«Journalist.am»-ի անանուն զրուցակիցը (չի ցանկացել ներկայանալ), ով կիբերհարձակումից տուժել է, պատմում է, որ կայքերից մեկում մի խաղ էր գովազդվում, որտեղ ասվում էր՝ անպայման խաղացեք և անհնար է, որ չշահեք։ «Կարդալով այդ՝ մի պահ ինձ ներշնչեցի, որ գուցե հաղթեմ, և այդպես ոգևորված անցա հղումով ու սկսեցի խաղալ»,- պատմում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ընդամենը մի քանի գործողություն էր պահանջվում խաղում, այնուհետև ստացել է ծանուցում «շնորհավորում ենք, դուք հաղթել եք, այժմ մուտքագրեք ձեր բանկային քարտի տվյալները, որպեսզի շահած գումարը ձեզ փոխանցենք»։
«Անչափ ուրախացա ու առանց մի վայրկյան մտածելու` մուտքագրեցի քարտիս տվյալները։ Քիչ անց, երբ ստուգում էի հաշիվս՝ արդյոք գումարը փոխանցվել է, թե ոչ, տեսա, որ հաշվիս ամբողջ գումարը անհետացել է,- պատմում է մեր զրուցակիցը,- բայց բարեբախտաբար ասեմ, թե դժբախտաբար քարտիս վրա ընդամենը 20000 դրամ կար, որոշեցի ոստիկանություն չդիմել՝ ավելորդ քաշքշուկից զերծ մնալու համար»։
«Journalist.am»-ի հետ զրույցում մեդիափորձագետ, ՏՏ ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանն ասաց, որ վերջին 15 տարիների ընթացքում համացանցից օգտվողների թիվն աճել է, հետևաբար մարդկանց կիբերտարածք գալու հավանականությունը ևս շատ մեծ է, սակայն, թե որքանով են աճել կամ նվազել կիբերհարձակումները՝ հստակ նշելը դժվար է։
Մասնագետի խոսքով՝ մեզ մոտ առավել տարածված կիբերհանցագործություններից է ֆիշինգը և դրա տարատեսակները։ Դա այն է, երբ որևէ հարթակով՝ էլ. հասցեով, մեսինջերով կամ վայբերով, նույնիսկ SMS-ով ուղարկում են ինչ-որ հաղորդագրություն, որը կարող է լինել վախեցնող կամ գրավիչ բովանդակությամբ, նպատակ ունենալով ստանալ ավելի շատ ինֆորմացիա և դրանից օգուտ քաղել։ Տարածված տարատեսակներից է նաև ֆիշինգը, երբ զանգում են և խաբելով՝ հորդորում ինչ-որ տվյալներ հայտնել։
Արթուր Պապյանի խոսքով՝ կան կիբերհանցագործներ, ովքեր կարողանում են կիբերհարձակումների միջոցով փոխել, օրինակ, լուսաֆորների լույսերը։ Կան նաև կիբերհանցագործներ, ովքեր փորձում են փող շորթել, գողանալ մարդկանց բանկային տվյալները կամ խաբել և ստիպել, որ իրենց փող փոխանցեն։ Փորձագետը հավելեց նաև, որ այժմ մարդիկ նույնիսկ շատ գործարքներ, վճարումներ կամ առևտուր են անում ինտերնետով և անխուսափելի է, որ ինչ-որ մարդիկ չփորձեն դրանից օգուտ քաղելու ձևեր գտնել և գումար աշխատել։ Մանավանդ հիմա տնտեսական վիճակն է վատթարանում, մարդիկ գործից զրկվել են ու պիտի մտածեն, թե ինչպես փող աշխատեն. ստեղծվել է շատ հարմար իրավիճակ, որպեսզի լինեն հաքերային նոր հարձակումներ, մանր շուլերություններ։
«Հաքերները կարող են կոտրել նաև պետական կայքեր. հաճախ հայերը կոտրում են ադրբեջանական կայքեր և այնտեղ տեղադրում, օրինակ, մեր դրոշը և ադրբեջանական կողմը փորձում է անել հակառակ գործողությունը, տեղադրում է, օրինակ, իրենց նախագահի լուսանկարը, զինանշանը և այլն. սա ավելի շատ ուժի ցուցադրություն է»,- նկատեց մասնագետը։
Արթուր Պապյանն ասաց, որ երեխաներին վերաբերող հաքերական ևս շատ պատմություններ կան, որոնց մի մասը վերաբերում է «Կապույտ կետ» (синий кит) խաղին, որն այնպես է կլանում երեխաներին, որ անգամ ինքնասպանության դեպքեր են գրանցվում։ Այս խաղից առավել շատ տուժել են ուկրաինացիները։
«Նման դեպքերից կարելի է զերծ մնալ դպրոցներում և համալսարաններում կրթելով. մարդիկ պետք է իմանան, որ համացանցը վտանգավոր է, և չպետք է ամեն ինչին վստահեն»,- նշեց նա և ավելացրեց, որ լավ կլինի կիբերվտանգներից խոսեն նաև աշխատավայրերում։ Դպրոցներում ծնողների հետ ևս պետք է աշխատանք տանել, որպեսզի նրանք ևս կարողանան պաշտպանել իրենց երեխաներին։ Նաև պետությունը պիտի հարկադրի, որպեսզի հանրային կառույցները համապատասխանեն անվտանգության որոշակի չափանիշների։
Մասնագետը նշեց նաև՝ եթե կիբերհանցագործը գրագետ է գործում, ապա հնարավոր չի լինի վերադարձնել նրանց կողմից կորցրածը։ «Հայաստանում գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք, նախատեսվում է կիբերանվտանգության ռազմավարություն, որի ընթացքը 2018 թ. հեղափոխությունից հետո դադարեցվել է, բայց լավ կլինի, որ ավարտին հասցվի»,- ասաց փորձագետը։
«Կան վիրուսներ, որոնք մտնելով համակարգիչ գաղտնագրում են այնտեղ եղած բոլոր ֆայլերը, և դրանք հնարավոր չի լինում բացել։ Այնուհետև նամակ է գալիս, որտեղ ասվում է՝ վճարեք, օրինակ՝ 1000 դոլլար և ձեր ֆայլերը կվերադարձվեն»,- այս մասին «Journalist.am»-ի հետ զրույցում տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ վիրուսների միջոցով կարելի է գողանալ նաև գաղտնաբառեր. վիրուսը կարող է ունենալ նույնիսկ լրտեսական բնույթ և մտնելով հեռախոսի մեջ՝ հետևել տվյալ մարդու շարժը, ձայնագրել հեռախոսազանգերը և այլն։ Վիրուսները կարող են տարածվել նույնիսկ նամակների, գովազդների, ներբեռնված խաղերի միջոցով։
Մասնագետը խոսեց նաև պաշտպանության միջոցներից՝ նշելով, որ քաղաքացիները պետք է ուշադիր լինեն, ամեն ինչ չներբեռնեն, մշտապես թարմացնեն օպերացիոն համակարգը և ունենան հակավիրուսային ծրագիր, թեև չկա այնպիսի հակավիրուսային ծրագիր, որը 100%-ով կպաշտպանի։
«Եթե խոսքը լրագրողին է վերաբերվում, ապա նա պետք է անցնի հատուկ դասընթաց, որպեսզի միշտ իմանա, թե ինչպես պաշտպանվի, քանի որ հնարավոր է հարձակման թիրախը լինի հենց նա»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը։
Համացանցում մի շարք խնդիրներից պաշտպանվելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, օրինակ, 2017 թ. «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը Beeline-ի հետ համագործակցության արդյունքում իրականացրեց «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը, 2020թ. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի CyberHUB-AM ծրագրի շրջանակում ՏՏ անվտանգության մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը և Վարդան Արզումանյանը դասընթաց էին կազմակերպել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար։
Հայաստանում կիբերհանցագործությունների բացահայտմամբ զբաղվում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործող Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Journalist.am»-ին տեղեկացրին, որ տարեցտարի կիբերհանցագործությունների թիվն աճում է։
Վարչության փաստարկմամբ՝ ՀՀ տարածքից կատարվող կիբերհանցագործությունների մոտ 70%-ը իրավապահ մարմինների կողմից բացահայտվում են և մեղադրական եզրակացությամբ ուղարկվում դատարան, իսկ երբ տուժողը ՀՀ տարածքում բնակվող քաղաքացի է, սակայն հանցագործը այն կատարել է ՀՀ տարածքից դուրս, նման դեպքերի բացահայտումը կազմում է մոտ 10%։
Վարչությունից մեզ հայտնեցին, որ կան 2 տեսակի կիբերհանցագործություններ. հանցագործություններ, որոնք կատարվում են համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ, այսինքն՝ հանցագործության օբյեկտ է համակարգիչը կամ համակարգչային տեղեկատվությունը, և հանցագործություններ, որոնք կատարվում են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, այսինքն՝ համակարգիչը հանցագործության գործիք է։
ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած 24-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ կատարվող հանցագործություններին։ Բացի 24-րդ գլխում զետեղված հոդվածներից, օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել է նաև նորմեր, որոնցից են, օրինակ՝ 144 հոդվածը՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, 181 հոդվածը՝ հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ գրանցվել են նաև հանցագործություններ, որոնց հանցակազմերը նկարագրված են ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախություն) և 182-րդ (Շորթում) հոդվածներում։
Հանցագործությունների բացահայտումը իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ քրեական օրենսգրքի, «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» օրենսգրքի, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում։
Հանցագործության հետևանքով տուժողին հասցված նյութական վնասի հատուցումը չի լուծվում քրեական դատավարությամբ․ այդ նպատակով տուժողը պետք է դիմի քաղաքացիադատավարական կառուցակարգերին՝ պատճառած վնասի հատուցման պահանջի հայցով, ուստի հավանականություն կա, որ տուժողը կփոխհատուցվի իրեն հասցված նյութական վնասի դիմաց։
Վարչությունը մեզ տեղեկացրեց նաև՝ ինչպես այլ տեսակի հանցագործությունների, այնպես էլ կիբերհանցագործությունների դեպքում պատժամիջոցների չափը և տեսակը կախված է հանցագործության բնույթից և հանրության համար վտանգավորության աստիճանից, որոնք սահմանված են ՀՀ քրեական օրեսգրքով, իսկ պատժի նշանակումը կատարվում է դատարանի կողմից՝ դատավճռի
կայացմամբ։
Մերի Մաթևոսյան
2-րդ կուրս