29-ամյա մեր զրուցակիցը 19 տարեկանում որոշել է, որ ուտելու է օրական ընդամենը մեկ կանաչ խնձոր և վերջ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հարգելի պատճառներով չի ցանկանում՝ իր անունը նշվի, բայց ուզում է, որ իր պատմությունը դաս լինի մյուսների համար։
Ասում է՝ որոշել էր, որ այլևս իրեն ոչ մեկ չպետք է ասի, թե գիրացել է՝ չնայած այն բանին, որ գեր չի եղել և սարսափելի քաշ չի ունեցել. «Դա շարունակվեց 40 օր, և քաշս իջավ 39 կգ, մազերս թափվում էին, ճնշումս 50/30 էր իջել ու ամառվա շոգին սարսափելի մրսում էի, բայց ամենաահավորն այն էր, որ ինձ թվում էր՝ չէի նիհարել ու անընդհատ ձգտում էի ավելի նիհարել»: Նա հավելեց, որ ծամոն չի ծամել, ատամները զգույշ է լվացել, որ հանկարծ ատամի մածուկի ոչ մի կաթիլ կուլ չգնա, քանի որ կարծել է՝ դրանից իր քաշը կավելանա:
Պատմում է՝ տնեցիները սկսել են ստիպել, որ հաց ուտի ու շարունակում է. «Բայց դա արդյունք չէր տալիս, քանի որ ասում էի՝ ուզում եմ միայնակ հաց ուտել ու ամանի պարունակությունը դատարկում էի պոլիթիլենային տոպրակի մեջ, ձևացնում էի, որ կերա ու ինձնից գոհ էի մնում, որ քաշս չի ավելանա»:
Այս ամենը մեր զրուցակցի մոտ շարունակվել է այնքան ժամանակ, մինչև երիկամային սուր ցավեր է ունեցել, և պարզվել է, որ պատճառը չսնվելն է: Այս դեպքից վախեցել է, նրան ճնշել են ծնողների ապրումները, տեսել է, թե ինչքան են անհանգստանում իր մասին և տանջվում նրա համար ու համացանցով փնտրել է, գտել, որ իր հիվանդությունը անորեքսիան է: Այս առիթով մանրամասնեց. «Մեր ծանոթներից մեկը, որը նույնպես ունեցել էր անորքեսիա, ասաց, որ սկզբի համար պետք է անգույն սուպ ուտեմ, ես էլ սկսեցի դրանից, չնայած շատ դժվար էր, 40 օրից ավել օրգանիզմս չընդունեց, սկսեցի հետ տալ»: Պատմում է, որ հոգեբանորեն շատ դժվար է եղել, բայց կարողացել է հաղթահարել առանց բժշկի, հոգեբանի դիմելու: Վերականգնման գործընթացը տևել է մոտ 3 տարի: Առողջական խնդիրները վերացել են, քաշը եկել է նորմայի մեջ: «Ինձ օգնեց ծնողներիս հետևողականությունը, ապրելու ցանկությունս ու ճիշտ մարզվելը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Սննդային խանգարումների հաջորդ տեսակը բուլիմիան է, որը նախորդ տեսակի լրիվ հակառակ երևույթն է:
40-ամյա մեր զրուցակիցը, որը կրկին հարգելի պատճառներով չցանկացավ, որ նշվի իր անուն ազգանունը, պատմեց, որ 15 տարեկանից տառապում է բուլիմիայով. «Փսխումներ ինքս եմ առաջացնում, օրը գոնե 1 անգամ: Եղել են օրեր, որ չեմ փսխել, կարողացել եմ կառավարել ինձ»,- պատմում է մեր զրուցակիցը և նշում, որ բժշկի դիմել է 10 տարի առաջ, բայց ամաչել է խոստովանել, որ գիտակցված է այդքան շատ ուտում և գիտակցված է փսխումներ առաջացնում: Նրան ասել են, որ իր մոտ նևրոզ է, փորձել է ինքնուրույն հաղթահարել, սակայն մեկ շաբաթից ավել չի կարողացել, իսկ հոգեբանի էլ չի դիմել գումարի պատճառով: «Թմրանյութի պես բան է, կախվածություն ունես, բայց վստահ ես, որ ուզենաս՝ կհաղթահարես, բայց դրա հետ մեկտեղ գիտակցում եմ, որ առանց մասնագետի հնարավոր չէ վերադառնալ բնականոն կյանքի»,- ասում է նա: Մեր զրուցակիցը խոստովանեց, որ նոր է հասկացել հիվանդության պատճառը: Ասում է, որ ծնողները միշտ իր և քույրիկի միջև տարբերություններ են դրել: Քույրը եղել է նիհար, սիրուն, իսկ ինքը՝ գեր, ու այդ ժամանակ նաև մտածել է, որ գեղեցիկ չէ: «Հիմա մամաս (ու ոչ միայն ինքը, շրջապատս էլ) ասում է, որ գեղեցիկ կին եմ, բայց դա հիմա է ասում, իսկ հիշողությունները և հետևանքները մնում են»,- նշեց մեր զրուցակիցը:
Էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը պարզաբանեց՝ անորեքսիան և բուլիմիան սննդային վարքի խանգարումներով պայմանավորված հոգեսոմատիկ հիվանդություններ են. «Հիվանդությունները սկսվում են հոգեկան խնդիրներով, և հետևանքները լինում են սոմատիկ: Քանի որ մարդու սոմատիկ առողջությունը կախված է նաև սնունդից, արդեն հասկանալի է դառնում, որ մարդու սննդային վարքի խանգարումներն առաջացնում են սոմատիկ խնդիրներ և հիվանդություններ»,- ասում է էնդոկրինոլոգ-սննդաբանը և հավելում, որ հիվնադությունները ավելի շատ հանդիպում են աղջիկների մոտ. «Աղջիկներին բնորոշ են դաշտանադադարը, մազաթափությունը, տուժում է ոսկրահոդային համակարգը, արհեստական փսխումների պատճառով կարող է առաջանալ ձայնի խռպոտություն, վիտամինային անբավարարության հետևանքով առաջանում է արյան պակաս, սպիտակուցների բացակայության հետևանքով առաջին հերթին տուժում է դիմադրողականությունը, կորցնում են մկաններ, նրանց մոտ մակրո և միկրո էլեմենտների սուր անբավարարություն է սկսվում և այսպես այս հիվանդությունները մի շարք այլ խնդրիների կարող են հանգեցնել»:
Բժիշկն օրինակ բերեց մի շարք մոդելների, որոնք տառապել են անորեքսիայով, երբ զգեստը ցուցադրելուց անմիջապես հետո նրանց մոտ սրտի կանգ է եղել: Ու ասաց, որ այսօր նրանց կրկնօրինակելու մոլուցքը նվազել է, քանի որ աշխարհն արձագանքեց, բարձրաձայնեց, որ երիտասարդ աղջիկներ են մահանում: Դրա համար հիմա չաղլիկ, գեր մոդելներ, դերասանուհիներ էլ արդեն կան:
Բժշկի խոսքով՝ ախտորոշումը շատ դժվար է. «Հիվանդը թաքցնում է իր վիճակը, հետևաբար բժիշկը շատ նուրբ հարցերի միջոցով պետք է պարզի, որ այդ խնդիրը կա: Պարտադիր չէ, որ օրինակ՝ անորեքսիայով հիվանդը ծայրահեղ հյուծված լինի, հնարավոր է, որ քաշային առումով նորմայի սահմանում լինի, և այդ դեպքում բժշկի գործն ավելի է բարդանում»:
Ըստ բժշկուհու՝ երկու հիվանդությունները միմյանց սերտորեն կապված են. «Անորեքսիայով հիվանդի մոտ բուլիմիայի նոպաներ կարող են լինել. բուլիմիայի նոպաների ժամանակ անորեքսիկը կարող է չբավարարվել եղած սնունդով ու մեծ քանակությամբ շիլաներ սարքել, ուտել ու էլի ազատվել կերածից, ինչպես բուլիմիայով տառապող հիվանդը»:
Էնդոկրինոլոգ-սննդաբանը կարծում է, որ այս հիվանդություններով տառապող մարդկանց հետ պետք է աշխատի ոչ թե մեկ բժիշկ, այլ մի քանի բժիշկներից ձևավորված խումբ. «Իդեալական կլինի, եթե բուժմամբ միաժամանակ զբաղվեն հոգեթերապևտ-հոգեբույժը, էնդոկրինոլոգը, սննդաբանը և թերապևտը, բայց հատկապես նախկին խորհրդային երկրներում ինձ հայտնի չէ, որ այսպիսի մոտեցում կարող է ցուցաբերվել»:
Բժշկուհին նաև հավելեց, որ այս հիվանդությունները հոգեկան խնդիրներ են, իսկ մարդու օրգանիզմում հոգեկան խնդրի հանդեպ ի սկզբանե կա նախատրամադրվածություն, և շրջապատող աշխարհի թելադրող չափանիշները դրդապատճառ են դառնում այս հիվանդությունների դրսևորման համար:
