«ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ԵՆ ԳԱԼԻՍ». ՓՈՐՁԱՌՈՒ ԼՐԱԳՐՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

«ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ԵՆ ԳԱԼԻՍ». ՓՈՐՁԱՌՈՒ ԼՐԱԳՐՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

1188

Ժուռնալիստի վարպետության առցանց դասերից մեկի շրջանակներում  դասախոս Լիլիթ Աղբալյանի նախաձեռնությամբ ուսանողները հանդիպել էին Հանրային ռադիոյի միջազգային լուրերի մեկնաբան Մառլենա Հովսեփյանի հետ։ Մ. Հովսեփյանը ներկայացրեց միջազգային լուրեր պատրաստելու  ամենակարևոր հարցերը՝ ի՞նչն ընտրել, ի՞նչը շրջանցել, որո՞նք են գրագետ, հետաքրքիր նյութեր գրելու գաղտնիքները և այլն։  

«Չպետք է չճշտված տեղեկություն տարածել, որովհետև այն կարող է ընդամենը քաղաքական խայծ լինել: Պետք է զտել մի քանի աղբյուրի տեղեկատվություն և նոր ներկայացնել: Քարոզչության մաս չդառնալը շատ կարևոր է: Երբ խնդիրը վերաբերում է ազգային անվտանգության հարցերին, պետք  է չափազանց  զգույշ լինել: Օրինակ, երբ ռազմական կամ քաղաքական թեմաներ ես լուսաբանում, մի փոքր սխալի դեպքում կարող  ես քո երկրի ազգային անվտանգությանը  վնաս տալ»,-  զգուշացրեց Մառլենա Հովսեփյանը։ Սակայն ասաց նաև, որ կան ոլորտներ, որոնց մասին խոսելը բավականին հեշտ է: Այդ դեպքում ծուղակն ընկնելու մտավախություն չկա. «Օրինակ, եթե «Օսկար» մրցանակաբաշխությունն ես լուսաբանում, այստեղ որևէ զգուշություն պահպանելու անհրաժեշտություն չկա: Եթե դու տեղում չես, ներկա չես, բնական է, որ պետք է պաշտոնական կայքից կամ առաջատար լրատվամիջոցներից օգտվել, որովհետև միևնույն է՝ դերասանների ցանկը նույնն է, ներկայացված ֆիլմերը նույնն են»:  

Ուսանողներից մեկը հարցրեց՝ ի՞նչ անել, որպեսզի հենց քո լուրը կարդան. ամենուր հրապարակված է այդ լուրը, բայց քեզ պետք է, որ հենց քո լրատվամիջոցի լուրը կարդան: Մ. Հովսեփյանը պատասխանեց. «Առաջինը, եթե մենք հայկական լրատվամիջոց ենք, միջազգային լուրեր հաղորդելիս պետք է փորձենք հայկական հետք, հայկական ազգանուն գտնել, և այն հայ լսարանին միշտ շատ հետաքրքիր կլինի:

Պետք է լրագրողական «հոտառություն» ունենալ, թե ո՛ր պահին, ո՛ր տեղեկությունն է պետք առանձնացնել, և ինչը կգրավի լսարանին»: Ռադիոլրագրողը շատ կարևոր համարեց նաև դետալները. «Եթե տեղեկատվության մեջ կարողանում ես գտնել և  հաղորդել հետաքրքիր դետալներ, անգամ ամենատաղտկալի և ձանձրալի լուրը  կարող է դառնալ հետաքրքիր լսարանի համար: Պետք է, կոպիտ ասած, «խայծ տալ», որպեսզի մարդկանց հետաքրքիր լինի, և կարդան»։

Ըստ մեկնաբանի՝ հայկական լսարանին միջազգային ծանր լուրերն այնքան էլ հետաքրքիր չեն. «Մարդիկ հոգնած են, վազքի մեջ են, այդ պատճառով էլ միջազգային քաղաքական լուրերն ու վերլուծությունները չեն հետաքրքրում: Միայն, ինչպես արդեն նշեցի, այն լուրերը, որտեղ հայն ու հայկականը ինչ-որ կերպ շոշափվում են»։

Տասնամյակից ավել լինելով այս ոլորտում՝ իր գործում վարպետ դարձած  Մառլենա Հովսեփյանն իր  խորհուրդը տվեց ապագա լրագրողներին. «Մեր խնդիրն է տալ բազմակողմանի տեղեկատվություն, իսկ հասարակությունն այնքան խելացի է, որ ինքնուրույն  կարողանում  է կողմնորոշվել և հասկանալ՝ որտեղ է ճշմարտությունը:

Փորձառությունը և հմտությունները ժամանակի հետ են գալիս, երբ սկսում ես աշխատել ավագ գործընկերների հետ, որոնք իրենց գործում վարպետ են։ Այնպես որ, պետք չէ հուսահատվել»։

Ըստ փորձառու լրագրողի՝ մեդիայի և լրագրողների դերը շատ մեծ է հասարակության կյանքում, այդ պատճառով պետք է ճիշտ օգտագործել այն՝ տեղեկացված և գրագետ հասարակություն ձևավորելու համար:

Մարիաննա Մխիթարյան

2-րդ կուրս

Կիսվել