ԾԽԱԽՈՏԻՑ ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՈՒՂԵՂՈՎ, ԱՅԼԱՊԵՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ

ԾԽԱԽՈՏԻՑ ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՈՒՂԵՂՈՎ, ԱՅԼԱՊԵՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ

1739

Արմենը ծխում է ավելի քան տասը տարի և կարծում է, որ երբեք չի կարողանա թողնել ծխելը․ «Ինձ խորհուրդ տվեցին ծխել, քանի որ ես ունեի նյարդային խնդիրներ։ Անգամ մեկ օր, երբ ծխախոտս վերջացել էր, կեսգիշերին սկսեցի գոռալ, վիճել, տանեցիների հետ, սակայն երբ բերեցին ծխախոտը, հանգստացա։ Այդ օրվանից հասկացա, որ երբևէ չեմ կարող թողնել ծխելը, այն ինձ համար ամեն ինչ է, ես կարող եմ հաց չուտել, բայց ծխախոտից հրաժարվել անկարող եմ, այն դարձել է իմ առօրյա ընկերը, իսկ ընկերներին չեն դավաճանում»,-նշում է Արմենը։ Նա, ինչպես և ծխողների մեծամասնությունը, տեղյակ է ծխելու վնասակարության մասին։

Ծխախոտի ծուխը վնաս է հասցնում օրգանիզմին տարբեր ձևերով, և մարդը դա անմիջապես չի տեսնում և չի նկատում: Ծխախոտի ծուխը հեշտ չէ մասնիկների կշռել, այն մտնում է  թոքեր և նույնքան հեշտությամբ դուրս է գալիս այնտեղից: Ծխախոտի կազմի մեջ մտնող խեժերի մեծ մասը ներառում է պինդ մասնիկներ, որոնք թոքերի վրա նստում են սև շերտով: Այս «փոշին» մեկ անգամ նստելով խցանված բրոնխների վրա, նվազեցնում է թոքերի ծավալը և, որպես հետևանք, աղքատացնում է ամբողջ մարմնի թթվածինը։ Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև ձեր օրգանիզմի համակարգերի վրա կարող է  երկարաժամկետ ազդեցություն ունենալ: Թեև տարիների ընթացքում  ծխելը առաջացնում է  առողջական խնդիրներ, սակայն, երբեմն դրանք արտահայտվում են անմիջապես: 

Ամբողջ աշխարհում  ծխելը  դարձել է տարածված սովորություն բնակչության տարբեր խմբերի շրջանում, այդ թվում ՝ կանանց, դեռահասների և նույնիսկ երեխաների շրջանում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում կանոնավոր ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը մոտ մեկ միլիարդ է։

Թոքաբան Աշոտ Կորյունիչը «Journalist.am»-ի հետ զրույցում նշում է, որ  ծխախոտը  հիմար սովորություն է, որը բացարձակ չի օգնում մարդուն, այլ ընդհակառակը, կործանում է` առաջացնելով թոք-անոթային տարատեսակ հիվանդություններ, առավել ևս չձևավորված  օրգանիզմում։ «Նիկոտինային կախվածությունը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու օրգանիզմի համար։ Նիկոտինը տարբեր ազդեցության ուղիներ ունի և անոթային թույն է սրտամկանի վրա, արյան մատակարարման, բոլոր օրգանների վրա, ուղեղի վրա, այսպես ասած,  նիկոտինը թույն է օրգանիզմի համար»։

Թոքաբանը հավելում է, որ ծխախոտի մնացած արգասիքները ունեն կալցերոգեն հատկություն, այսինքն կարող են ուռուցք առաջացնել՝ բռոնխներից  լորձաթաղանթի ախտահարում և խրոնիկ բրոնխիտ՝ իր բոլոր հետևանքներով։ Մասնագետը խորհուրդ է տալիս ծխախոտից ձերբազատվել ուղեղով, պետք է ունենալ կամք, քանի որ այն համարվում է նարկոմանիա։ «Շատերն ասում են, թե այն սովորույթ է, հետագայում ապացուցվեց, որ ոչ միայն սովորույթ է, այլ նաև հակում է առաջացնում, ինչպես մնացած թմրանյութերը։  Միևնույն ժամանակ, ծխախոտի վնասի գիտակցումը արդյունավետ մոտիվացիա է, որն օգնում է հաղթահարել փափագը»: Աշոտ Կորյունիչը նաև հավելում է, որոշ մարդիկ հատուկ գրքեր են կարդում ծխախոտից ձերբազատվելու համար, սակայն իր կարծիքով՝ եթե  ուղեղում չկա ծխելը թողնելու ցանկությունը, միևնունն է, ոչինչ նրանց չի կարող օգնլ ձերբազատվելու ծխախոտի ճիրաններից։ Բժիշկը նշում է՝ շատերը չեն թողնում ծխելը, քանի որ մտածում են, որ կգիրանան կամ ատամները կթափվեն․ այդ ամենը պատճառաբանություն է, առասպել։ Ծխելը թողնելը որևէ վնասակար հատկություն չունի։

Հոգեբան Մարինե Մարտիրոսյանն  ասում է․ «Ապացուցված է, որ մարմնի միայն ձախ հատվածն է արտահայտում իրական հույզերը, էմոցիաները, իսկ աջն արտահայտում է այն, ինչ անձը, անհատը ցանկանում է ցույց տալ»: Այս կարծիքներից ելնելով՝ հոգեբանը նշեց, որ տարածված կարծիք կա, որ ծխախոտից կախվածություն ունենալիս մարդիկ ծխում են ձախ ձեռքով: Ըստ հոգեբանի՝ աջ ձեռքով ծխողները ցուցամոլներ են, ովքեր ցանկանում են որոշակի տպավորություն թողնել։

Արթուրը, ով քսաներեք տարի ծխել է, դադարել է ծխել․ «Ես միշտ ցանկացել եմ դադարեցնել ծխելը, սակայն ինձ մոտ չէր հաջողվում հրաժարվել ծխախոտից, մինչ քթի խեցիների վիրահատությունը, ինչը փոխեց իմ կյանքը։ Վիրահատությունից հետո այլևս չցանկացա ծխել։ Երբևէ չէի կարող պատկերացնել, որ քթի վիրահատությունը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի չծխեմ»։

Ըստ թոքաբանի՝ քնելուց առաջ չի կարելի ծխել, քանի որ, այն գրգռում է քնելու պատրաստ օրգանիզմը և չի թողնում, որպեսզի այն հանգստանա։ Ծխախոտին՝ որպես այլընտրանք, ստեղծվեցին էլեկտրոնային ծխախոտները (տարբեր համերով), դրանք գովազդվում և վաճառվում էին որպես ծխելը թողնելու լավագույն միջոց, սակայն, ըստ բժշկի, դա ամբողջովին սուտ է․ «Չկա ծխախոտի այլընտրանքային տարբերակ, երբեմն ծխախոտի փոխարեն ընտրում են արևածաղիկ  կամ մաստակ, որը ոչ մի կերպ չի օգնում ծխելը թողնելուն»։

Իսկ վերջին տարիներին ստեղծեցին  IQOS-ը, որը ոմանց համար փոխարինում է ծխախոտին, որի մեջ նիկոտին չկա և այն չի առաջացնում կախվածություն, սակայն բժիշկը նշում է, որ ICOS-ի սկզբունքը նրանում է, որ չի այրում, բայց տաքացնելով թութունից անջատում է  նիկոտինը, որը  կրկին գնում է թոքերը։
Ի դեպ, Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով ՝ 2020 թվականին աշխարհում ծխախոտի (տղամարդկանց և կանանց) սպառողների թիվը 2018 թվականի համեմատությամբ կնվազի 10 միլիոնով, իսկ մինչև 2025 թվականը այդ թիվը կկրճատվի ևս 27 միլիոնով։

Անուշ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել