ՌԴ-ՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ

ՌԴ-ՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ

1077

COVID-19 համավարակի տարածման պատճառով ամբողջ աշխարհում հաստատվել է արտակարգ դրություն. սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, փակվել են սրճարանները, ժամանցի ու զարգացման կենտրոնները, իսկ կրթությունը տեղափոխվել է առցանց տիրույթ։ Եթե Հայաստանում ու Ռուսաստանում սա նորություն էր ու մի փոքր էլ շոկային, ապա Եվրոպայում ու Ամերիկայում կրթության այս ձևը օգտագործվում է տարիներ շարունակ։

Ֆրանսիայի  Saint-Étienne քաղաքում բնակվող, քաղաքի հիմնական քոլեջում սովորող Անժելա Աբրահամյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Ֆրանսիայում արտակարգ ռեժիմն ուսումնական հաստատություններում մեծ փոփոխություններ չառաջացրեց։ Մեզ մոտ յուրաքանչյուր դպրոց ունի իր կայքէջը, որտեղ ամեն դասից հետո դասախոսը նշում էր տնային հանձնարարությունների մասին, ուղարկում էր դասի համար անհրաժեշտ գրականությունն ու նյութերը։ Հիմա էլի նույն ձևով են տրվում հանձնարարությունները, պարզապես փոխվել է ստուգման կարգը. առաջ դիտողություններն ու ուղղորդումներն արվում էին լսարանում, հիմա՝ տեսաքննարկման տարբերակով։ Ի դեպ, Հայաստանում տարածված «Zoom» հավելվածը չի գործում, օգտվում ենք քոլեջի կամ դպրոցների ստեղծած կայքէջերից»:

Այս տարի Անժելա Աբրահամյանն ավարտում է քոլեջն ու պատրաստվում ընդունվել բուհ։ Սեպտեմբերից արդեն սկսել էր  պատրաստվել քննություններին, բայց համաճարակի պատճառով համալսարանական ընդունելության ու դպրոցի ավարտական քննությունները չեղարկվեցին. աշակերտները բուհ են ընդունվելու ուսումնական տարվա առաջին կիսամյակի գնահատականների արդյունքներով. «Զրոյացվելու են հունվար ամսից ստացած մեր բոլոր գնահատականները, հիմնվելու են առաջին կիսամյակի քննությունների արդյունքների վրա, որոնցով էլ կարող ենք ընդունվել համալսարան։ Այս փոփոխության շնորհիվ շատ աշակերտներ, որոնք ուսումը շարունակելու միտք չունեին, հնարավորություն ստացան առանց քննություն հանձնելու ընդունվել համալսարան»:

ԱՄՆ-ում կրթական համակարգը նույնպես շատ փոփություններ չի կրել։ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի համայնքային քոլեջում սովորող Աննա Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեզ համար նորություն չէր օնլայն համակարգի անցնելը. մեզ մոտ այն վաղուց էր գործում, քանի որ մեր նահանգում՝ Կալիֆորնիայում, աշակերտների մեծամասնությունն աշխատում է, դրա համար էլ ավագ դպրոցներում ու քոլեջներում հենց այդ տարբերակով է անցկացվում ուսումնական պրոցեսը։ Հիմնականում աշխատում ենք «Canvas» ծրագրով, որը նախատեսված է քոլեջների համար։ Այս ծրագրում դրվում են դասախոսությունները, հանձնարարությունները, անհատական աշխատանքները, անգամ քննությունները։ Մեզ մոտ քնությունները չեն հետաձգվել, որովհետև յուրաքանչյուր ուսանողի համար հատկացված են հստակ ժամեր, որոնք խախտել հնարավոր չէ»։ Աննա նշեց, որ տեխնիկայի բացակայության խնդրի առաջ ևս չեն կանգնել, ու նահանգում ամեն բան արվում է, որ ուսանողն իրեն լավ զգա. «Ովքեր չունեն համակարգիչ, հեռախոս կամ անհրաժեշտ տեխնիկա ու միջոցներ դասերին մասնակցելու համար, ստանում են քոլեջի աջակցությունը. տնօրինությունը կամ գումարով է ապահովում, կամ տրամադրում է անհրաժեշտ տեխնիկա։ Իսկ ինչ վերաբերվում է ծանրաբեռնվածությանը, կասեմ, որ այն նվազել է։ Հիմա ավելի շատ ենք ունենում ազատ ժամանակ մեր հոբբիներով զբաղվելու համար։ Դասախոսներն ընդառաջում են, և ուսումնական գործընթացն ավելի հաճելի ու օգտակար են դարձնում՝ ստեղծելով դրական միջավայր»:

Իրավիճակը մի փոքր այլ է Ռուսաստանի Դաշնությունում։ Առցանց դասապրոցեսը շոկային էր ոչ միայն աշակերտերի, այլև ուսուցիչների համար։ Այս հարթակում երբեմն թուլանում է ուսուցչական անձնակազմի զգոնությունն, ու ամբողջ պատասխանատվությունը մնում է աշակերտի ուսերին։ ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքի հիմնական դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արուսիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ. «Առցանց դասընթացներն ինձ համար այդքան էլ շահավետ չեն։ Ուսուցիչները երբեմն առանց նյութը մանրամասնելու տալիս են հանձնարարություններ։ Ունենք ուսուցիչներ, որոնց հետ վիդեոտարբերակով մինչև այսօր կապի դուրս չենք եկել։ Հիմանականում օգտվում ենք «Zoom»-ից և «Skype»-ից». ուսուցիչները մանրամասնում են նյութը, իսկ տնային հանձնարարությունները կատարում ենք ու ուղարկում իրենց էլեկտրոնային հասցեներին»:

Ռուսաստանում թեև հանվել են ստուգողական աշխատանքները, բայց գնահատվում են աշակերտների կատարած տնային աշխատանքները, մեծացել է հանձնարարությունների թիվն, ու սովորելը դարձել է ավելի դժվար: Այս առիթով Արուսիկն ասաց. «Մեզ համար նորություն էր այն, որ պատմողական բոլոր դասերը համառոտագրում, նկարում և ուղարկում ենք ուսուցիչներին։ Աշխատանքը շատ է, բայց ոգևորող հանգամանք ևս կա. գնահատվում ենք արդարացի»:

Արուսիկը նաև զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով։ Նա ըմբիշ է, ու համաճարակի պատճառով ամենաշատը տուժել են իր պարապմունքներն ու մարզումները։ Նա նշեց. «Շատ եմ կարոտել սպորտի դպրոցս, մարզիչիս։ Պարապմունքները հետաձվել են, մրցումներ կային, որոնց պետք է մասնակցեի, բայց չեղարկվել են ու երևի այս տարի էլ չկայանան։ Մենք մեր ուժերով փորձում ենք տանը պահել սպորտային կեցվածքն ու ապրելակերպը»:

Տարբեր երկրներում ուսումնական գործընթացն անցկացվում է տարբեր կերպ, բայց մեր՝ ուսանողների ու աշակերտների շրջանում արված հարցումները պարզեցին, որ անկախ գտնվելու վայրից, նրանք համարում են, որ ավելի արդյունավետ է իրական շփումը։

Աննա Ասմանգուլյան

2-րդ կուրս

Կիսվել