«21-րդ դարի լավ կողմերից մեկը օնլայն գնումներն են»․ մի անկյունում վստահաբար գոռում են գնումների մեծ սիրահարները:
Արտակարգ դրության ընթացքում, երբ գործում էին ազատ տեղաշարժի որոշ սահմանափակումներ, Հայաստանում մեծացավ օնլայն գնումների պահանջարկը։ Վաճառողներն իրենց չկորցրին և սկսեցին մեծ ջանք գործադրել՝ օնլայն տիրույթի հնարավորություններով և առաքումներով աշխատելու համար:
Սա վստահաբար լավագույն տարբերակն էր թե´ գնորդի և թե´ վաճառողի համար․ շահեցին երկու կողմերն էլ:
Շատ ընկերություններ, անգամ, Երևանում առաքումն անվճար դարձրին, իսկ մարզերի համար գործում են փոստային առաքումներ:
«Գնորդը տանից դուրս չի գալիս` չվտանգելով առողջությունը, իսկ առաքիչը պահպանելով հիգիենայի կանոնները՝ բերում է պատվիրված ապրանքը»,- շեշտում է իմ հարևանուհի Թեհմինեն, ով երեք երեխաների մայր է, և վերջին օրերին սննդային պատվերները նույնպես կատարել է օնլայն։ Նա գոհ է առաքիչների պատրաստվածությունից, որոնք պահում են սոցիալական հեռավորություն` փաթեթները փոխանցելիս։
«Վերջին օրերին, երբ արդեն բոլոր ճանապարհները բացվեցին, առաքումների պատվերներն ավելի շատացան անգամ մոտակա մարզեր։ Ֆորս մաժորին աշխատանք ունենալն ուրախություն է, ուղղակի զգուշանալ՝ ամեն դեպքում պետք է․ մենք կրում ենք թե´ դիմակներ և թե´ ձեռնոցներ ցանկացած պատվերի ժամանակ, լինի դա որևէ իրի առաքում, թե մարդկանց տեղափոխում Ա կետից Բ կետ»,- ասաց «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ, այժմ նաև առաքման ծառայություններ մատուցող պարոն Կարապետը:
Որոշակի խնդիրներ ունեին արտասահմանից առաքում մատուցող ընկերությունները՝ հանձինս Գլոբբինգի, որոնց համար գործընթացը ավելի քան բարդ էր դարձել։ Սակայն ընկերությունը ճանապարհներ գտավ ցամաքային, ծովային և վերգետնյա առաքումների համար և փորձեց հուսախաբ չանել հաճախորդներին (տեղեկատվությունը՝ Գլոբբինգ կայքից)։ «Պատվերները պահեստից ինքնաթիռ գնում էին մեկ ամսում, քանի որ չվերթները ամենուր չեղարկվել էին»,-֊ մեզ հետ զրույցում ասաց ինստագրամ հարթակում գնումների էջ վարող Անին, ով ստիպված էր հաճորդների պահանջով պատվերների որոշ մասը հետ ուղարկել: Այժմ, կարծես թե ամեն բան իր տեղն է փորձում ընկնել․ բեռների չվերթները կամաց-կամաց վերականգնվում են: Դա են փաստում առաքման ծառայություններ մատուցող ընկերությունները՝ Գլոբբինգը, Օնեքսը, և պատվիրատուները, որոնց պատվերներն արդեն հասել են իրենց։
Լաուրա Մանուկյան
3-րդ կուրս