Քսանութամյա Մարիամն ամեն անգամ ասում է` այ հիմա իսկապես վերջինն է, վե՛րջ գնումներին, բայց, րոպեներ անց, հերթական խանութի ցուցափեղկին նայելիս, մոռանում է ինքն իրեն տված խոստման մասին. «Ես կրկին սպասում եմ հերթական աշխատավարձիս, շունչս կտրվում է. գրեթե երկու ամիս գնումների չեմ գնացել»: Մարիամն իսկական շոպոհոլիկ է, և «Շոպոհոլիկ» ֆիլմը դիտելուն պես` անմիջապես կարող ենք պատկերացնել Մարիամի մոլուցքն առ գնումներ:
«Գնումներ կատարելն, իսկապես, ինձ մոտ հիվանդագին մի երևույթ է, այն թմրանյութի պես կախվածության մեջ է գցել ինձ: Ամուսինս էլ արդեն գիտի, որ աշխատանքից դատարկաձեռն երբևէ տուն չեմ վերադառնում, և դա ոչ թե անհրաժեշտ մթերք է, կամ տան համար մեկ այլ բան, այլ, ինչպես ամուսինս է նշում, անպետք մի իր, կամ իր, որից ես շատ ունեմ: Ամեն անգամ աշխատանքից տուն վերադառնալիս թաքցնում եմ ձեռքիս տոպրակները, որ ամուսինս չտեսնի, կրկին չվիճենք»:
Մարիամի մոտ գնումներ կատարելու մոլուցքը դեռևս իր դեռահասության տարիքից էր, սակայն, քանի որ այդ ժամանակ չէր աշխատում և չուներ սեփական բյուջե, չէր կարողանում իրեն թույլ տալ հաճախ գնումներ կատարել:
«Ես հաճույք եմ ստանում գնումներ կատարելու ընթացքից, կապ չունի այդ իրից ունեմ, թե, ոչ կամ այդ իրն ինձ իսկապես պետք է, թե, ոչ: Ես գնում եմ, այո, ագահաբար գնում, և յուրաքանչյուր հերթական գնումից հետո, ինքս ինձ խոստանում, որ կզսպեմ ինձ, և ամեն անպիտան իրի վրա գումար չեմ ծախսի, սակայն կրկին չի ստացվում»:
Մարիամը նաև նշեց, որ ամուսինն իրեն կես կատակ և կես լուրջ ասում է, որ առանձին մի բնակարան է անհրաժեշտ վարձել` Մարիամի իրերը տեղավորելու համար:
Զրուցեցինք նաև Մարիամի մտերիմ ընկերուհու հետ, ով մշտապես նրա հետ գնում է գնումների, նա նախընտրեց մնալ անանուն.
«Մարիամն ունիկալ է, երբեմն նրան ասում եմ` Մա՛ր, ե՞րբ ես հասցնելու այս ամենը կրել, նա պատասխանում է` հագուստը երբեք քիչ չի լինում, բայց, երբ դուրս ենք գալիս հերթական գնումների, արդեն գիտեմ` ինչ արդարացում պիտի հնչեցնի`ախր ոչինչ չունեմ հագնելու: Բայց նա ոչ միայն հագուստ է գնում, այլ անիմաստ իրեր, որոնք դժվար թե նրան պետք գան երբևէ»:
Մարիամի ընկերուհին բազմիցս է փորձել համոզել նրան` գնալ հոգեբանի մոտ, սակայն նրան դեռևս չի հաջողվել.
