Գոյություն ունի օջիբվական ( օջիբվե՝ հյուսիս- ամերիկյան հնկացիական ցեղ) մի գեղեցիկ լեգենդ առեղծվածային մայր Սարդ-կնոջ մասին, ով ցեղի հոգևոր պաշտպանն էր: Նա խնամում էր հատկապես նորածիններին և երեխաներին: Երբ օջիբվա ցեղը սկսեց աճել և տարածվել ամբողջ երկրում, Սարդ-կնոջ համար դժվարացավ պաշտպանել և հսկել ցեղի բոլոր անդամներին, քանի որ նրանք քոչում էին ավելի հեռուները: Այսպիսով, նա ստեղծեց առաջին «երազ որսացողը»՝ պաշտպանելու իր ցեղակիցներին: Օջիբվական բառը երազ որսացողի համար նշանակում է «սարդ»՝ կապված թալիսմանի շրջանակը ծածկող ցանցի հետ: Մայրերն ու տատիկները, հետևելով Սարդ-կնոջ օրինակին, վերստեղծեցին իրենց ընտանքիներին պաշտպանող մայրական հուշանվեր-թալիսմանը:
Այսօր որոշ երկրներում շարունակում են պահպանել ավանդույթը՝ պատրաստելով հատուկ թալիսմաններ, որոնք նախատեսված են երազներից և մղձավանջներից պաշտպանելու քնած մարդկանց, հատկապես՝ երեխաներին:
«Երազ որսացողներ» պատրաստող Բրեթ Միմբսը Չիկագոյից և Սարա Բոսկոլոն Իտալիայից պատմել են դրանց ստեղծման մասին:
-Ո՞րն է երազի` Ձեր սահմանումը։
Բրեթ Միմբս – Երազները երևակայության և վախերի համադրություն են, որոնք արտահայտում են ենթագիտակցության միջոցով։ Բայց ես կարծում եմ, որ երազն ամենախոր ու թաքուն ցանկությունն է։
Սարա Բոսկոլո – Թաքնված երազանքներն արտացոլվում են երազներում, կամ մարդը երազում փախչում է իրականությունից, առօրյա կյանքից, որը նրան դուր չի գալիս։ Երազը անասելի ցանկությունն է, որը կառավարվում է տիեզերքից։
-Իրականանու՞մ են արդյոք երազները։
Բրեթ Միմբս – Ես հավատում եմ, որ երազներն իրականում են։ Մարդու միտքն այնքան հզոր է, որ նա կարող է ստեղծել երազներ և դրանք վերածել իրականության։
Սարա Բոսկոլո – Ես չգիտեմ երազներն իրականում են, թե՞ ոչ, բայց, եթե մարդը որևէ բան ի սրտե ցանկանում է և հավատում դրան, ապա այն մոտենում է իրականությանը։
–Ի՞նչ է «երազ որսացողը», ի՞նչ է այն խորհրդանշում։
Բրեթ Միմբս – Երազ որսացողը սուրբ իր է, որն ի սկզբանե ստեղծվել է ամերիկյան բնիկ ցեղերի կողմից։ Դրանք «որսում են» բացասական էներգիան և թույլ են տալիս, որ միայն դրական էներգիան կլանվի։ Դրանք հարկավոր է կախել մահճակալի գլխավերևում, և վատ երազները կորսվեն, իսկ դրականները կանցնեն ցանցի միջով։
Սարա Բոսկոլո – Երազ որսացողները հաջողակ թալիսմաններ են։ Դրանք երջանկություն են հաղորդում։ Օղակը նշանակում է անսահմանություն, ցանցը կապում է մարդուն երկնքի հետ, իսկ փետուրները վանում են բացասական էներգիան։
-Ինչպե՞ս եք դրանք պատրաստում։ Գույները ի՞նչ նշանակություն ունեն։
Բրեթ Միմբս – Դրանք պատրաստում եմ հյուսելով և հանգուցելով թելերը կաղապարի օղակի վրա` կցելով ուլունքներ, փետուրներ և դեկորատիվ պարագաներ։
Սարա Բոսկոլո – Իմ ամենօրյա հույզերը ես ներդնում եմ իմ աշխատանքներում։ Ես սկսում եմ հյուսել թելերը և բնություն դնում դրանց մեջ։ Ամեն գույն ունի իր նշանակությունը` հույս, ուրախություն, կիրք, սեր, հանգստություն, թեթևություն։
-Դրանք հատուկ ձև ունե՞ն, թե՞ ամեն ինչ կախված է պատրաստողից։
Բրեթ Միմբս – Իմ բոլոր գործերը տարբեր են և կախված են նրանից, թե այդ պահին ինչ եմ զգում։ Դրանք պատրաստելիս ես թույլ եմ տալիս, որ իմ ստեղծարար էներգիան սավառնի։ Ես միշտ վստահում եմ իմ բնազդին, երբ ստեղծագործում եմ։
Սարա Բոսկոլո – Հստակ դիզայն չունեմ։ Երբ ես սկսում եմ, աշխատանքիս արդյունքը միշտ անակնկալ է լինում ինձ համար։ Ես հետևում եմ իմ նրբազգացողությանը։
Լիլիթ Հովսեփյան
3-րդ կուրս