Հոգեբան Անուշ Կարապետյանի խոսքով՝ երկու հիվանդությունների առաջացման պատճառն էլ ծնողական դաստիարակությունը, վերաբերմունքը, ուղղակի և անուղղակի ներշնչումը, պահանջները, ակնկալիքներն են: Նա պարզաբանեց. «Օրինակ՝ երեխային գովելիս շեշտը հաճախ դնում են նրա արտաքինի վրա՝ դրանով իսկ անուղղակի ձևով պարտավորեցնում նրան միշտ իդեալական տեսք ունենալ: Եվ երեխաներն էլ ողջ կյանքում ձգտում են ավելի ու ավելի կատարյալ տեսք ունենալ, որ մի օր ստանան ծնողի հիացմունքն ու գուհունակությունը»: Ըստ նրա՝ ծնողներից բացի շրջապատի ճնշումներն էլ ազդեցություն կարող են ունենալ առավելապես դեռահասների վրա, քանի որ այդ տարիքում անձի ինքնագնահատականը բավականին խոցելի է դառնում՝ ելնելով ֆիզիոլոգիական, հորմոնալ և մի շարք այլ փոփոխություններից. «Եվ այդ տարիքում ցանկացած արտահայտություն՝ հատկապես բացասական, խորը սեպ է խրում նրանց հոգում. օրինակ՝ ընկերուհիների նիհար ու սլացիկ կազմվածքը կարող է բարդութավորել կամ համակրելի տղայի անզգույշ արտահայտությունը և այլն: Այդ ամենն ավելի ազդեցիկ է այն դեռահասների համար, որոնց ընտանիքները դեռ մանկուց բարենպաստ հող են ստեղծել նման բարդույթների համար»:
Հոգեբանի խոսքով՝ անորեքսիա ունեցողը չի ընունում, որ ունի նման խնդիր, քանի որ իր ընկալումն աղավաղված է. նա իրեն գեր է տեսնում, եթե նույնիսկ իր քաշը 35կգ է: Ու խորհուրդ է տալիս. «Ուստի նրա խնդրով պետք է զբաղվեն հարազատները, երբ տեսնում են, որ նրա նիհարելու ցանկությունն արդեն մոլուցքի է վերածվել: Իսկ բուլիմիայի դեպքում մարդը հասկանում է, գիտակցում է, որ նախ շատ է ուտում, հետո էլ, ամեն ուտելուց անմիջապես հետո, գնում է փսխելու: Պարզապես նրանք դա թաքուն են պահում բոլորից, քանի որ իրենց գործողությունների մեջ տրամաբանություն են տեսնում և համոզված են, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ են պահում: Այ, հենց զգան, որ դա նյարդային վարքագիծ է, տառապանք է պատճառում իրենց և անկառավարելի է իրենց կողմից, նոր կդիմեն օգնության»:
Ըստ Անուշ Կարապետյանի, եթե դեռ հիվանդությունն այնքան չի խորացել, որ դառնա կյանքի ու մահվան խնդիր, կարելի է դիմել հոգեբանի, իսկ եթե վիճակն արդեն ծայրահեղ ծանր է, ապա պետք է համատեղել բժշկական և հոգեբանական միջամտությունները. «Ինքնուրույն բավականին դժվար է այս խնդիրները հաղթահարել, եթե ոչ՝ անհնարին»:
Զրույցի ավարտին հոգեբանը կոչ արեց ծնողներին, որ ընդունեն իրենց երեխաներին և սիրեն այնպիսին, ինչպիսին նրանք կան և չափից ավելի պարտավորեցնող սպասելիքներ չփաթաթեն երեխայի վզին, ազատ թողնեն նրանց ընտրության ու որոշումների մեջ, որ տեսնեն ու գնահատեն իրենց երեխայի գեղեցկությունն ու չհամեմատեն մյուսների հետ, ինչպես նաև արտաքինը չդարձնեն երեխայի գլխավոր արժանիքը: Ըստ հոգեբանի՝ ծնողներն, իհարկե, այդ ամենն անում են ենթագիտակցորեն՝ ելնելով սեփական ներքին խնդիրներից ու բարդույթներից, և եթե զգում են, որ ունեն խնդրիներ, նախընտրելի է անցնեն սեփական հոգեթերապիան և նոր ընտանիք կազմեն ու սերունդ ունենան: Եվ հիշեցրեց՝ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:
Լուսինե Հակոբյան
2-րդ կուրս