ԵԹԵ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆ ՄՏՆԻ ԱՌՑԱՆՑ ՏԻՐՈՒՅԹ, ՈՉ ԹԵ ԴՊՐՈՑ

ԵԹԵ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆ ՄՏՆԻ ԱՌՑԱՆՑ ՏԻՐՈՒՅԹ, ՈՉ ԹԵ ԴՊՐՈՑ

1529

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուն զուգահեռ երկրում կրթական գործընթացը սկսեց կազմակերպվել հեռավար կերպով։ Ավարտին է մոտենում 2019-2020 ուսումնական տարին։ Արդյո՞ք հաջորդ ուսումնական տարվա ընթացքում ևս դասերը կշարունակվեն հեռավար կերպով։ Իրենց մտահոգություններն են հայտնում այն ծնողները, որոնց երեխաներն այս տարի հաճախելու են առաջին դասարան։

Շուշանիկը, ում որդին այս տարի գնալու է առաջին դասարան, մասնագիտությամբ մանկավարժ է և աշխատում է զարգացման կենտրոնում։ Նրա կարծիքով՝ հեռավար կրթությանը ցանկացած երեխա շատ դժվար է ինտեգրվելու։ «Առաջին դասարանում երեխան ծանոթանում է դպրոցին, հասկանում է ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները։ Կարծում եմ՝ այստեղ ավելի կարևոր է միջավայրի ընկալումը, քան առաջին դասարանում տրվող գիտելիքները։ Վերջիվերջո տառեր ու թվեր բոլոր ծնողներն էլ կարող են սովորեցնել, սա չէ առաջնայինը»,- նշեց Շուշանիկը։ Նրա խոսքով՝ երեխաների հոգևոր ու ֆիզիկական առողջությունն առաջնային է, պետք է լավ կշռադատել և որոշում կայացնել։

Աննան էլ  հարց է տալիս՝ երեխա կա՝ գրիչ բռնել չգիտի, ե՞րբ է հասկանալու՝ ինչ է դպրոցը։ «Աղջիկս առաջին դասարան է գնալու, ես շատ մտահոգված եմ։ Չեմ պատկերացնում՝ ինչպես են մասնիկ գրելու, թիմային աշխատանք անելու»,- տարակուսում էր Աննան։

Արմենը Ռուսաստանից վերադարձել է, որ իր երեխան կրթություն ստանա Հայաստանում։ «Չեմ կարծում՝ այս պայմաններում երեխաս լավ կրթություն կստանա: Կրթական համակարգն էլ քիչ-քիչ լճանում է։ Իմ և կնոջս մտքով անցել է այս տարի որդուս չուղարկել դպրոց, բայց մի կողմից էլ մտահոգ եմ հետագայում զինակոչի հարցերով»,- ընդգծեց Արմենը։

Կարինեն էլ, հակառակ այս կարծիքների, վստահ է, որ այսօր էլ շատ երեխաներ երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ։ Մի ժամ էլ կարող են դասերին տրամադրել։ Ուղղակի հայրեիս բնորոշ գիծ է անընդհատ անհանգստանալը։

Մենք զրուցեցինք տասը ծնողների հետ: Նրանցից վեցն արդեն որոշել են, որ եթե հեռավար կրթությունը շարունակվի, երեխաներին դպրոց չեն տանելու։

Փորձեցինք տեսնել խնդիրը նաև կրթական գործընթացի մյուս բևեռից. ի՞նչ են մտածում ուսուցիչները:

Դասվար Ս․ Եղոյանն այս տարի առաջին դասանցիների դասվար է լինելու։ Նա ասաց, որ չի պատկերացնում առաջին դասարանում առցանց դասերը։ Նշեց նաև, որ ինքն էլ է շատերից լսել՝ եթե օնլայն դասերը շարունակվեն, երեխաներին չեն տանի դպրոց։ «Հեռավար կրթության մասին իմ կարծիքը մնում է անփոփոխ. այն չի արդարացնում իրեն, չի տալիս բավարար գիտելիքներ: Հատկապես առաջին դասարանում այս ամենն անհեթեթություն է»,-ասաց ուսուցչուհին։ Ս․ Եղոյանի դիտարկմամբ՝ առաջին անգամ դպրոց մտնելիս երեխան պետք է հոգեբանորեն հարմարվի նոր միջավայրին, իսկ ուսուցիչը մեծ ազդեցություն է թողնում երեխայի անհատականության վրա։ Առցանց դասերի դեպքում առաջին դասարանցին չի էլ հարմարվի։

Դասվար Մելինե Պապայանի կարծիքով ևս ոչինչ չի կարող փոխարինել կենդանի շփմանը։ Սակայն դիմելով բոլոր ծնողներին՝ նա հորդորում է վստահել դասվարներին, և նրանք կանեն ամեն բան։

Հոգեբան Աննա Սիմոնյանը ևս դեմ է առաջին դասարանում հեռավար կրթություն կազմակերպելուն։ Նրա խոսքով՝ դասարանում նստելն արդեն երեխային տրամադրում է դասին, իսկ տանը դա ոչ մի կերպ չի ստացվում։ «Ցանկացած ծնողի ու երեխայի համար կարևոր իրադարձություն է երեխայի դպրոց մտնելը։ Եկեք պատկերացնենք. դպրոցում ծանոթանալու և ընկերների հետ շփվելու փոխարեն միացնում ես համակարգիչը և ծանոթացնում՝ նրանք քո դասընկերներն են, իսկ նա՝ քո դասվարը»,- ասաց հոգեբանը։

Նյարդաբան Հայկ Դավթյանը վստահ է՝ ապագան ավելի է ազդելու երեխայի ներաշխարհի վրա։ «Հեռավար կրթությունն ավարտվեց, և երեխան մտնում է դպրոց։ Մինչ այդ նրանք միմյանց հետ շփվել են առցանց տիրույթում, իսկ հիմա՝ իրական։ Երեխայի մոտ շփոթմունք է առաջանալու իրականի և անիրականի միջև»,- նշեց նյարդաբանը։

Հարցի շուրջ զրուցեինք նաև կրթության փորձագետ Լիլիթ Մկրտչյանի հետ։ Փորձագետը նշեց, որ այս պահին նախարարությունը հայտարարություն չի արել, որ սեպտեմբերից կրթությունը հեռավար է լինելու: Հատկապես կրտսեր դպրոցի սաների համար փնտրում են դասարանային՝ դեմ առ դեմ կրթությունը կազմակերպելու ելքեր: Հեռավար կրթության կանցնեն միայն խիստ անհրաժետության դեպքում:  «Առաջին դասարանցիների համար, բնականաբար, հեռավար կրթությունը՝ կրթության լավագույն տարբերակը չէ: Եվ այդ տարիքի երեխաներին արգելվում է երկար նստել համակարգչի առջև: Դրանից բացի՝ դպրոցը լուծում է նաև աշակերտի սոցիալականացման խնդիրը: Աշակերտները պետք է միմյանց հետ շփվեն՝ զարգացնելով տարաբնույթ հմտություններ: Մի կողմից՝ առողջությունն ամենից կարևորն է, մյուս կողմից՝ չենք կարող մարդուն զրկել սովորելու իրավունքից»,- ընդգծեց փորձագետը։

Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ եթե հանկարծ շարունակվի հեռավար կրթությունը, սեպտեմբերից անհրաժեշտ կլինի բեռնաթափել ծրագիրը 1/3-ի չափով և շաբաթը մեկ կամ երկու անգամ կազմակերպել հանդիպումներ՝ պարարտ հող ստեղծելով հետագայում ուսումնառության բնականոն ընթացքի համար: Բայց ոչինչ չանելուն էլ կողմ չէ, թեև առողջությունն ամենից կարևորն է:

Շողեր Կակոյան
2-րդ կուրս

Կիսվել