ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ ԿԼԻՆԻ
Նորայր Հակոբյանը զբոսավար է, արդեն 3 տարի է՝ զբոսաշրջության ոլորտում է աշխատում։ Մարտ ամսից՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, չի աշխատում։ Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ է տուժել։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել էր Հայաստանի տնտեսության կարևոր ուղղություն։ Նկատի ունենալով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների աճող հետաքրքրությունն ու այցելուների թվի դինամիկ աճը՝ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մշակել էր Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը: Նախատեսված նպատակներն էին՝ Հայաստան այցելուների թվի ավելացումը և ներքին զբոսաշրջության խթանումը, զբոսաշրջային առաջարկների բազմազանեցումը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայնումը, Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարաձգումը և ծախսի հնարավորությունների ընդլայնումը, ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքի բարելավումը, զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդումը:
Զբոսաշրջության կայուն զարգացման այս փաստաթղթով նախատեսվում էր միջազգային այցելությունների տարեկան 10% միջին աճի ապահովում, զբոսաշրջության մասնաբաժնի ավելացում ՀՆԱ-ում, ոլորտի ներդրումը ընդհանուր զբաղվածության մեջ մինչև 2030 թվականը հասցնել 130.647 աշխատատեղի:
Ազգային Վիճակագրական Կոմիտեի տվյալների համաձայն` 2019 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7%-ով: 2018-ին այցելել է 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ: 2017-ի համեմատ ցուցնաիշն աճել է 11%-ով: 2017-ին՝ 1 մլն 494 հազար 779 զբոսաշրջիկ: 2016-ի համեմատ աճել է 18,7%-ով:
Ըստ Վիճակագրության կոմիտեի տրամադրած տվյալների՝ զբոսաշրջության ոլորտի տարբեր ծառայությունների գործունեության տեսակների կշիռները Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ում 2018 թվականին կազմել է 0.6% , իսկ 2019 թվականին՝ 0.8%:
2018-ի դրությամբ` Հայաստանում գործում էր 652 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ՝ հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ և այլն։ 2018 թվականին բոլոր օբյեկտների հասույթը ընդհանուր կազմել է 34.5 մլրդ դրամ։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ զբոսաշրջության ոլորտում ներգրավված վարձու աշխատողների թիվը 2019 թվականին կազմել է 8857, իսկ 2020 թվականի փետրվարի դրությամբ՝ 8977:
Սակայն կորոնավիրուսի համավարակը կարող է խափանել տուրիզմի ոլորտի զարգացման այս ծրագիրը առաջիկա մի քանի տարվա կտրվածքով: Տուրիզմը համավարակից ամենից շատ տուժած ոլորտն է, որովհետև փակվել են երկրների միջև սահմանները, չեղարկվել՝ ավիափոխադրումները, արգելվել մարդկանց տեղաշարժը:
Մենք փորձել ենք պարզել, թե ինչպես են ստեղծված իրավիճակին դիմակայում տուրիզմի ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպություններ և անհատներ՝ տուրիստական գործակալություններ, ավիափոխադրումներ իրականացնողներ, հյուրանոցներ/հյուրատներ, ռեստորաններ և զբոսավարներ:
Նորայր Հակոբյանը որպես զբոսավար աշխատում է «Ախթամար տուր» ընկերությունում, այցեր է կազմակերպում Արևմտյան Հայաստան, նախորդ տարի բացել է իր սեփական գործակալությունը՝ «Արմենիա Գոու Տուր»-ը, որպեսզի օգնի բացահայտել Հայաստանը։ Ասում է՝ Հայաստանը պետք է լեռների մեջ փնտրել, այս տարվա համար մեծ ծրագրեր ուներ, բայց համավարակը խափանեց դրանք։
