ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՄԱՐԴԻԿ

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՄԱՐԴԻԿ

968

Instagram, Facebook, Vkontakte․  նման սոցիալական ցանցերում հաշիվների առաջխաղացման մի քանի գործիքներ կան, որոնցից ամենաարդյունավետը խաղարկություններն ու մրցույթներն են: Օրինակ, որոշ բլոգերներ ստեղծագործական, մրցույթները փորձում են դարձնել ավելի հետաքրքրիր,  ավելի  բովանդակային, ներգրավում են տաղանդավոր մարդկանց՝ նրանց առաջարկելով նկարել, պատմություն հորինել, գրել հետաքրքրիր մեկնաբանություն և այլն: Տվյալ էջի  առաջխաղացումն այստեղ տեղի է ունենում «կանչիր ընկերներիդ» սկզբունքով։ Այսինքն մասնակից օգտատերը խնդրում է իր ընկերներին օգնել նրան հաղթել։ Դրա հաշվին ավելանում է բաժանորդների թիվը։ Բայց մրցանակը սովորաբար էժանագին է, իսկ վատագույն դեպքում իրական մրցանակ առհասարակ չկա, սովորական խաբկանք է։

Այսպիսի մի դեպք տեղի է ունեցել 20-ամյա  Սոֆիի Սարգսյանի  հետ, ով համացանցում շատ ակտիվ է և շատ է հանդիպում  մի շարք կեղծ էջերի, որոնք փորձում են խաբել մարդկանց, փոխարենը վաստակում են գումար։

«Մեկ ամիս առաջ նկարիս տակ մեկնաբանություն գրեցին, որ ես շահել եմ iphone8+: Առաջին հայացքից չհավատացի, բայց որոշեցի փորձել։ Այն օգտատերը, ով ինձ գրել էր ասաց, որ իրեն ուղարկեմ  մեր տան հասցեն, և  այն ժամանակ, երբ ես տվյալ էջին կավելացնեմ 80 հետևորդ նա հեռախոսը ինձ կտա։ Հենց այդպես էլ արեցի․  իր  էջում ավելացավ 80 և ավելի հետևորդ։ Բոլոր պայմանները կատարելուց հետո գրեցի,  նա ինձ ասաց, որ քաղաքում չէ և չի կարող նվերը տալ»։

Սոֆին սկզբում փորձում էր հատուկ ծրագրի միջոցով գտնել նրան, սակայն հետո որոշել է ոչինչ չանել, քանի որ, տվյալ անձը գրել է, որ այդ ամենը անում է գումար աշխատելու նպատակով։

Տարբեր խանութների կողմից մրցույթներն ու խաղարկություններն Ինստագրամում ամենօրյա հաճախականությամբ են անցկացվում։ Կան շատ էջեր, որոնք իսկապես խաղարկում են տարբեր արժեքավոր իրեր (մեքենա, հեռախոս) և այս խաղարկությունների շնորհիվ նրանք ձեռք են բերում ոչ միայն ճանաչում, այլ նաև գումար։ Նման միջոցառումների օգնությամբ արտադրողները ավելացնում են վաճառքը։ Սակայն, կան նույնքան մեծաթիվ կեղծ էջեր, որոնք սուտ խաղարկություններ են անում և խաբում են մարդկանց՝ կորզելով նրանցից տան հասցե, հեռախոսահամար, բանկային հաշվեհամարի տվյալներ։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս հետևել մի քանի սկզբունքի։ Նրա խոսքով՝ խաբեությունները շատ տարբեր են լինում և փոփոխվում են, հնարավոր չէ ընդանրացնել, որը կփրկի խաբեություններից, բայց եթե խոսքը ֆինանսական խաբեության մասին է, գոյություն ունի երկու կարևոր սզբունք, դրանք են․

  • Հիշե՛լ որ խաղարկություններ սովորաբար չեն արվում, իսկ եթե արվում են, ապա պաշտոնական էջերի միջոցով, այսինքն պետք է ստուգել տվյալ կազմակերպության պաշտոնական էջում կա արդյոք խաղարկություն, թե՞ ոչ։
  • Ոչ մի  պարագայում բանկային քարտի  տվյալներ  չի՛ կարելի փոխանցել անծանոթ մարդկանց ու կազմակերպությունների, միայն փորձված խանութներին։ Շահում ստանալու համար ձեզնից ոչ ոք բանկային քարտի տվյալ չպետք է հարցնի։

