ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԻՆՉՊԻՍԻ՞ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԻՆՉՊԻՍԻ՞ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

862

Աշխարհի տարբեր երկրներում սահմանափակումներն այդքան էլ չեն տարբերվում միմյանցից, դիմակ և ձեռնոց կրելու անհրաժեշտությունը դեռ շարունակում է  կենսունակ մնալ Հայաստանում և Հայաստանից դուրս։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում օր օրի ավելի է ուժեղացվում  համավարակի դեմ լայնամասշտաբ պայքարը։ Նոր աշխարհամասը հայտնվել է անակնկալ դժվարությունների առաջ և փորձում է իրավիճակից դուրս գալու սեփական մեթոդները մշակել։  

Նյու Յորքը շարունակում է մնալ համավարակի չխաղաղվող օջախներից մեկը՝ օվկիանոսից այն կողմ։ «Սահմանափակման խստացված ռեժիմը դեռ չի փոփոխվի»՝ այսպիսին է Միացյալ Նահանգների նախագահի տեսակետը։ Նյու Յորքում փակ են բոլոր սրճարանները, ռեստորանները և խանութները, բացառությամբ սննդի խանութների։ Տանից դուրս գալ կարելի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Գերմանիան նույնպես շարունակում է դիմակայել համավարակին։ Ճշտապահ գերմանացիները, որ կարողացան կարճ ժամանակում հաղթահարել երկրորդ համաշխարհայինի հետևանքները, կարծում են, որ դիմակայում են երրորդ համաշխարհայինին։ Արմինե Միրզոյանը 2 տարի է, ինչ բնակվում է Գերմանիայում։ Այնտեղ մեկնել էր ուսում ստանալու նպատակով, և այս տարի գարնանը պետք է վերադառնար հայրենիք։ Կորոնավիրուսի պատճառով 1 ամիս է՝ չի կարողանում վերադառնալ։  Նա պատմում է, որ թեև սահմանափակումներ կան, բայց այնուամենայնիվ մարդիկ ազատ կարողանում եմ տեղաշարժվել, ինչպես նաև զբոսնել ընտանիքի անդամների հետ միասին։ «Մարտի 16-ից Գերմանիայում որոշում էր ընդունվել՝ հնարավորինս սահմանափակել մարդկանց շփումները միմյանց հետ, ինչպես նաև նրանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Սահմանափակումները նախատեսված էին մինչև ապրիլի 20-ը, սակայն հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, սահմանափակումները երկարաձգվել են»։ Նա նշեց նաև, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ նաև մարդկանց հետևում են հեռախոսային խոսակցությունների օգնությամբ, Գերմանիայում նման միջոցառումներ անցկացնելու առաջարկ եղել է, բայց  Դաշնային արդարադատության նախարարը կտրուկ մերժել է դա։ Ինչպես գիտենք,  ՀՀ Ազգային ժողովն օրերս ընդունեց հեռախոսներով մարդկանց տեղորոշելու մասին օրենքը:

Ֆրանսիայում շարունակում է իշխող մնալ այն մտայնությունը, որ մեկ տարի առաջ Փարիզի Աստվածամոր տաճարը կլանած հրդեհը վատ իրադարձությունների նախանշան էր։ Այստեղ ևս փակ են բոլոր ռեստորանները, սրճարանները և զվարճանքի կենտրոնները։ Տանից դուրս գալ կարելի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ սնունդ ձեռք բերելու կամ կենցաղային խնդիրները կարգավորելու համար։

Բոլոր երկրները և հասարակությունները համակարծիք են․ համավարակի դեմ պայքարի լավագույն ճանապարհը կենսակերպի նոր պայմաններին հարմարվելն ու սոցիալական հեռավորություն պահպանելն է։

Մանե Մարտիրոսյան
3-րդ կուրս

Կիսվել