ՍԵՐՆ ԱՆԼԵԶՈՒ Է ԵՎ ԱՆԿՐՈՆ

ՍԵՐՆ ԱՆԼԵԶՈՒ Է ԵՎ ԱՆԿՐՈՆ

1040

Սոֆֆի Ազիզյանը 10 տարի ամուսնացած է եղել հայ տղամարդու հետ, ով իր, իր երեխայի ու անգամ իր ծնողների կյանքը դժոխքի էր վերածել։ Բաժանվելու պատճառները բազմաթիվ էին՝ հարբեցողություն, ծեծ, տնային կալանք և ստորացումներ։ Այդ ամենը տեղի էր ունենում երեխայի աչքի առաջ։

«Մինչև վերջին վայրկյանն ամեն ինչ արել եմ, որ չբաժանվենք, բայց ոչինչ չկարողացա փոխել։ Իրեն ներել եմ, ցանկանում եմ, որ կարողանա երջանիկ լինել»,– ասաց նա։
Ըստ Սոֆֆի Ազիզյանի՝ մինչև իր երկրորդ ամուսնությունը ինքը երբեք չէր մտածել խառնամուսնությունների մասին։

«Ամուսինս շոտլանդացի է, ապրում ենք Շոտլանդիայում։ Հասուն մարդ է՝ կյանքի ծանր ուղի անցած, բարի է, հոգատար, ինձ հետ շփվում է հարգանքով, ուղղակի մարդ է՝ այդ բառի բուն իմաստով։ Ընդհանուր ընկերների միջոցով ենք ծանոթացել, իրենք էին կազմակերպել մեր հանդիպումը, որից ես տեղյակ էլ չեմ եղել»,–ասաց Սոֆին։

Նա պատմեց, որ մինչև իրեն հանդիպելը, ամուսինը հայերի մասին ոչինչ չի իմացել, միայն այն, որ Հայաստանը Թուրքիայի կողքին է, իսկ հիմա հայից շատ է Հայաստանը սիրում, իր կամքով սովորում է հայերեն և խոսում է գրական հայերենով։ Ուր գնում են, բոլորին հպարտությամբ ներկայացնում է, որ իր կինը հայ է, պատմում է Հայաստանի մասին, հորդորում, որ գնան ու տեսնեն, չնայած նրան, որ ինքը դեռ չի էլ եղել Հայաստանում։ Տղամարդկանց էլ խորհուրդ է տալիս, որ անպայման հայ կնոջ հետ ամուսնանան։

Հակառակ Սոֆֆի Ազիզյանի՝ մեր անանուն զրուցակիցն ասում է, որ իրեն հավանել էր մի գերմանացի, սակայն ինքը հրաժարվեց։

«Հրաժարվելուս պատճառը նրա օտարազգի լինելն էր։ Կյանքս չէի պատկերացնում ուրիշ մենթալիտետով մարդու հետ։ Օրինակ՝ եթե սխալվես ու գերմանացուն իրենց սուրճի ժամից բացի այլ ժամի սուրճ խմելու հրավիրես, նեղանում է, ասում, որ իր առողջությանը վնասում ես։ Միգուցե իրենք են ճիշտ, բայց ինձ համար դա անսովոր է»,– պատմեց մեր անանուն զրուցակիցը։

Ըստ նրա՝ տղան գիտեր իր չամուսնանալու պատճառները և զարմանում էր, սակայն շարունակում էր հորդորել, որ ինքն ամուսնանա նրա հետ։ Այնուամենայնիվ, մեր անանուն զրուցակիցը նախընտրեց հայ տղամարդուն և գոհ է իր ընտրությունից։

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը կարծում է, որ խառնամուսնությունների խնդիրը տարբեր շերտեր ունի։ Օրինակ՝ ձուլվելու, ինքնությունը կորցնելու խնդիրը, սերնդի ինքնության, ազգային ինքնագիտակցության պահպանման խնդիրը։ Կարևոր է նաև թե, ո՞ր միտումներն են ավելի ակտիվ՝ հայ տղամարդ -օտար կին ամուսնությունը, թե՞ հայ կին-օտար տղամարդ ամուսնությունը։

«Ազգային ինքնագիտակցությունը թերևս ամենակարևորն է, եթե նույնիսկ մարդը հայերեն չի խոսում, բայց ունեցել է հաղորդակցում հայկական սովորույթներին, ծեսերիին, մշակութային ժառանգությանը, իր նախնիների՝ պապիկ-տատիկների, ծնողների ու հարազատների միջոցով, ուրեմն ինքնության շղթան չի խզվի, իսկ այլազգին կարող է լինել լավ մարդ, հումանիստ, ուրիշի մշակույթը և արժեքները գնահատող, բայց ոչ հայ։ Իր արմատներից, ինքնությունից, ազգային մշակույթից օտարված, միայն ծագումով հայը, ձուլվելով նոր մշակութային միջավայրին, ի վերջո կդառնա սոսկ այս կամ այն երկրի քաղաքացի»,– ասաց տիկին Պողոսյանը։

Ըստ նրա՝ խառնամուսնություններն այսօր մեծ տոկոս չեն կազմում, աճի միտումներ չունեն, ուստի կարելի է դրանց հանգիստ վերաբերել։ Ազգագրական, էթնոսոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր էլ հայ ծնողները նախընտրում  կամ ցանկանում են, որ իրենց զավակները ամուսնանան հայի հետ։ Նույնիսկ այլ երկրներում ծնված, մեծացած, կրթություն ստացած 3-րդ, 4-րդ սերունդները, հայտնվելով հայկական միջավայրում, ուշագրավ կերպով
վերազարթոնք ու կարոտաբաղձություն են դրսևորում և, մեկ անգամ լինելով Հայաստանում, անվերադարձ կապվում են ու միշտ ցանկանում վերադառնալ։ Միգուցե հենց դա է արյան կամ գենի կանչը։

«Ես չեմ կիսում  այն մարդկանց տեսակետները, ովքեր քամահրանքով, ատելությամբ են վերաբերում ամեն օտարին, սակայն չեմ հարգում նաև նրանց, ովքեր չեն գնահատում իրենցը, ազգայինը, հայկականը։ Երկու դեպքում էլ ծայրահեղություն է, խտրականություն։ Սեփական արժեքների նկատմամբ մերժողական վերաբերմունքը , անհանդուրժողականությունը ևս խտրականության դրսևորում է։ Ես սիրով եմ ընդունում տարբեր էթնիկ ընդհանրությունների ՝ տեղաբնիկների մշակութային առանձնահատկությունները, դրանով հանդերձ սիրում եմ սեփականը, ազգայինը։ Մինչև չգնահատես սեփականը, չես կարողանա արժևորել օտարինը։ Այդ վերաբերմունքը մենք-նրանք, յուրային-օտար երկբևեռ օպոզիցիայի դասական դրսևորում է»,– իր խոսքը եզրափակեց ազգագրագետը։

Տեր Եսայի քահանա Արթենյանն ասում է, որ իրենք սովորաբար ավելի խրախուսում են, որ հայը հայի հետ ամուսնանա, բայց եկեղեցին նաև չի արգելում, որ որևէ մեկը ամուսնանա օտարի հետ, քանի որ յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ, սակայն եկեղեցում օրհնություն ստանալու համար կա մեկ պայման։

«Որպեսզի օտար դավանանքին պատկանող մարդը պսակադրվի հայ առաքելական եկեղեցում, պետք է լինի քրիստոնյա և հայ առաքելական եկեղեցու զավակ՝ այսինքն մկրտված լինի հայ առաքելական եկեղեցում, որպեսզի պսակադրություն իրականացվի։ Այլադավան մարդուն մեր եկեղեցում պսակադրելու համար մկրտելը պարտադիր է, իսկ եթե անձը կաթոլիկ կամ ուղղափառ եկեղեցու հետևորդ է, պսակադրություն կատարում ենք առանց մկրտելու»,– նշեց քահանան։