 24-ամյա Լինա Մկրտչյանը,  ով երկու տարի առաջ դարձել էր այդ կեղծ խաղարկությունների գերին, մեկ ամիս շարունակ ուշքի չէր գալիս։ Նա պատմում էր, որ  ինստագրամյան մի էջում խաղարկություն էին անում, որտեղ խաղարկվում էր համակարգիչ, հեռախոս, ականջակալ և այլն։  Նա էլ որոշեց մասնակցել և կատարեց բոլոր պայմանները։ «Ի զարմանս ինձ՝ խաղարկությունը տևեց մեկ օր։ Նախկինում ես շատ խաղարկությունների էի մասնակցել, բայց  այդ խաղարկությունները տևում էին մի քանի շաբաթ, որպեսզի կայքին շատ հետևորդներ ավելանան։ Մեկ օր անց ինձ նամակ եկավ, որ  շահել եմ համակարգիչ։ Հավատում էի, որ իսկապես շահել եմ, մոտավորապես մեկ ժամ հետո  նրանք գրեցին, որ եթե ուզում եմ շահումս վերցնել, պետք է գրեմ տան հասցեն և հեռախոսահամարս․ միամտաբար ուղարկեցի  և այդ պահից սկսած հանգիստս կորցրի»։

Լինան պատմում է, որ  մեկ ամիս շարունակ նրան սպառնացել էին, որ իր տան հասցեն և հեռախոսահամարը ամբողջ համացանցով կտարածեն։ Սակայն ոստիկանության շնորհիվ կարողացել է  ձերբազատվել իրեն սպառնացողներից։

Վերջին տարիներին չարագործները օգտագործում են  SMS հաղորդա գրությունները կամ էլեկտրոնային նամակները։ «Շահումը» ստանալու համար չարագործները սովորաբար խնդրում են էլեկտրոնային հաշիվներին փոխանցել որոշակի գումար՝ պատճառաբանելով այն հարկերի, մաքսատուրքերի, տրանսպորտային ծախսերի, վճարման անհրաժեշտությամբ: Դրամական միջոցները ստանալուց հետ, նրանք դադարում են կապի դուրս գալ կամ խնդրում են լրացուցիչ գումարներ փոխանցել՝ շահումը ձևակերպելու համար:

Դպրոցական Նարեկ Ղազարյանինին ևս եկել է նմանատիպ մի հաղորդագրություն, որտեղ ասվում էր որ շահումը ստանալու համար պետք է որոշակի գումար տրամադրել։

«Ինձ  կասկածելի թվաց, այն փաստը, երբ նրանք ինձ գրեցին որ  «որոշակի գումար» է հարկավոր  մաքսատուրքերի համար։ Թե որքան՝ այդպես էլ չգրեցին, պարզապես ասացին՝ որքան կարող եմ, բայց չէ՞ որ հարկերի և այլնի համար հստակ գումար է հարկավոր, այլ ոչ թե այնքան, որքան կարող եմ։ Միանգամից  հասկացա, որ ոչ մի խաղարկություն չկա, պարզապես  գումար էին փորձում կորզել»։

19-ամյա Աննա Գասպարյանը որևէ խաղարկության երբևէ չէր մասնակցել, պատահաբար է տեղեկացել, որ ինքն արժեքավոր իր է «շահել»։ «Վերջին նկարիս տակ մեկնաբանություն գրեցին, որ արժեքավոր իր եմ շահել, անկեղծ ասած չհավատացի, ես շատ թերահավատ մարդ եմ, այնուամենայնիվ որոշեցի գրել։ Ասաց, որ նվերս կվերցնեմ միայն իր պայմանները կատարելուց հետո, լիովին համոզվեցի, որ սուտ է, և որոշեցի, որ ինչ էլ լինի, պետք է պարզեմ թե ով է այդ անձը, որ մարդկանց խաբելով գումար է աշխատում»,- պատմում է Աննան։
Նա հավելում է, որ կայքի օգտատերը տղա է, քանի որ իրեն ուղարկում էր միայն ձայնային հաղորդագրություններ և նշում, որ տղայի անձը բացահայտել է ձայնի և հեռախոսահամարի միջոցով։ Քանի որ նրա անձն արդեն բացահայտվել է, այժմ այդ կայքի օգտատերը պարբերաբար փոխում է իր էջի անունն ու նկարը։

Համացանցային խաբեություններից զերծ մնալուհամար«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությանհիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին տեղեկացված լինել։ Պետք է ստուգել՝ տվյալ էջերը պաշտպանված են, թե ոչ։ Օրինակ,  նախկինում որևէ մեկը  շահել է, թե ոչ։ Երկրորդ հերթին՝ ոչ մի դեպքում չտալ անձնական տվյալներ»

Պիպոյանի խոսքով՝ հանցագործությունները բացահայտելու  և կանխարգելելու հարցում պետք է հետևողական լինեն հանրային վերահսկողության և պետական վերահսկողություն իրականացնող կառույցները։

Անուշ Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել