«ՈՒԶՈՒՄ ԷԻ ԼԻՆԵԼ ԱՅԴ ԵԶԱԿԻՆ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻ ԼԻՆԵԼ ԱՅԴ ԵԶԱԿԻՆ»

1651

«Զրույց առաջին կուրսեցու հետ» շարքը պատմում է ԵՊՀ-ի նորեկ ուսանողների մասին, ներկայացնում, թե ինչպիսին էր նրանց կյանքն ու առօրյան համալսարան ընդունվելուց առաջ և ինչպիսին է  հիմա:

Այս անգամ զրուցեցինք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի՝ Անահիտ Սվարյանի հետ։ Նա պատմել է մասնագիտության բարդ ընտրության, առօրյայում հանդիպող դժվարությունների, ձեռքբերումների, աշխարհի հանդեպ նոր ընկալումների մասին և ոչ միայն:

-Ի՞նչ նախասիրություններ ունեիք դպրոցական տարիքում:

-Նախքան համալսարանը էլի սիրում էի ամենանահետաքրքիրը, ամենաարդիականը, ամենամոդայիկը։ Բայց չեմ ասի, որ ուզում էի դառնալ լրագրող, որովհետև ընտրության շատ տարբերակներ ունեի, անգամ ֆիզիկա էի պարապում, որ ընդունվեի բժշկական համալսարան։ Շատ էի կարդում․ գրադարանում ինչքան գիրք կար՝ հասցրել էի կարդալ։ Դպրոցի վերջին երկու տարում նախասիրություններս արդեն մասնագիտական էին։ Սկսեցի հետևել հեռուստատեսությանը, ռադիոյին, նյութեր կարդալ, լուսանկարներ անել և այլն։

-Ինչու՞ լրագրող, ինչպե՞ս հասկացաք, որ դա ձերն է:

-Բարդ հարց է իրականում․ փոքր տարիքից ինքնամփոփ մարդ էի, չունեի շատ ընկերներ, մեկ երկուսի հետ էի շփվում կամ ուղղակի չէի շփվում։ Դրա համար մտածեցի այնպիսի տեղ սովորել, որ ընկերական շրջապատս մեծանա ու ակտիվանամ։

Մի հանգամանք էլ կար․ երբ արդեն մտածում էի լրագրող դառնալու ուղղությամբ, լսում էի շատ բացասական կարծիքներ, առաջարկում էին  ավելի լավ տեղ ընդունվել, ավելի «լուրջ» տեղ, որովհետև լրագրողի մասնագիտությունը ռիսկային է և այլն։ Ու եթե բոլորն ասում են, որ այդ բանը վտանգավոր է, լավը չէ, քեզ մոտ մեծանում է դա փորձելու ցանկությունը, և ես ուզում էի լինել այդ եզակին։

-Ուսանողական կյանքը ինչպե՞ս է փոխել ձեր առօրյան:

-Նախկինում էլի վաղ էիր արթնանում, գնում էիր դպրոց և այլն, բայց չկար այն պատասխանատվությունը, ինչը կա հիմա: Քո սնվելու, հագնվելու կամ օրդ ճիշտ կազմակերպելու համար միայն դու ես պատասխանատու։ Եթե տանը մայրիկն է քեզ ստիպում, որ հաց ուտես, գնաս քնես, այստեղ՝ դու մենակ ես ու հնարավոր է՝ ամբողջ գիշեր չքնես կամ առավոտյան ճիշտ ժամին չարթնանաս։

-Կա՞ որևէ բան, որ կփոխեիք համալսարանումդուք ինչպիսի՞ համալսարան էիք պատկերացնում:

-Անկեղծ ասած՝ համալսարան ընդունվելիս մտածում էի միայն լավ մասնագետ դառնալու մասին, իսկ խնդիրների մասին երբևէ չեմ մտածել: Իմ ֆակուլտետում հնարավոր չէ՝ դու ունենաս որևէ խնդիր,  որևէ մտահոգություն ու դրան լուծում չտրվի։  Համալսարանում ոչինչ էլ չէի փոխի, որովհետև «փոխողները» իմ փոխարեն արդեն մտածում են։ Եթե բոլորը լավ իմանան իրենց պարտականություններն ու պաշտպանեն իրենց իրավունքները, կարծում եմ՝  խնդիր չի լինի:

-Ուսանողական կյանքը ինչպե՞ս է ազդել ձեր մտածելակերպի և աշխարհայացքի վրա:

-Մի շարք դրական, ինչու չէ, նաև բացասական բնավորության գծեր եմ ձեռք բերել։ Առաջինը՝ դասերիս, դասախոսներիս հանդեպ պատասխանատվությունն է, ինչը նաև մտել է իմ կյանք։ Պատասխանատու եմ դարձել համալսարանի շնորհիվ, բայց համալսարանից դուրս (ժպտում է)։

Երկրորդը այն է, որ շատ ընկերներ եմ ձեռք բերել, և արդեն հասկանում եմ, թե որն է իսկական ընկերությունը, ինչ անես, որ չկորցնես ընկերներիդ, ինչպես լինես իսկական ընկեր, որ մարդիկ վստահեն քեզ և այլն։ Բացի այդ, երբ մասնագիտությանդ մեջ ես հմտանում, այն ևս ազդեցություն է ունենում քեզ վրա։

-Ի՞նչ սկզբունքով էր առաջնորդվում աշակերտուհի Անահիտը, և ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում ուսանողուհի Անահիտը:

-Աշակերտուհի Անահիտի համար այս սկզբունքն էր առաջատար՝ սովորել, սովորել, սովորել:

Ուսանողուհի Անահիտը մի քիչ ավելի համարձակ է և առաջնորդվում  է հետևյալ սկզբունքով՝ եթե ոչ հիմա, ապա էլ երբ՞, եթե ոչ ես, ապա էլ ո՞վ: Աշխատասիրությունն, ու հենց այս պահը գնահատելն ամենակարևորն է:

-Աշակերտուհի Անահիտի ամենասիրելի գիրքը, և ուսանողուհի Անահիտի ամենասիրելի գիրքը:

-Դպրոցում սիրում էի Րաֆֆու «Ոսկի աքաղաղ» գիրքը, հիմա սիրելի գրքեր շատ ունեմ, բայց երևի առանձնահատուկ է Հերման Հեսսեն. նրա բոլոր գրքերը շատ սիրելի են:

-Ի՞նչ գույնով էր նայում աշխարհին աշակերտուհի Անահիտը, ուսանողուհի Անահիտը լավատեսորե՞ն է մոտենում ամեն հարցի:

-Այս հարցում շատ-շատ քիչ բան է փոխվել, որովհետև վարդագույն ակնոցով չեմ նայել երբեք կյանքին, բայց հոռետեսորեն էլ չեմ վերաբերվել։ Ես ուրախ մարդ եմ եղել և հիմա էլ եմ ուրախ։

-Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

-Նախկինում,  ազատ ժամանակս նվիրում ընթերցանությանը,  կարդում էի՝  ինչ պատահի, հիմա էլ է այդպես: Միայն մի բան է ավելացել.  չկա հետաքրքիր որևէ միջոցառում, կամ հետաքրքիր սեմինար, որ բաց թողնեմ։

Քնարիկ Վարդանյան

1-ին կուրս

Կիսվել