«Քանի որ միասին ենք գնում գնումների, և ես, իսկապես նկատում եմ, որ գնումներ եմ կատարում չափի մեջ, առանց չարաշահելու, և նաև հստակ գիտեմ` ինձ ինչ է հարկավոր, ապա Մարիամի պարագայում կարող եմ ասել, որ նա անգիտակցաբար է գնումներ կատարում, նա իսկապես շոպոհոլիկ է, և ես մի օր անգամ իրեն ստիպեցի դիտել «Շոպոհոլիկ» ֆիլմը, սակայն կրկին՝ ապարդյուն: Կարծում եմ` հոգեբանի մոտ գնալը լավագույն տարբերակը կլինի»:
Մարիամն այն անձանցից է, ով տառապում է օնիոմանիայով` շոպոհոլիզմ, որն էլ իր հերթին կախվածությունն է գնումներ կատարելու ընթացքից: Այն առևտուր է հանուն առևտրի: Գրեթե բոլորը սիրում են գնումներ կատարել` նոր իրեր ձեռք բերելու նպատակով, կամ հերթական սեզոնային զգեստապահարանը թարմացնելու նպատակով: Իսկ շոպոհոլիկներն այն անձինք են, ովքեր, իսկապես, անկառավարելի են դառնում գնումներ անելիս, կապ չունի`ինչ իր են գնում, նրանց հաճույք է պատճառում գնումներ կատարելու անհագ պրոցեսը:
Օնիոմանիա երևույթն առավել պատկերավոր և մասանգիտորեն մեկնաբանեց ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոս, հոգեբան Լիանա Սարգսյանը: Հոգեբանը նշեց, որ օնիոմանիան հոգեբանության մեջ սահմանվում է որպես ինչ-որ բան գնելու անորոշ ցանկություն, առանց դրա անհրաժեշտության` պարազպես հենց գնումներ կատարելու ընթացքից հաճույք ստանալու համար.
«Առհասարակ, օնիոմանիա երևույթը նկարագրելիս օգտագործվում են տարբեր տերմիններ, այն անվանում են նաև շոպոհոլիզմ, գնումներ կատարելու գործընթացի կախվածություն, կոմպուլսիվ սպառում, այսինքն` գնումների հարկադրված, կպչուն կատարումը: Օնիոմանիայում կարևորվում է հենց գնումներ կատարելու գործընթացը: Մի շարք մասնագետներ գտնում են, որ շոպոհոլիզմը պետք է դիտարկել առանձին»:
Հոգեբանը նաև նշեց, որ բացի հոգեկան առանձին խանգարում լինելուց, օնիոմանիան հաճախ զուգակցվում է նաև հոգեկանի այլ (տրամադրության, տագնապայնության, սննդային վարքի) խանգարումների հետ, որոնց զուգահեռ էլ կարող է հանդես գալ:
Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ մարդը տառապում է օնիոմանիայով և այդ երևույթն իր մոտ առկա է. չէ՞ որ միայն գնումներ կատարել սիրելը դեռ չի փաստում շոպոհոլիկ լիենելու մասին: Հոգեբանը նշեց` որոնք են շոպոհոլիզմի հիմնական ախտանշանները.
- Գնումների գերագնահատումը, երբ մարդը չափից շատ մտահոգված է լինում այդ պրոցեսով:
- Գործողության կատարումից հետո հյուծվածության կամ դիսթրեսի զգացում է ապրում:
- Գնումներով անընդհատ տարված լինելը, ինչպես նաև մշտապես չբավարվածության վիճակի մեջ լինելը:
- Գնումների պրոցեսն իրականացվում է հաճույքի համար, բայց ավարտից հետո վերանում է այդ հաճույքի զգացումը և մարդը կրկին, նոր ապրանքներ գնելու ցանկության հաճույքի առջև է կանգնում:
Հոգեբանը խոսեց նաև օնիոմանիայի առաջացման պատճառներից, որոնք բազմազան են և տարբեր.
«Օնիոմանիան կարող է պայմանավորված լինել ցածր ինքնագնահատականի խնդիրներով, երբ մարդիկ փորձում են տարբեր ապրանքներ գնելով կարգավորել իրենց ինքնագնահատականը, կարող է պայմանավորված լինել հուզական ոլորտի խնդիրներով և այլ մարդկանց կողմից ընդունված լինելու հանգամանքով». նշեց հոգեբանը:
Լիանա Սարգսյանը անդրադարձավ նաև մեր ներկայիս կենսագործունեության սոցիալական պայմաններին, որոնք ևս կարևոր դեր են խաղում շոպոհոլիզմի ձևավորման համար.
«Մարդկանց անընդհատ ուղերձներ են տրվում, որպեսզի վերջիններս գնումներ կատարեն, և մարդիկ անընդհատ դրանք տեսնում և լսում են, հատկապես ներկայիս պայմաններում, երբ ինտերնետային գնումների տարբեր հարթակներ հեշտ հասանելի են մարդկանց մեծամասնությանը, նաև կրեդիտային քարտերը, որոնք նույնպես ստիպում են մարդկանց չկանխամտածված և անտեղի գնումներ կատարել, այսինքն՝ պատճառները կարող են լինել և՛ անձնային և՛ սոցիալական պայմաններով պայմանավորված:
Մեր մյուս զրուցակիցը, ով խնդրեց մնալ անանուն, երկու տարի առաջ դիմել է հոգեբանին` զերբազատվելու օնիոմանիայից.
«Ես անգամ ամաչում եմ խոսել երկու տարի առաջվա ԵՍ-իս մասին, քանի որ դարձել էի անվերահսկելի. ծնողներս ասում էին` եթե չզսպեմ ինձ և չդադարեմ անիմաստ գնումներ կատարել, ապա երես կդարձնեն ինձնից».
Մեր զրուցակիցը journalist.am-ի հետ զրույցում, նշեց, որ անգամ թաքուն տանից գումար էր վերցնում և գնում խանութներով.
«Ծնողներս զգում էին, որ ընտանեկան բյուջեից պարբերաբար գումար է պակասում, բայց նրանք լռում էին, քանի որ մտածում էին, որ կհասկանամ սխալս և կձերբազատվեմ այդ մոլուցքից: Մի քանի անգամ ինձ հետ զրուցեցին, ինքս ինձ խոստացա, որ վերջ, սակայն գնումներ կատարելն իսկապես ինձ համար թմրանյութ օգտագործելու պես կախվածություն էր դարձել․ ես ինքս ինձ չէի կարողանում կառավարել յուրաքանչյուր անգամ խանութ մտնելիս»:
Նա իր ծնողների հորդորով դիմեց հոգեբանին և նշեց, որ իր մոտ այժմ ամեն բան կարգավորվել է.
«Ծնողներս ինձ տարան հոգեբանի մոտ, սկզբում զգում էի, որ անարդյունավետ է, սակայն հոգեբանական կուրսեր անցնելիս մի կարևոր բան նշմարեցի ինքս ինձ համար, որ եթե դու չդադարես գիտակցել` ինչումն է խնդիրը և իսկապես սկսես յուրաքանչյուր խնդրին նայել դիմացինի տեսանկյունից, ապա, միանշանակ, կհաղթահարես այն: Ես իսկապես երջանիկ եմ և երախտապարտ ծնողներից, որ կարողացա կամքի ուժ գտնել իմ մեջ, գնալ հոգեբանի մոտ և ձերբազատվել խնդրից: Այժմ ես կատարում եմ միայն խելամիտ գնումներ` տնօրինելով գումարս և ժամանակս»:
Հոգեբան Լիանա Սարգսյանը նշեց, թե ինչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել գնումներ կատարելու անվերահսկելի գործընթացը, նա նշեց, որ օնիոմանայի բացասական հետևանքները տեղի են ունենում մարդու կյանքի տարբեր ոլորտներում` ներառյալ ֆինանսական, ընտանեկան, միջանձնային հարաբերություններ նաև աշխատանքային գործունեության ոլորտներում.
«Բացի այդ, խնդիրներ կարող են առաջանալ նաև օրենսդրական դաշտում՝ օրենքի հետ, քանի որ գնումներ կատարելու համար անհրաժեշտ գումարի բացակայության պայմաններում կարող են դրսևորվել վարքի բացասական, օրինախախտ ձևեր` գողություն, գումարի պարտավորություններ, պարտքեր, մարդը լրացուցիչ գործողություններ է անում՝ հաճախ օրինախախտ, որպեսզի ունենա գումար՝ իր պահանջմունքը բավարարելու համար»:
Հոգեբանը նշեց նաև, որ դեղորայքային բուժումն այդքան էլ արդյունավետ չի համարվում տվյալ խնդրի դեպքում.
«Հոգեբանական աշխատանքը արդյունավետ է և կիրառվում է միջազգային պրակտիկայում, խնդրի վերացումը կապված է սեփական խնդրի գիտակցման հետ, շատ հետազոտություններում նշվում է, որ արդյունավետ է կոգնիտիվ վարքաբանական թերապիայի դերը, որը թերապիայի առանձին ուղղություն է հոգեբանության մեջ և նաև խմբային թերապիայի դերը` աշխատանքային արդյունավետությունը, որոնք էլ մեծամասամբ հանգեցնում են դրական փոփոխությունների»:
Մերի Ալոյան
2-րդ կուրս