Հոգեբան Անուշ Կարապետյանն ասում է, որ կարող են տարբեր պատճառներ լինել այլազգի կողակից ընտրելու համար՝ սեփական ազգային սովորույթներն ու մենթալիտետը չընդունելը, առաջադեմ հայացքներին հարելը, որոնք օտար են անձին, արտասահմանում սովորելը, փոքրուց արտերկրում ապրելը և այլն։

Մասնագետը նշում է, որ ամեն դեպքում գոյություն ունեն որոշակի էթնիկ հոգեբանական առանձնահատկություններ(սովորույթներ, բարքեր, ազատության մասին ընմալումներ, սահմաններ, կրոն, պատկերացումներ կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին, արժեհամակարգ, բաժանության պատճառների մասին պատկերացումներ), որոնք որոշ դեպքերում կարող են խանգարել։ Սակայն սրանք միշտ չէ, որ խանգարում են, քանի որ ամեն ինչ կախված է կոնկրետ անձից, նրա հոգեբանական ճկունությունից, նորը ընդունելու պատրաստակամությունից և այլ հանգամանքներից։

Հոգեբանից փորձեցինք ճշտել նաև, թե ո՞րն է պատճառը, որ քննադատությունների կիզակետում հիմնականում կանայք են, ինչու՞ է մեր հասարակության հիմնական մասը բացասաբար վերաբերվում հենց կանանց՝ այլազգիների հետ ամուսնությանը։

Ըստ մասնագետի՝ հայ հասարակության մեջ կա ձևավորված մի կարծիք, որ հասարակության, գենի կրողն ու շարունակողը տղամարդն է, եթե նա նույնիսկ այլազգի կնոջ է ընտրում, այդ կինը նպաստում է տղամարդու գենի շարունակմանը, իսկ կնոջ դեպքում՝ հակառակը:

«Բացի այդ, նման հարցերում կանայք միշտ էլ ավելի շատ են քննադատվել, քան տղամարդիկ: Գուցե նաև մարդիկ արդեն սովորել են, որ տղամարդիկ մեկնում են արտերկիր և էնտեղ ընտանիք են ստեղծում, իսկ կանանց պարագայում դա ավելի քիչ է, հետևաբար՝ ավելի անսպասելի: Երիտասարդները, ովքեր էնտեղ են մեծացել, շատ ավելի հեշտ են նայում խառնամուսնություններին, քանի որ նրանց միջև տարբերություններն արդեն շատ ավելի հարթված են»,– ասաց հոգեբանը:

Ըստ Անուշ Կարապետյանի՝ որոշ դեպքերում( օրինակ Քանյե Ուեսթի դեպքում) մարդկանց մոտ սկսում է զարթնել շահի գործոնը։ Նրանք չեն քննադատում՝ ելնելով տվյալ անձի ունեցած սոցիալական դիրքից, հանրաճանաչությունից և այլն:

«Մարդկանց բացասական վերաբերմունքը խառնամուսնությունների նկատմամբ նույնպես կարող է լինել տարբեր պատճառներով՝ մեկի մոտ ընդգծված ազգայնամոլության պատճառով, մյուսի մոտ պահպանողական հայացքների, կարծրատիպերի պատճառով, մեկ ուրիշն էլ հենց ինքն է ցանկացել այդ քայլն անել, և քանի որ իր մոտ չի ստացվել, որպես պաշտպանողական մեխանիզմ փնովում է նման ընտրությունը, սակայն պետք չէ ինչ-որ մեկի բացասական տեսակետը «բուժել»: Բավական կլինի միայն այն, որ յուրաքանչյուրը հետևի իր սրտի թելադրանքին և անի էնպես, ինչպես ճիշտ է համարում․ այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: Քանի դեռ կան մարդիկ, ովքեր կախված են այդ կարծիքներից, այդ կարծիքները կշարունակեն լինել ու պարտադրել»,– իր խոսքը եզրափակեց մասնագետը։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել