ՊԱՇՏԱՄՈՒ՞ՆՔ, ԹԵ՞ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏԱՄՈՒ՞ՆՔ, ԹԵ՞ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

1191

Հնագույն քաղաքակրթություններում, հատկապես՝ բազմաստվածության ժամանակներում և հեթանոսական կրոններում, տարածված էին մարդանման, բայց վերերկրային, տիեզերական ինչ- որ տարօրինակ էակների արձանիկներ կամ քանդակներ, որոնք կոչվում էին կուռքեր: Դրանք մարմնավորում կամ փոխարինում էին աստծուն, իրենց վրա էին վերցնում գերմարդկային գործառույթներ, նրանց կուրորեն հավատում էին և երկրպագում:

 Կուռք բառն այսօր փոքր-ինչ փոխել է իր էությունը, բայց իմաստը նույնն է: Այսօրվա կուռքերը մարդիկ են, որոնք վայելում են փառք և հեղինակություն՝ հայտնի երգիչներ, դերասաններ, մարզիկներ, քաղաքական գործիչներ կամ պարզապես մարդիկ, որոնք հայտնի են սոցիալական հարթակներում:

Ներկայումս մարդկանց, որոնք տարված են «կռապաշտությամբ», անվանում են ֆանատիկներ, իսկ երևույթը՝ ֆանատիզմ կամ մոլեռանդություն:

Հոգեբան Էլոննա Ավետյանի պարզաբանմամբ` ֆանատիզմը կայուն, անվերապահորեն հավատն ու վստահությունն է  սեփական կարծիքի նկատմամբ։ Ֆանատիզմով տառապող մարդիկ ամեն գնով պնդում են իրենց համոզմունքները և կարող են անգամ ագրեսիվ վարք ցուցաբերել ընդհուպ մինչև վեճի բռնվել  նրանց հետ, ովքեր հակառակ հայացքներ են արտահայտում։ Այս մարդկանց մոտ երբեմն բացակայում է առողջ քննադատությունը սեփական համոզմունքների նկատմամբ։ Այս դեպքում նրանց վարքում դրսևորվում է սոցիալական նորմատիվների խախտում։ Պարզ ասած՝ ֆանատիզմը անձի, երևույթի, գաղափարի, տեսակետի կամ համոզմունքի նկատմամբ կույր հավատն է, դրա պաշտամունքը չափից դուրս մոլեգնությամբ։

Ֆանատիզմը հիմնականում բնորոշ է դեռահասներին, որոնք իրենց կուռքին իդեալականացնում են, աստվածացնում ու սկսում պաշտել ու երկրպագել նրան։

Հոգեբանի պնդմամբ՝ ֆանատիզմով տառապող մարդիկ հետաքրքրությամբ կամ սիրով են տարված միայն իրենց պաշտելի անձի կամ բնագավառի նկատմամբ։ Ցանկացած անհաջողությունները շատ ծանր են տանում, և կարող են նույնիսկ լուրջ կորուստներ կրել։ Իրենք մեկ այլ անձի կամ թեմայի մասին չեն մտածում, բացի նրանից, որով տարված են, և այս դեպքում նրանց հետաքրքրության շրջանակը զգալի նեղանում է։ Իրենց կուռքի հասցեին ասված վիրավորական կամ բացասական խոսքը կարող է հասցնել տվյալ մարդու հետ վիճաբանության կամ նույնիսկ հարաբերությունների խզման։

Բարսելոնա ֆուտբոլային ակումբի ու մասնավորապես՝ Մեսսի մոլի երկրպագու է ուսանող  Էլեն Սարգսյանը: Էլենը հավաստիացնում է, որ ինքը ֆանատիզմով չի տառապում։ Նա Մեսսիին չի համարում  կուռք, քանի որ նրա կարծիքով այս տերմինը սխալ է ընկալվում։ Մեսսին Էլենի համար կյանքում հաջողության հասնելու լավագույն օրինակն է։ Քսանամյա աղջիկը նշում է, որ տարիներ առաջ ֆուտբոլը մոլուցքի պես մի բան էր իր համար։  Նա շատ էմոցիոնալ ու դյուրագրգիռ էր դառնում, երբ հարցը սիրելի ակումբին էր վերաբերում, բայց այսօր ուղղակի սիրում է հետևել խաղերին, ուրախանալ կամ տխրել իր սիրելի ակումբի հետ։

