«ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԽԱԲԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ». «ԼԱՎ ԷԼԻ» ԲԵՆԴԻ ԱՆԴԱՄ ՄՀԵՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԽԱԲԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ». «ԼԱՎ ԷԼԻ» ԲԵՆԴԻ ԱՆԴԱՄ ՄՀԵՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1878

Մայիսի 8-ին «Zoom» հարթակում տեղի ունեցավ առցանց հանդիպում «Լավ էլի» բենդի  անդամներ Գոռ Մխիթարյանի և Մհեր Մանուկյանի հետ: Այն կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Հանդիպման մեկնարկին մասնակիցներից մեկը կատարեց բենդի՝ «Գտա քեզ երկնքում» և «Քո աչքերը» ստեղծագործությունները: Քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին բենդի անդամներին, ունկնդրեցին նրանց կատարումը:

«Լավ էլի»-ն հայկական ալտերնատիվ ռոք-խումբ է, որը կազմավորվել է 1996 թվականին Վանաձորում Գոռ Մխիթարյանի և Մհեր Մանուկյանի կողմից: Խմբի անվան գաղափարը եղել է ԱՄՆ խաղաղության կորպուսի անդամ Դոնալդինը: Նա, ամեն անգամ լսելով հայկական «Դե, լավ էլի» (love Ellie) արտահայտությունը, ասել է. «Ես Էլիին չեմ ճանաչում. ինչպե՞ս կարող եմ սիրել նրան»:

Խմբի մենեջեր Արամազդ Ղալամքարյանը պատմեց բենդի անվան՝ իր սիրելի բառախաղի՝ «Սեր էլի»-ի մասին. «Ինձ ավելի շատ դուր էր եկել անվանման «ավելի շատ սեր» իմաստը: Երբ կազմակերպեցինք մեր առաջին համերգը, բառախաղերի տարբերակները  տպել և փակցրել էինք պատերին ու սյուներին: Սակայն այլևս չենք օգտագործում դրանք: Հիմա ավելի տարածված է բենդի անվան հայատառ տարբերակը, բայց այն ժամանակ մենք միայն լատինատառ էինք գրում»:

Խոսելով այն բանալիի մասին, որը հանգեցրել է հանրության կողմից սեր վայելելուն՝ Մհեր Մանուկյանն ընդգծեց՝ կարևոր հատկանիշը, որը պարտադիր է յուրաքանչյուր արվեստագետի համար, անկեղծությունն է. «Հաճախ կարելի է հանդիսատեսին խաբել, այսինքն՝ կան այդ գործիքները, հնարավորություններն ու հմտությունները, սակայն արվեստագետը, առաջին հերթին, ինքն իրեն խաբելու իրավունք չունի: Երբ անկեղծ ես լինում՝ չստելով ոչ մի նոտայում, բառում, քեզ տրվում է անհրաժեշտ, սակայն ոչ բավարար հիմք, որպեսզի քո ասելիքը հնչի ոչ միայն քո, այլև մյուսների համար. նախ քո մերձավորների, հարազատների (քանի որ նրանք շատ խիստ չեն քո նկատմամբ), ապա քո ստեղծագործության միջոցով քեզ հանդիպողների համար»:

Դեռահասների՝ բենդի մասին հետաքրքրված լինելու մասին Գոռ Մխիթարյանն ասաց, որ այն կապված է բենդի ակտիվության հետ: Ըստ նրա՝ որքան ակտիվ են իրենք, այնքան ավելի շատ է տարածվում երաժշտությունը. «Երբ նոր էինք սկսել, այդքան հաճախ համերգներ չէինք տալիս, սոցիալական ցանցեր չկային, տարածվածության խնդիր կար: Հիմա այդ հարցը լուծվել է. մարդիկ սկսել են ավելի շատ տեղեկացված լինել»:

Մհեր Մանուկյանը պնդեց հակառակը: Նրա կարծիքով՝ հետաքրքրությունը բերեց բենդի ակտիվությանը. «Անկեղծ ասած, մի փուլ կար՝ ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ այն, ինչ անելու էինք, արդեն արել ենք, և հիմա պետք էր սուրը դնել պատյանը: Սակայն այդ հետաքրքրությունից՝ մեր ստեղծագործությունների՝ անգիր երգելուց, դեռահաս երեխաներից, որոնք քեզ հուշում են երգի բառերը, ոգևորվում ես: Ավելին՝ պատասխանավտություն ես զգում՝ եթե սիրում են, երգում են, ուրեմն դու իրավունք չունես թողնելու այդ ամենը»:

Հանդիպման ընթացքում նրանց երգերը կատարած Հասմիկ Անդրեասյանը նշեց, որ  փորձում է յուրաքանչյուր երգ մատուցել իրեն հոգեհարազատ կերպով՝ իր զգացողությունները տալով ստեղծագործությանը, որն էլ կարող է հանգեցնել դրանց որոշակի փոփոխությանը. ««Լավ էլի»-ի երգերը յուրահատկություն ունեն. դրանք այնպիսին են, որ յուրաքանչուր ոք ինքը յուրովի պիտի ընկալի և հասկանա ենթատեքստը»:

Հանդիպման ներկաներից Մուշեղ Կուրեխյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ «Լավ էլի» խմբի երգերը դեռ վաղուց է լսում և փորձում հասկանալ ամեն բառն ու ստորակետը. «Երգերին իմ մեկնաբանությունը տալիս եմ այնպես, ինչպես հասկանում եմ: Այսօրվա հանդիպումը մի փոքր փոփոխության ենթարկեց իմ մեկնաբանությունը՝ լսելով Մհերի և Գոռի խոսքը իրենց երգերի մասին: Ըստ իս՝ երգերը սիրվում են հենց 90-ականների շնչով, ու պետք չէ փոփոխել: Սակայն, երկրպագուների կողմից թե՛ բառերի և թե՛ երաժշտության ցանկացած փոփոխություն խումբը շատ լավ է ընդունում: Հանդիպումը, իրոք, հետաքրքիր էր: Նմանատիպ քննարկումներ պետք է հաճախակի լինեն, որպեսզի չմոռացվեն հին ու բարի երգերը»:

Հասմիկ Անդրեասյան

2-րդ կուրս

Կիսվել