Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց համար: Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հաշմանդամություն ունեցող երեխաներին: Այդուհանդերձ, դեռևս բազմաթիվ ու բազմազան են են ներառական կրթությանն առնչվող հիմնախնդիրները: Թեմայի շրջանակում զրուցեցինք մասնագետ-հոգեբանի հետ:
Զրույցի ժամանակ հոգեբան Լ. Ալեքսանյանը նշեց, որ նախ կարևոր է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը, որը կատարվում է ՀՀ Բժշկամանկավարժահոգեբանական գնահատման /ԲՀՄԳ/ կենտրոնի կողմից: Կարևոր է նաև անհատական ուսումնական պլանների կազմումը /ԱՈՒՊ/, որոնք մշակում են դպրոցի մասնագետների և ԲՀՄԳ կենտրոնի աջակցության միջոցով՝ ՆԴ ընդունվելուց մեկ ամիս անց: ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների՝ սովորողի հետ աշխատող ուսուցիչների, հատուկ և սոցիալական մանկավարժների, հոգեբանի կողմից: Կարևոր է նշել նաև ծնողների դերի կարևորության մասին, ովքեր, օրենքով սահմանված կարգով, պետք է մասնակցեն ԱՈՒՊ-երի մշակմանը:
Ըստ հոգեբանի՝ դպրոցների ֆիզիկական միջավայրը լուրջ խոչընդոտ է ԿԱՊԿՈՒ երեխաների կրթության կազմակերպման համար և կարիք ունի հետևողական բարելավման: Նրա կարծիքով, ուսուցիչների մի մասն ընդունում է ներառական կրթության գաղափարը, մյուս մասը՝ ոչ, առաջնորդվելով իրենց գործելաոճով՝ հաճախ խոչընդոտելով ներառական կրթության ներդնումը:
Լ. Ալեքսանյանը նաև նշեց, որ առկա են կարծրատիպեր ԿԱՊԿՈՒ աշակերտների հանրակրթական ընդհանուր դպրոցներում ուսուցման կազմակերպման նպատակահարմարության «անհնարինության» ընկալման տեսանկյունից: Նա ընդգծեց, որ շատ ծնողներ պասիվ մասնակցություն ունեն իրենց երեխաների ԱՈՒՊ-ների իրականացման աշխատանքներին:
Մեզ հետ զրույցում ԿԱՊԿՈՒ երեխա ունեցող ծնողներից մեկը նշեց, որ իր երեխան սկզբնական շրջանում մեծ դժվարությամբ է հաճախել դպրոց, սակայն, մասնագետների աշխատանքների շնորհիվ, այժմ գնում է մեծ սիրով:
Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընտանիքների և մասնագետների առաջին հանդիպումը տեղի է ունենում մանկավարժահոգեբանական գնահատման ժամանակ:
Հոգեբանը նշեց. «Ներառական կրթության իրականացման գործընթացում երեխայի ընտանիքը որոշիչ դեր ունի, քանի որ մասնակից է երեխայի փոխադրմանը տարրական դպրոցից միջին, ապա ավագ դպրոց»։
Ըստ այդմ կարող ենք եզրակացնել, որ եթե ընտանիքը ակտիվ մասնակցություն է ունենում երեխայի ուսումնական գործընթացում, ապա առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան կունենա բարձր առաջադիմություն:
Ծնող-երեխա փոխհարաբերությունների խնդիրը ﬕշտ էլ եղել է հոգեբանների հետաքրքրությունների շրջանակում։ Նշենք «Ծնողավարման ձեռնարկների» մասին, որոնք ուղեցույց են դառնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելիս: Ձեռնարկները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի երեխաների ծնողների համար:
Ըստ հոգեբանի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ իրականացվող աշխատանքները տարբերվում են իրենց ինքնատիպությամբ.
«Այդ ծնողներին բնորոշ է հուզական լարվածությունը, երեխայի խնդիրը ընդունելու և իրավիճակի հետ հարմարվելու ակնհայտ դժվարությունները: Ծնողներն իրենց զգում են փակուղում, անելանելի իրավիճակում. նրանց անդադար տանջում է այն ﬕտքը, որ իրենք ոչինչ չեն կարող փոխել, որ իրենց երեխան դատապարտված է «հիվանդ երեխա» կոչվելու դատավճռին»,- ասաց Լ. Ալեքսանյանը:
Սաթենիկ Խեբոյան
5-րդ կուրս