«ԳՆՈՒՄ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ՝ ՀԱՍԿԱՆԱԼՈՎ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ»

«ԳՆՈՒՄ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ՝ ՀԱՍԿԱՆԱԼՈՎ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ»

1704

 
 Կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այդ  օրվանից սկսած հազարավոր  քաղաքացիներ ցանկություն են հայտնել հիվանդանոցներում կամավորական աշխատանքներ կատարելու: Կամավորների մեծ թիմին է միացել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի  ընդհանուր բժշկության բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի 20-ամյա Եվգենյա Հակոբյանը, ով ապագա ուռուցքաբան-վիրաբույժ է:
ԵՊԲՀ-ի  2-րդ կուրսի ուսանողուհին անձամբ էր դիմել՝ այս օրերին կամավորական աշխատանք կատարելու համար. «Մեր Ուսանողական խորհուրդը  հայտարարեց, որ ցանկացողները կարող են գրանցվել կամավորական աշխատանքներին մասնակցելու նպատակով: Անմիջապես` առանց երկմտելու  գրանցվեցի, և հիմա աշխատում ենք մեր մեծ թիմով»:
Եվգենյան խոստովանում է, որ ընտանիքի անդամները սկզբում այդքան էլ չողջունեցին իր որոշումը, որովհետև վախենում էին. «Բայց հասկանալով, որ ապագա բժիշկ եմ, համաձայնեցին: Ես զգացի, որ վախի հետ մեկտեղ նրանք նաև հպարտություն զգացին»:
Իսկ ինքը հիվանդությունից չի վախենում. «Անկեղծ ասած ինձ համար բոլորովին չեմ վախեցել ու հիմա՝ աշխատանքի ընթացքում ևս, վախ չկա: Սկզբում պարզապես մտահոգվում էի, որ իմ վարակվելու դեպքում  ընտանիքս էլ կվարակվի: Բայց գնում եմ օգնելու՝ հասկանալով պահի լրջությունը»: 
  Եվգենյան որոշ ժամանակ հերթապահել է Արտաքին գործերի նախարարությունում, իսկ այժմ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում. «Կամավորները աշխատում են մի քանի հարյուր հոգանոց թիմով և հերթապահում են տարբեր հիվանդանոցներում: Այն թիմում, որտեղ ես եմ աշխատում, ղեկավարում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Տիգրան Ալեքսանյանը»:


 Եվգենյայի խոսքով` աշխատանքները լարված մթնոլորտում չեն անցնում, բայց դժվարություններ լինում են.«Ինձ համար,կարծում եմ, դժվար եղել է հենց առաջին օրը, երբ մեր բժիշկներին օգնելու ժամանակ իսկապես զգացի բժշկության բարդությունն ու կարևորությունը»:


Ասում է, որ հատկապես սկզբնական շրջանում հիվանդները որոշակի անհանգստություն էին ցուցաբերում, բայց բուժանձնակազմի և կամավորների շարունակական հոգեբանական աշխատանքները անարդյունավետ չեն. «Քանի որ հիվանդանոցում մուտքերն ու ելքերը սահմանափակված էին, հաճախ հարազատների մոտ լինում էին էմոցիոնալ դրսևորումներ, բայց մենք` հավատարիմ մնալով ապագա բժշկի մեր առաքելությանը, փորձում էինք բացատրել կարգ ու կանոնի խախտման դեպքում առաջացող ռիսկերը: Մինչ օրս, փառք Աստծո, արտառոց դեպքեր չեն արձանագրվել»:


   Չնայած դժվարություններին, հոգնածությանը, ռիսկերին, Եվգենյան, այնուամենայնիվ, կարևորում է կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցությունը՝ հատկապես ուսանողական տարիներին.«Վստահ եմ՝ հետագայում կկարողանանք ավելի ճիշտ կողմնորոշվել մեր նեղ մասնագոտության ընտրության հարցում: Կարծում եմ, որ ապագա բժիշկը պետք է անցնի հիվանդանոցային գործի բոլոր օղակներով, որպեսզի նրա պատկերացումները բժշկության մասին ավելի բազմակողմանի լինեն»:
Այս դժվարին ու արտակարգ իրավիճակում կարևոր է, որպեսզի հասարակության բոլոր շերտերը համախմբված լինեն՝ աշխարհը գրաված վիրուսի դեմ պայքարում հաղթեու համար:

 Կարինե Հովհաննիսյան
3-րդ կուրս

Կիսվել