ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ՁԵՎ ՉԵՆՔ ՆԿԱՐՈՒՄ, ՄԵՆՔ ՊԱՏԿԵՐԸ...

ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ՁԵՎ ՉԵՆՔ ՆԿԱՐՈՒՄ, ՄԵՆՔ ՊԱՏԿԵՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԱՅԼ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

2066

Հարցազրույց օպերատոր Միլենա Պողոսովայի հետ

-Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը հեռուստատեսություն:

– Առաջին մասնագիտությամբ լրագրող եմ: Մուտքս հեռուստատեսություն եղել է   «Ա1+»-ում  ուսանելու տարիներին, որտեղ մասնակցել եմ  լրագրողական-օպերատորական դասընթացների: Չնայած, որ միշտ սիրել եմ նկարներ անել և մեծ սեր եմ ունեցել տեխնիկայի հանդեպ, բայց ստացվեց այնպես, որ առաջին մասնագիտությամբ դարձա լրագրող: Սկսել եմ աշխատել Աշտարակ ԹիՎի-ում՝ որպես լրագրող: Այդ ժամանակ  ունեի  մի հրաշալի օպերատոր, ով հիմա Հայաստանում չէ: Նա Աշտարակ թիվիից տեղափոխվեց  ուրիշ հեռուստաընկերություն, իսկ  ես  այդ ժամանակ տեսախցիկը  վերցրի ձեռքս և սկսեցի նկարել: Փախչում էի դասերից,  նստում էի տղաների հետ և սովորում օպերատորություն: Հետո  Աշտարակ թիվին փակվեց, ինչից հետո, մոտ մեկ տարի աշխատում էի ուրիշ ոլորտում, մինչև բացվեց Ալմ հեռուստաընկերությունը: Այդ ժամանակ  ասացի,  որ  ցանկանում եմ աշխատել որպես օպերատոր, ու Տիգրան Կարապետյանը ինձ ուղարկեց օպերատորների մոտ, ինչն էլ զարմացրեց նրանց: Ես անցա պրակտիկա և ընդունվեցի աշխատանքի: Մոտ մեկ տարի աշխատելուց հետո՝ դարձա լրատվական դաշտի օպերատոր, որովհետև հենց սկզբից ես եղել եմ լրատվական դաշտի լրագրող-օպերատոր: Հետո ես հասկացա, որ իմ սիրած գործը օպերատորական աշխատանքն է:

-Որպես օպերատոր, ի՞նչ դժվարություններ եք ունենում աշխատանքի ընթացքում:

Դժվարը եղել է սկզբում, երբ  լրատվական դաշտում ես միակ կին օպերատորն էի: Դժվար էր ստիպել տղաներին, որ ինձ հավատան և ընդունեն, չնայած ես չեմ համարում, որ  օպերատորությունը  միայն տղամարդու աշխատանք է: Եղել են մարդիկ, ովքեր փորձել են խանգարել ինձ, բայց որոշ ժամանակ անց՝ մենք դարձել ենք ընկերներ։ Եղել են տղաներ, ովքեր միանգամից ընդունել են ինձ, որոնցից մեկը Հունանյան Արթուրն է: Չնայած այս ամենին, մեզ մոտ կարծիք կա, որ կինը կարող է թույլ լինել: Այսքան տարվա աշխատանքից հետո, ես ձեռք եմ բերել այն վստահությունը, համոզմունքը, որ կինը կարող է  աշխատել որպես օպերատոր: Այլ երկրների օպերատորները հենց ինձ տեսնում են դաշտում, միանգամից հարցնում են՝ ծանր չէ՞, դժվար չէ՞, սիրո՞վ եմ անում,  իսկ ես պատասխանում եմ, եթե չսիրեի՝ չէի անի: Եղել են կին օպերատորներ, ովքեր հիմա դաշտում չեն աշխատում:

– Ձեր աշխատանքային պրակտիկայից, կարո՞ղ եք որևէ հետաքրքիր դեպք պատմել:

Մի անգամ գնացել էինք Նոյեմբերյան: Ճանապարհին տեսանք  փոքր մատուռ, որի մոտ  ոչ ոք չի կարող կանգնել՝ հակառակորդի կողմից արձակվող կրակոցների պատճառով։ Ես ու իմ վարորդը տեղյակ չէինք այդ մասին: Ես վերցրի  տեսախցիկս և գնացի դեպի եկեղեցին: Ես գնացի՝ մտածելով, որ այնտեղ երևի ադրբեջանական գյուղ է եղել, որովհետև տները ամբողջովին քանդված էին: Մտա ներս և սկսեցի նկարել: Առաջինը՝  միանգամից նկատեցի գետնի աղբը, և աչքերս բարձրացնելով վերև՝ տեսա, որ  վերևում ոչ թե կախված է լուսամփոփ, այլ դրա փոխարեն չղջիկներ էին: Սկսեցի  նկարել։ Չէի լսում ոչ մի բան: Հետո  զգացի, որ ուսիս  խփեցին և ասացին, դուք այստեղ ի՞նչ եք անում: Ես շրջվեցի ու տեսա երկու  հայ զինվոր, ֆորմայով, զենքով, ինձ ասացին, որ տեսախցիկի օբեկտիվը մեծ է ու փայլուն, ինչը հակառակորդի կողմից ընկալվում է որպես  ավտոմատ: Երբ ես դուրս եկա այդ տարածքից, երկու զինվորները քայլում էին իմ  ետևից, որ ինձ պաշտպանեին: Զինվորները մեզ ասացին, որ արագ հեռանանք, և ոչ մի դեպքում այստեղ չկանգնեք: Ես բերեցի այդ կադրերը, և  դրանք եթեր են գնացին։ Սա եղել է ինձ համար ամենահիշարժան դեպքը: Այդպիսի դեպքեր շատ են եղել, բայց ես դրանք արել եմ արդեն մտածված:

-Աշխատանքի ընթացքում տարաձայնություններ շա՞տ են լինում:

 -Դա կախված է մարդուց․ ես փորձում եմ  աշխատել լրագրողի հետ: Երբ լրագրողը սկսնակ է դաշտում, ես օգնում եմ նրան, որովհետև երբ գալիս են նոր լրագրողներ, ես հիշում եմ ինձ:  Լրատվադաշտում երբեմն լինում են տարաձայնություններ։ Փորձում եմ հասկանալ լրագրողին, օգնել, ինչը երևի գալիս եմ իմ՝ լրագրողի մասնագիտությունից: Կա կարծրատիպ, որ կին օպերատորը այլ կերպ է նկարում: Մենք ուրիշ ձև չենք նկարում,  մենք պատկերը տեսնում ենք  այլ տեսանկյունից:

Մանե Փիլիպոսյան
5-րդ կուրս

Կիսվել