ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

1753

«Աչքերս բացելուն պես վերցնում եմ հեռախոսս: Նայում եմ նամակներս, հետո ստուգում եմ էջերս: Եվ օրվա մեջ անընդհատ մուտք եմ գործում ինտերնետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Շատ ժամանակ խանգարում է, երբ անընդհատ նամակներ են գալիս, շեղվում եմ գործերիցս: Սակայն իրոք կարիք եմ ունենում օնլայն լինելու»,- պատմում է Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբավար Սարգիս Մելքոնյանը: Նա ամեն օր 8-10 ժամ անցկացնում է համակարգչի առջև:

Ինտերնետ կախվածության խանգարումը (Internet addiction disorder) վտանգավոր կախվածություն է, որն ազդում է այն անհատների վրա, ովքեր մեծ քանակությամբ ժամանակ են ծախսում առցանց ընկերների հետ շփվելու վրա, խաղեր խաղալով, կամ պարզապես աննպատակ  օնլայն ժամեր են անցկացնում սոցիալական կայքերում:

SMM մասնագետ Հայկ Սերոբյանը նշում է, որ համացանցի միջոցով կարելի է սովորել ամեն ինչ, բայց պետք է զգուշանալ համացանցում տիրող աղբից: «Դու կարող ես սովորել ամեն ինչ ինտերնետից, քանի որ այն դրա հնարավորությունը տալիս է: Կարող ես աշխատել, բիզնես հիմնել և այլն: Միայն թե մարդիկ պետք է փորձեն ճիշտ օգտվել համացանցից»,- նշում է Հայկը: 

Ինտերնետը տեղեկատվությունը բոլորի համար ավելի հասանելի դարձրեց և կապեր ստեղծեց աշխարհի տարբեր մարդկանց միջև: Այնուամենայնիվ, դա նաև հանգեցրել է նրան, որ շատ մարդիկ չափազանց շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, այնքան, որ այն դառնում է նրանց կյանքի կենտրոնը: Սա հանգեցնում է ինտերնետի կամ համակարգչի կախվածության:

Հոգեբան Քրիստինե Պետրոսյանը նշում է, որ մարդիկ, ովքեր ժամեր են անցկացնում ինտերնետում, ի վերջո սկսում են տեսնել դրա հետևանքները իրենց կյանքում: Ինտերնետից կախվածության հետևանքները կարող են նաև իսկական վնաս հասցնել մարդու հոգեկան և ֆիզիկական առողջությանը:

«Ինտերնետային հակումն ազդում է մարդկանց վրա շատ առումներով՝ քնի անբավարարություն, վատ սոցիալական ընկալում: Մարդիկ, ովքեր  անսահմանափակ մուտք են գործում ինտերնետ, կարող են հանդիպել վնասակար տեղեկությունների, որոնք կարող են վտանգավոր լինել իրենց բարեկեցության համար և այն կարող է հարատև մտավոր և հուզական հետևանքներ առաջացնել»,- նշում է հոգեբանը:

Արթուր Դավթյանը ուսանող է և իր օրվա մեծ մասը նույպես անցակցնում է համացանցում: «Մոտ 7-8 ժամ ինտերնետ տիրությում եմ, նորություններ եմ կարդում, ինտելեկտուալ նյութեր: Ամենաշատը կլանվում եմ, երբ ինչ-որ հետաքրքիր ֆիլմաշար եմ նայում»,- ասում է Արթուրը:

Հոգեբանի խոսքով, վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինչպես թմրանյութը, համացանցը ևս կարող է վնասել դեռահասի ուղեղն ու մարմինը: «Համացանցային կախվածությունը առաջացնում է առողջության հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան և հոգեբուժական ախտանիշները: Ինչպես շատ հակումների դեպքում, այնպես էլ այստեղ, ինչքան ավելի երկար է մարդը օգտագործում, այնքան ավելի սուր ախտանիշներ է ունենում: Համացանցային կախվածության հետևանքները կարող են մարդուն մոռացության մատնել իրական շփման ձևերից,- նշում է հոգեբանը,- սրան գումարենք նաև ընդհանուր ֆիզիկական վարժությունների պակասը, որի արդյունքում առողջությունը սկսում է վատթարանալ»:

Սվետլանա Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել