Մարտի տասնվեցին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն և սահմանվեցին տեղաշարժի և գործունեության սահմանափակումներ, որոնք շրջադարձային էին նաև ինձ համար։
Ողջույն, ես Լաուրան եմ, սովորում եմ ԵՊՀ-֊ում, աշխատում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
Ուզում եմ պատմել՝ ինչպես եմ համատեղում հեռավար դասերն ու աշխատանքը։
Ես էլ շատերի նման չէի պատերացնում, որ ինչ-որ մի չորեքշաբթի կլինի վերջին օրը, որ կգնամ համալսարան, ու հինգշաբթին էլ կլինի իմ վերջին ոչ աշխատանքայինը, որից կուրախանամ։ Կյանքի շրջադարձային փուլերը սկսում են առանց մեզ հարցնելու՝ հը՞ն, կուզե՞ս փոփոխություն։
Երբևիցե չէի պատկերացնի, որ մի օր զուգահեռ անգլերենի դաս կպատասխանեմ ու կմասնակցեմ աշխատանքային ժողովի, կամ հենց աշխատանքի կլինեմ։ Ու ես՝ էքստրովերտս, երկու ամսում դարձա խիստ ինտրովերտ ու արդեն տանից դուրս գալիս, հաջորդ րոպեին մտածում եմ, թե երբ եմ գնալու տուն։
«Առանց դեպրեսիաների ու սթրեսների»․ ես ինձ սփոփում էի առաջին մի շաբաթը, որից հետո այս ամենի մեջ մի քանի լավ կողմ գտա․ համալսարանի բոլոր դասերին մասնակցեցի, կարգապահություն ձևավորեցի ու սկսեցի համակարգել աշխատանքային ընթացքը, դասերի ընթացքը, ընդհանուր ժողովները, խիստ սահմանափակումների ընթացքում անգամ տարեդարձս նշեցի և վերջապես հասկացա, որ անելիքները պլանավորելը թերևս լավագույն բաներից է, որը կարող է այս պայմաններում մեզ մոտիվացնել։ Ամեն երեկո պլանավորում եմ հաջորդ օրվա անելիքներս՝ ըստ կարևորության և ըստ ժամերի։ Հաճելի պահն այս ամենի մեջ՝ յուրաքանչյուր անելիքից հետո «պլյուս» դնելն է։
Հոգեբան Սոնա Սիմոնյանի խոսքերով՝ կարգապահության ձևավորումը հաճախ կախված է լինում հենց կյանքի շրջադարձային փոփոխություններից, երբ դու ժամանակի կորստի վախ ես ունենում։ Եվ իսկապես, ինձ մոտ ժամանակն անիմաստ վատնելու վախ կար հենց արտակարգ դրության սկզբից, երբ գիտակցեցի, որ լիարժեք չէի գնահատում «ազատությունս»։
Ս․ Սիմոնյանը նշում է նաև, որ այժմ շատ նպաստավոր պայմաններ են դեպրեսիաների և սթրեսների համար, իսկ հոգեպես ավելի կայուն մնալու համար խորհուրդ է տալիս նոր զբաղմունքներ գտնել, տանը զբաղվել սիրած աշխատանքով, դիտել ավելի զվարճալի ֆիլմեր և սովորել նոր բաներ՝ զերծ մնալով ամենօրյա լրահոսից, որը կարող է տրամադրության անկման պատճառ դառնալ և ավելորդ անգամ հիշեցնել, թե ինչու ենք մենք այժմ տանը։
Արտակարգ դրության սկզբին բավական արագ կողմնորոշվեցի և գտա մի շարք օնլայն դասընթացներ՝ արտասահմանյան լավագույն համալսարաններից, որոնք անգամ տրամադրում էին անվճար վկայական, որը հավաստում էր դասընթացի մասնակցությունը և իմ գրանցած արդյունքը։ Պահը բաց չթողեցի և մի քանի նոր ոլորտներում ինձ փորձեցի։
Պահը բաց չթողնելու լավ օրինակ է իմ գործընկեր և իմ ավագ ընկեր Մարգարիտա Բադալյանը։ Մարգարիտան ինձ հետ աշխատում է Թումոյում, երկուսս էլ տեղեկատուի համակարգողներ ենք։ Մարգարիտան հասցրել է ավարտել երկու համալսարան՝ ֆրանսիական համալսարանը Հայաստանում և իսպանականը՝ Բարսելոնայում, հմտացած է իրավունքի ոլորտում։ Իսկ հիմա ասեմ, թե ինչու էի ասում՝ պահը բաց չի թողել․ այն որ նա հեռավար աշխատանքին զուգընթաց անգլերեն է պարապում՝ մի տեղ կարելի է հասկանալ, բայց որ կարանտինային օրերին հեռավար ընդունվեց իրավունքի ոլորտի ամերիկյան լավագույն բուհերից մեկը՝ «University of Pepperdine», դա արդեն աննախադեպ էր։
Իսկ ես ասեմ, որ անհամբեր այլևս ոչնչի չեմ սպասում, համակարգում եմ միայն մոտակա օրերը, տեղի ունեցող իրադարձություններն էլ ևս մեկ անգամ սովորեցրին, որ այսօրվա գործը վաղվան չթողնեմ։
Լաուրա Մանուկյան
3-րդ կուրս