ԱՐՄԱՎԻՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ԵՆ ԽՄԵԼՈՒ

ԱՐՄԱՎԻՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ԵՆ ԽՄԵԼՈՒ

957

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարել` տեղեկացնելով, որ Արմավիրի զորամասերից մեկում ջրի մաքրման կայան է տեղադրվել. կից լուսանկար է հրապարակել. «Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման այսպիսի կայան է տեղադրվել, եւ հիմա զինվորներն ապահովված են խմելու բարձրորակ ջրով։ #ԿառուցենքՀայաստանըՆորովի»։  

Այս իրողությունը բուռն արձագանք գտավ ֆեյսբուքահայության շրջանում։  Մեկնաբանությունների բովանդակություններից պարզ դարձավ, որ օգտատերերի մեծ մասն Արմավիրում ծառայած զինծառայողներ են, զինծառայողների ծնողներ, ընկերներ, հարազատներ։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել և մինչև այժմ էլ գրում են` պատմելով, թե ինչ ջուր էին խմում զինծառայողներն այն ժամանակ, ինչ հետևանքներ էր թողնում այդ ջուրը նրանց օրգանիզմի վրա և այլն։  

Տվյալ զորամասի նախկին զինծառայող Մուշեղ Հայրապետյանը մեկնաբանություններում կարծիք էր հայտնել, որ խնդիրն այնքան մեծ է, որ դժվար թե լուծում ստանա: Նրա թույլտվությամբ՝ տեղադրում ենք մեկնաբանությունն այստեղ. «Հոկտեմբերյանի այս զորամասում ով ծառայել ա, գիտի, որ ջուր չի եղել, իսկ էն ջուրը, որը բերվում էր, ահավոր էր։ Էն անհայրենիք վիժվածքները, ովքեր իրենց հերոս են կոչում, զինվորին պահել են սոված, ծարավ և նվաստացած վիճակում։ Կարճ ասած՝ անմարդկային պայմաններում ենք  ծառայել, զորքի 80%-ը ճաշարանի սննդից գրեթե չէր օգտվում, իսկ ջրի որակի մասին բոլորը գիտեին։ Խնդիրն այնքան արմատական է, որ միայն այս կայանը տեղադրելով՝ հնարավոր չի լինի լուծել, իսկ մնացա՞ծ զորամասերը. միայն այստեղ չէ ջրի որակն այդքան վատը»։

Վարչապետի գրառումը մեկնաբանած օգտատերերից Անահիտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ նկարը տեսնելուն պես ճշտել է, թե որ զորմասում է տեղադրվել կայանը։ Պարզվում է, որ դա այն նույն զորամասն է, որտեղ իր տղան է ծառայել, և որտեղ իրենք էին խմելու ջուր տանում. «Տղաս ու իր ծառայակիցները աղիքների խանգարում ստացան ամսից ավելի, դեղերն էլ մեզնից էր ուզում: Ջրի որակը սարսափելի էր, արտեզյան ջուր էին խմում։ 2008-ին 4 ամիս շարունակ ամեն կիրակի 100 լիտրից ավել ջուր ենք տարել զորամաս զինվորիս ու իր ընկերների համար, ու ինձ նման շատերը։ Կարծում եմ՝ հիմա շատ բան կփոխվի դեպի լավը»։

Տվյալ զորամասում արդեն մոտ 4 ամիս է, ինչ ծառայում է Աշտարակ քաղաքի բնակիչ Մանվել Կարապետյանը։ Այսօր նա կապ է հաստատել մոր՝ Արևիկ Մնացականյանի հետ։ Ճշտելու համար՝ արդյո՞ք խնդրի լուծման այս տարբերակը՝ ջուրը մաքրող կայանը, ծառայում է նպատակին, թե ոչ, խոսեցինք նաև տիկին Արևիկի հետ։ Մայրն, անդրադառնալով տղայի հետ ունեցած հեռախոսազրույցին, փոփոխություններ  լինել-չլինելուն, մեզ հետ զրույցում ասաց. «Դե, ջուրը, ոնց որ միշտ, աղի է: Աղը ֆիլտրում է սարքը, բայց քլորի համը դեռ կա։ Մանվելն ասաց, որ էդքան էլ շատ չէ, բայց համի հետ կապված դրական փոփոխություններ կան՝ դեպի լավը։ Որ ոչ մի բան փոխված չլիներ, ինձ համար մենակ էն, որ  այսօր մեր զինվորը լավ սնվում է, արդեն  մեծ ձեռքբերում է։ Շնորհակալ լինենք ամեն փոփոխության համար»։  

Պարզելու համար՝ նախատեսվում է արդյոք խմելու ջրի խնդիր ունեցող այլ զորամասներում ևս տեղադրել նման սարքավորումներ, կապ հաստատեցինք Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հետ: «Նպատակահարմար չենք գտնում այլ զորամասերում նման սարքավորումների տեղադրման մասին հայտարարություններ անել: Երբ որ լինի, մենք կհրապարակենք»,- պարզաբանեց Շ. Ստեփանյանը։

Այն հարցին՝ ջրի մաքրման կայանն ամբողջ զորամասի համար է նախատեսված, թե՞ միայն ճաշարանի, մամուլի քարտուղարը պատասխանեց. «Ամբողջ զորամասի ջուրը ֆիլտրվում է այդ սարքի միջոցով»։ Խոսելով նաև սպասարկման ծառայության, սարքին առնչվող խնդիրների մասին՝ Շուշան Ստեփանյանն ասաց. «Ընդհանրապես ամեն զորամաս ունի կապիտալ շինարարության ծառայություն, որը և զբաղվում է այդ սպասարկման հարցերով, իսկ սարքի շահագործման հետ կապված որևէ խնդիր դեռևս չի առաջացել»։

Հետաքրքրվելով, փորձելով այլ մանրամասներ գտնել՝ բավականին վստահելի աղբյուրից՝ տվյալ զորամասի զինծառայողից, տեղեկացանք, որ ջրի մաքրման կայանը ծառայելու է ոչ թե ամբողջ զորամասի, այլ միայն ճաշարանի համար։ Կրկին կապ հաստատեցինք ՊՆ մամուլի քարտուղարի հետ։ Նա վստահորեն հերքեց այն տեղեկությունը, որ միայն ճաշարանի համար է նախատեսված կայանը. «Ես կասեմ, որ այդ ջուրը նախատեսված է խմելու համար. թորած, մաքուր ջուր է։ Արտադրական նպատակով, այսինքն՝ լվացք անելու կամ այլ նպատակներով չի կիրառվում, օգտագործվում է միայն խմելու համար, ողջ զորամասի համար։ Գուցե այն պատճառով, որ ճաշարանում է տեղադրված կայանը, զինծառայողների մոտ թյուրըմբռնում է առաջացել»։

Նարե Բաբերյան

2-րդ կուրս

Կիսվել