Իր խոսքով՝ փետրվար ամսից գրեթե ամեն օր ամրագրումներ ուներ մարտ ամսվա համար։ Երբ մարտի 1-ին գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, որոշ հաճախորդներ սկսեցին չեղարկել ամրագրումները, իսկ հետո, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, մատնվեցին հարկադիր պարապուրդի։
«Այս պահին փաստացի մնացել եմ առանց աշխատանքի, ինչպես և իմ պես շատ զբոսավարներ։ Որպեսզի ժամանակս անիմաստ չանցնի, սոցցանցերում իմ էջն եմ փորձում ակտիվ պահել, մարդկանց ֆեյսբուքյան տարբեր խմբերում ծանոթացնում եմ իմ գործունեության հետ»,-ասում է նա։
Նորայրի խոսքով՝ պետությունը պետք է ուշադրություն դարձնի ոլորտին, սատարի, քանի որ հակառակ դեպքում զբոսաշրջությունը մեծ վնասներ կկրի։
«Միանվագ օգնությունը, որ ստացել ենք պետության կողմից, իհարկե, ողջունելի է, բայց պետք է հաշվի առնել, որ տնտեսության մյուս ճյուղերը՝ առևտուր, ռեստորանային բիզնես, այսօր մասամբ աշխատում է, հետևաբար նրանք ավելի շուտ կարող են վերականգնվել, զբոսաշրջության ոլորտին կառավարությունը պետք է ավելի շատ օժանդակի»,- ասում է զբոսավարը։
Եթե համաճարակային իրավիճակը շարունակվի, ոլորտի աշխատակիցները, ըստ Նորայրի, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել. «Ցանկացած մարդ ուզում է զբաղվել այն գործով, որը նրան եկամուտ կբերի, կկարողանա հոգալ իր կարիքները, եթե ոլորտի աշխատակիցները երկար ժամանակ չաշխատեն, մնան առանց գումարի, ստիպված կլինեն այլ ոլորտներում աշխատանք փնտրել, իսկ դրանից կտուժի զբոսաշրջությունը»։
Նորայրի կարծիքով` համաճարակից հետո մարդիկ կսկսեն նախապատվությունը տալ քայլարշավներին, հիմա նոր ուղղություններ է նախագծում քայլարշավներ կազմակերպելու համար։
Հյուրատներում սպասում են սահմանների բացմանը՝ հույսով, որ ամռանը հյուրեր կունենան
Երևանի կենտրոնում գտնվող Crystal հոսթելում զբոսաշրջիկներ կան, որոնք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, չեն կարողանում վերադառնալ իրենց երկրներ։ Հոսթելի տնօրեն Խորեն Իգիթխանյանը նշեց, որ ներկա պահին հոսթելը գոյատևում է փոխադարձ զիջումների միջոցով. «Ներկա պահին վարձատուի ըմբռնման շնորհիվ շարունակում ենք աշխատել։ Վարձը իջեցվել է, նման կերպ կոմունալներով դուրս ենք գալիս։ Ունենք արտասահմանցի մի քանի հյուրեր, որոնք չեն կարողանում վերադառնալ, իրենց տված վարձերով աշխատում ենք, ինչպես մյուսները»։
Հոսթելի տնօրենը իրենց հետագա ծրագրերի վերաբերյալ նշեց, որ ամեն բան կախված է տվյալ պահի իրավիճակից. «Ամառվա հետ կապված բոլորն էլ ծրագրեր ունեն սովորաբար, բայց պետք է սպասել, որ ամեն բան կարգավորվի։ Հույս ունենք, որ ամռանը սահմանները կբացվեն ու նորից կկարողանանք հյուրեր ընդունել արտերկրից»։
«Lovely Hotel in center»-ը կարանտինի օրերին փակ է եղել։
«Ես պատրաստվում եմ վերաբացել հյուրանոցը մոտակա օրերին։ Կարանտինը մտցվելու պահին հյուրանոցը չի աշխատել, փակ է եղել, բայց քանի որ օրենքի սահմաններում արդեն թույլատրվում է բացել և աշխատել, մենք վերաբացվում ենք»,- նշեց հյուրանոցի տնօրեն Սյուզաննա Գևորգյանը:
Կառավարության աջակցության ծրագրից Սյուզաննա Գևորգյանն օգտվել է:
«Մենք օգտվել ենք միջոցառումներից, և գումարի կեսը փոխանցվել է աշխատակիցներին, հույս ունեմ՝ մոտակա ժամանակահատվածում կստանանք նաև մյուս մասը»,- ասաց տնօրենը:
«Center Hoste»-ը կարանտինի ժամանակ աշխատել է, բայց նոր այցելուներ չի ունեցել: «Կարանտինի օրերին մենք բաց ենք եղել, բայց ունեցել ենք ընդամենը 2 հոգի, որոնք բնակվել են, նրանք արդեն 7-8 ամիս է, ինչ բնակվում են հոսթելում, բայց նոր այցելուներ չենք ունեցել»,- նշում է հոսթելի տնօրեն Գրիշա Ավանեսյանը:
Նրա հավաստմամբ՝ կարանտինի ընթացքում աշխատակազմի որևէ կրճատում չեն ունեցել և օգտվել են կառավարության աջակցության միջոցառումներից:
«Մենք օգտվել ենք երկու միջոցառումից՝ 5-րդ և 8-րդ, մեր աշխատակիցներն են գումար ստացել, և մենք կարանտինի օրերին ոչ մեկի չենք կրճատել, հիմա նույնպես բոլորն աշխատում են, նաև կազմակերպությանն է գումար փոխանցվել միջոցառումների շրջանակներում»,- նշեց Գրիշա Ավանեսյանը:
Զբոսաշրջության ոլորտին կառավարությունը պետք է ավելի շատ օժանդակի
«Vardan travel» տուրիստական գործակալությունը տուրիզմի շուկայում է արդեն երկու տարի։ Գործակալությունը ունի յոթ աշխատակից։ Մենեջեր և փոխտնօրեն Մաշա Սարգսյանը տեղեկացրեց, որ գրասենյակը փակվել է մարտի 13-ից։ Թեև մարտին չեն աշխատել, սակայն աշխատակիցները ստացել են աշխատավարձ։
«Այս պահին ունենք երկու պլանավորված խմբային ճանապարհորդություններ հուլիս և օգոստոս ամիսներին՝ Իսրայել և Արցախ, որոնց տոմսերն ամբողջությամբ վաճառված են»,-ասաց փոխտնօրենը։
Արդյո՞ք գնային փոփոխություններ կլինեն՝ կապված արտակարգ դրության հետ, Մաշա Սարգսյանն ասաց, որ նոր ավիատոմսերի և փաթեթների արժեքներ չկան.
«Երբ գործակալությունն անցնի բնականոն աշխատանքի, իհարկե, սկզբում մարդկանց համար դժվար կլինի ճանապարհորդել։ Ամբողջ ամառ գործակալությունը կազմակերպելու է ճանապարհորդություններ դեպի Արցախ, Վրաստան, Սյունիքի մարզ և այլն, այնպես որ լավ օրեր և հանգիստ կարելի է անցկացնել»։
«Դուբայ Թրավել»-ի աշխատակցի խոսքով, ով չցանկացավ նշել իր անունը, բնականոն աշխատանքը խաթարվեց փետրվարի կեսերից, քանի որ շատերը խուսափում էին գալ աշխատանքի: Նրանք չէին էլ պատկերացնում, որ կարող է ամիսներով չաշխատեն: Ներկա պահին տնից կատարում են միայն մինչ այս արված ամրագրումների չեղարկումները: Սկզբում հաճախորդներ եղել են, սակայն ժամանակի հետ նվազել են: Շատերի մոտ ամրագրման ժամանակն է եղել, սակայն վախեցել են և չեղարկել: Իսկ ամառվա համար ավելի շատ հարցումներ են ունեցել:
Տուրիստական գործակալության 5 աշխատողներից 2-ը մեկ ամսով գնացել են արձակուրդ, իսկ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ոչ մեկը չի աշխատել:
Աշխատանքի կազմակերպումն էլ անորոշ է, ասում է` թեկուզ արտակարգ դրությունը վերացվի, մեկ է, մարդիկ կվախենան ճամփորդել: Կառավարության կողմից ստացել են երկու ամսվա աշխատավարձի աջակցություն:
«Կապան տուր» տուրիստական գործակալության գրասենյակը անվտանգության նկատառումներով ավելի վաղ էր փակվել, քան երկրում արտակարգ դրություն հայտարարելը:
Գործակալության տնօրեն Աննա Իսավերդյանն ասում է, որ վերջին անգամ ուղևորափոխադրում կատարել են մեկ ամիս առաջ: Այս պահին նրանց բեռնափոխադրող մեքենաներից մեկը հայ-վրացական սահմանի փակման պատճառով չի հասցրել գալ: Տնօրենի խոսքով՝ գործակալությունը ֆինանսական մեծ կորուստներ է կրում: Քանի որ 2019-ի 4-րդ եռամսյակի իրենց գործունեության գերակշռող մասը հյուրանոցների ամրագրումն էր, հաշվետվություն են ներկայացրել որպես ֆինանսական միջնորդական գործունեություն, եւ դրա պատճառով աջակցության ոչ մի ծրագրից չեն կարողացել օգտվել, սակայն հարկային պարտավորությունները և կոմունալ ծախսերը ստիպված էին վճարել:
Համավարակը մեծապես ազդել է զբոսաշրջային և առողջարանային քաղաքների վրա
Դիլիջանը հայտնի է որպես զբոսաշրջային քաղաք, և բնակչության զբաղվածությունը հիմնականում այս ոլորտում գործող ընկերություններն են ապահովում։ Կորոնավիրուսի համավարակը մեծ ազդեցություն է թողել քաղաքի վրա:
Դիլիջանի գործող սրճարաններից մեկը Cafe#2-ն է, որի հաճախորդները հիմնականում զբոսաշրջիկներն էին: Սրճարանի մենեջեր Անգին Մարտիրոսյանը մեզ պատմեց սրճարանի ներկա վիճակի և խնդիրների մասին․
«Իհարկե, սրճարանի վրա էլ է ազդել կորոնավիրուսը, քանի որ լինելով հանրային սննդի օբյեկտ՝ մենք նույնպես փակ ենք եղել այս օրերին, ինչպես մնացած սրճարաններն ու ռեստորանները: Մենք ստիպված էինք կիսով չափ կրճատել մեր աշխատակիցների քանակը, քանի որ կարծում ենք, որ այս տարի սրճարանը լիարժեք գործունեություն չի ծավալի՝ ինչպես անցած տարիներին:
Բարեբախտաբար, օգտվել ենք կառավարության աջակցության ծրագրերից, դա շատ մեծ ուշադրության ու հոգատարության նշան էր ժողովրդին և հիշեցում, որ նրանք մենակ չեն»,- ասաց Անգին Մարտիրոսյանը:
Դեռ պարզ չէ, թե ինչ փոփոխություններ կկատարվեն սրճարանում ամռան սեզոնին ընդառաջ, բայց, Անգինի խոսքով, փորձելու են ամեն ինչ պահել այնպես, ինչպես եղել է. «Կարծում եմ, երբ սկսենք աշխատել, արդեն պարզ կլինի, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել: Հուսով եմ՝ այս անհասկանալի իրավիճակը շուտով կվերջանա, և մենք բոլորս կվերադառնանք մեր նախկին առօրյային։ Բայց պետք է համբերությամբ զինվենք և տեսնենք, թե ինչ է լինելու վաղը, միգուցե լինի ավելի լավ, քան մինչ այդ»:
«Թավա» եւ «Լոշ» սրճարանների մասին պատմեց մենեջեր Գոռ Սողոմոնյանը. «Մեր թիմն արտակարգ դրությունից տասն օր հետո որոշեց աշխատել առաքման տարբերակով: Թիմի մի մասն աշխատում է Երևանում՝ հատուկ կազմված առաքման ճաշացանկով, մյուս մասը՝ Դիլիջանում: Աշխատակիցները հարկադիր արձակուրդում են: Նրանից ոչ բոլորն են օգտվել կառավարության աջակցության ծրագրից (8-րդ), քանի որ ունենք աշխատակիցներ, ովքեր քաղիրավական պայմանագրով գրանցված աշխատակիցներ են: Ռեստորանների հետագա ճակատագիրը դեռ պարզ չէ: Մենք սպասում ենք արտակարգ դրության ավարտին և հիմնադրի՝ Վարդա Ավետիսյանի վերադարձին, որպեսզի թիմով հասկանանք՝ ինչպես ենք դիմակայելու արդեն առկա մարտահրավերներին»:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է․ «Զբոսաշրջությունն ամենից շատն է տուժել, գրեթե մեկ տարուց ավել պետք կլինի, որ ոլորտը սկսի վերականգնվել, այս տարի զբոսաշրջիկների հոսքի պակաս կլինի, իսկ սա տնտեսության այս ճյուղի համար մեծ խոչընդոտ է։ Ամենացավալին այն է, որ չենք կարող կանխատեսել, թե մինչև երբ կշարունակվի այս ամենը»։
Ապրեսյանի խոսքով՝ կառավարության հետ մշտապես քննարկումների մեջ են ոլորտի աշխատանքները կարգավորելու, օժադակություն ցուցաբերելու ու զբոսաշրջության ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար։
Անյա Սարկիսովա, Անի Վաթինյան, Անի Տոնոյան, Էլենիտա Սարգսյան, Թերեզա Հովհաննիսյան, Սառա Ցականյան, Սոնա Սողոմոնյան, Սուսաննա Քթոյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս