (ծիծաղում է)»։

Մարինե Մնացականյանը նկատել է, որ իր երեխայի վրա մուլտֆիլմերը հիմնականում դրական են ազդում։ «Փոքրուց, ոչ մի հերոսի չի կրկնօրինակել, թեև օրվա մեջ 2-ից 4 ժամ կարող է դիտել։ Անգլերեն է սովորել, հիմա էլ ռուսերենն է սկսել զարգացնել։ Հարցնում է իր համար անհասկանալի բառերի թարգմանությունները և մտապահում»։

Հոգեբան Իռենա Պոկոմովայի ուսումնասիրությունների համաձայն, այսօրվա մուլտֆիլմերում դրական երանգները շատ քիչ են, և ծնողները պետք է միշտ զգոն լինեն։ «Ո՛չ էմոցիոնալ, ո՛չ էլ հոգեբանական տեսանկյունից փոքր երեխաներն ունակ չեն ընկալել այն ամենն ինչ ցուցադրվում է էկրանի վրա։ Մինչև 5 տարեկան երեխաներին անհրաժեշտ է բացատրել հերոսների պահվածքի պատճառները։ Հակառակ դեպքում երեխան զոհ կգնա ժամանակակից անիմատորների ստեղծած զենքին։ Կդառնա կամակոր, ագրեսիվ, եսասեր, կկորցնի իրական աշխարհի մոդելը»։

Հոգեբանները խորհուրդ են տալիս 2-5 տարեկան երեխաների համար ընտրել 15 րոպեից ոչ ավելի տևողությամբ, թեթև սյուժեներով անիմացիաներ, որտեղ քիչ կլինեն գործողությունները։ Հոգեբանները հորդորում են ուշադրություն դարձնել անիմացիայի տարիքային սահմանափակումներին, և դիտել դրանք երեխայի հետ միասին։

Էլիզա Գալուստյան

2-րդ կուրս

Կիսվել