Պաշտամունքը շատ հաճախ վերածվում է կախվածության ու նույնիսկ հիվանդության: Գոյություն ունի հայտնի մարդկանց երկրպագության սինդրոմ` մոլուցքային կախվածություն, որի ժամանակ մարդը չափազանց շատ է ներգրավվում հայտնի անձի անձնական և մասնագիտական կյանքի մանրամասների մեջ։ Այդ մարդիկ հիմնականում հայտնի դեմքեր են հեռուստատեսությունից, շոու բիզնեսից կամ քաղաքական ոլորտից։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է «Դեյլի Մեյլ» ամսագրի լրագրող  Ջեյմս Չիփմանը, որը լուսաբանում էր «Նյարդային և հոգեկան հիվանդություն» ամսագրում լույս տեսած ուսումնասիրությունը` «Հայտնի մարդկանց երկրպագության և վերաբերմունքի կլինիկական մեկնաբանությունը» խորագրով։ Չիփմանը նման սինդրոմով տառապող մարդկանց դրսևորած պահվածքը անվանում էր «խելագար կովի հիվանդություն»։ Սա գլխուղեղի մահացու դեգեներատիվ հիվանդություն է, որի վաղ ախտանիշներից են հիշողության հետ կապված խնդիրները, վարքի փոփոխությունները, վատ կողմնորոշումը և տեսողական խնդիրները։ Ավելի ուշ դիտվում են թուլամտություն, ոչ կամային շարժումներ, կուրություն, թուլություն։

Ֆանատիզմով տառապող մարդիկ ամեն ինչի պատրաստ են՝ իրենց կուռքի ուշադրությունը գրավելու համար` հավանական ու նույնիսկ ամենաանհավանական քայլերի։ Կուռքին անունով, ոճով, դաջվածքներով նմանակելուց մինչև կուռքին արտաքնապես նմանվելու համար պլաստիկ վիրավիրահություններ  ու ամուսնություն  ստվարաթղթե մանեկենի հետ, թաքնված տեսախցիկներից, անդադար զանգերից ու հետապնդումներից մինչև սպառնալիքներ ու նույնիսկ առևանգում։

Եթե մշակույթի և սպորտի բնագավառի մարդիկ իրենց գործունեության ընթացքում ինքնըստիքյան ձեռք էին բերում երկրպագուներ, ապա կան մարդիկ (մասնավորապես՝ քաղաքական ոլորտի), որոնք հատուկ միջոցներ, քայլեր էին ձեռնարկում պաշտամունքի օբյեկտ դառնալու համար՝ թեկուզ պարտադրված կերպով: Այս երևույթը կոչվեց անձի պաշտամունք: Անձի պաշտամունքի դեպքում երկրի վարչակարգը կամ  անհատը օգտագործում է շողոքորթություն, քարոզչություն, սուտ հայրենասիրություն կամ  կազմակերպված ցույցեր ու հանրահավաքներ՝ կերտելու իդեալական, հերոսական առաջնորդի կերպար: Տերմինը առաջին անգամ հայտնվել է անգլերենում 1800- 1850 թթ.- ին ֆրանսիական և գերմանական գործածությունների հետ մեկտեղ: Սկզբում այն չուներ քաղաքական բովանդակություն, փոխարենը կապված էր ռոմանտիկ հանճարի պաշտամունքի հետ: Արտահայտության քաղաքական օգտագործումն առաջին անգամ տեղի ունեցավ Կարլ Մարքսի կողմից գերմանացի քաղաքական գործիչ Վիլհելմ Բլոսին ուղղված նամակում 1877 թ.-ին:

Հավատը չպետք է վերածվի մոլագարության, քանզի ամեն ինչ ունի իր սահմանը: «Քեզ համար կուռք չշինես, կամ որևէ բանի կերպարանք, որ երկնքում է, երկրի վրա կամ ջրերի մեջ։ Նրանց առաջ չխոնարհվես ու չծառայես նրանց (Աստվածաշունչը, Ելք 20։ 3,4)»։

Լիլիթ Հովսեփյան
3-րդ կուրս

Կիսվել