19-ամյա Էմմա Չիգարկովան 15 տարեկանից հիմնել է իր փոքրիկ բիզնեսը: Նա իր նկարելու տաղանդն օգտագործում է իր սեփական բիզնեսի համար: Ստեղծելով տարբերվող վզնոցներ՝ նա կարողացել է ստեղծել իր սեփական «Emarkol» բրենդը: Էմմա Չիգարկովայի հետ զրուցեցինք իր նախաձեռնության և գործունեության ընթացքում ունեցած դժվարությունների մասին զրուցեցինք
–Ե՞րբ որոշեցիք ստեղծել Ձեր բրենդը։
-Դեռ 9-րդ դասարանում էի սովորում, երբ ստացա առաջին պատվերները: Երբ առաջին պատվերն ունեցա, լուրջ չէի մոտենում գործին, պարզապես անում էի հաճույքի համար: Սակայն ժամանակի ընթացքում միտքը զարգացրեցի, ստեղծեցի իմ լոգոն: Մեկ տարի աշխատելուց հետո՝ ունեմ իմ փոքրիկ բիզնեսը:
-Որո՞նք էին Ձեր առաջին քայլերը։
-Սկզբում պատրաստում էի փայտե վզնոցներ, բայց անհրաժեշտ գործիքներ չունեի ձեռքիս տակ, կարելի է ասել ոչնչից փորձում էի ստեղծել վաճառքի ենթակա ապրանք: Ամեն ինչ միայնակ եմ արել. սղոցում էի, ճյուղերը մշակում և գունավորում:
-Պատահո՞ւմ է, որ կորցնում եք Ձեր ոգեշնչումը:
–Այո, եղել են նման պահեր. հիմնականում այն ժամանակ, երբ պետք է ապագա մասնագիտությունս ընտրեի․ մի քանի ամիս դադար էի տվել, պարզապես օրվա դասերով էի զբաղված: Ես կարծում էի, որ պարզապես անհնար է համատեղել դասերը և բիզնեսը: Այդ տարիքում ցանկանում ես ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերներիդ հետ, բայց երկար մտածելուց հետո, այդ ամենը տեղավորեցի իմ օրվա գրաֆիկի մեջ:
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում մարդկանց ուշադրությունը գրավելու համար:
-Սկզբից իմ աշխատանքները տեղադրում էի սոցիալական ցանցերում, այժմ մի քանի գաղափար ունեմ: Պատրաստվում եմ պատվերներից ստացված գումարով գովազդ տեղադրել, շատ հետևորդներ ունեցող մարդկանց նվիրել, դա նույնպես գովազդի ձև է: Եվ իհարկե, ուշադրություն պետք է դարձնել լոգոյին և փաթեթավորմանը, դրանք նույնպես շատ կարևոր են:
–Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել:
–Սկզբում ֆինանսական միջոցների պակասն էր, ծնողներս լուրջ չէին ընդունում իմ մտահղացումը: Դժվարություններ շատ կային, բայց շատ չնչին կամ պարզապես ես ուշադրություն չէի դարձնում: Կային պարզապես պահեր, երբ մի փոքր համարձակություն էր պետք, երբ անծանոթ հասցեով գնում էի բնակարանի պատի նկարազարդման կամ պատվերը հանձնելու համար հանդիպում անծանոթ մարդկանց:
-Կա՞ արդյոք որևէ բան, որի համար ափսոսում եք:
-Ափսոսում եմ, երբ ինչ-որ մտահղացման իրագործման համար անհրաժեշտ է լինում որևէ գործիք, որը ձեռքիս տակ այդ պահին չեմ ունենում, դրա համար մտքերիս իրագործումը հետաձգվում է կամ, արդյունքում, մոռացվում:
-Ձեզ համարու՞մ եք ընդօրինակման օրինակ:
-Ես դեռ շատ պետք է աշխատեմ: Վստահորեն չեմ կարող ասել, որ ես կրկնօրինակման համար լավ օրինակ եմ, բայց, եթե մարդիկ ինձ նայելով որոշեն իրենց մտահաղացումները ևս իրագործել, ես պարզապես երջանիկ կլինեմ: Ուզում եմ ոչ թե կրկնօրինակման օրինակ լինել, այլ ոգեշնչման աղբյուր:
–Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին, որոնք դեռ նոր են փորձում քայլեր անել այս ոլորտում:
-Սկսնակներին խորհուրդ կտամ, որ երբեք չհիասթափվեն, դժվարը միայն սկսելն է, և այս ոլորտում, ամենակարևորը, սիրով մոտենալն է:
-Իսկ որո՞նք են Ձեր քայլերն ապագայում:
-Բոլոր քայլերս ուղղված են լինելու բիզնեսիս ընդլայնմանը: Այս պահին գլխավոր նպատակս սեփական արհեստանոց ունենալն է:
Տաթև Գաբրիելյան
2-րդ կուրս