Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ շուրջ երկամսյա դադարից հետո, մայիսի 20-ից հանրապետությունում սկսեցին բացվել մանկապարտեզները և ընդունել իրենց սաներին։ Սակայն կան մանկապարտեզներ, որոնք նոր են պատրաստվում սկսել իրենց աշխատանքը։ Երեխաներին ընդունելու նախապատրաստական աշխատանքների մասին զրուցել ենք Սառնաղբյուրի նախադպրոցական հաստատության տնօրեն Եսթեր Արշակյանի հետ։
-Տիկին Արշակյան, հանրապետությունում արդեն բացվել են բազմաթիվ մանկապարտեզներ, իսկ ե՞րբ է բացվելու Սառնաղբյուրի մանկապարտեզը։
-Մեր մանկապարտեզը երեխաներին կընդունի հունիսի 1-ից։ Հիմա միայն դաստիարակներն են հաճախում, կատարվում են մաքրման աշխատանքներ։ Միաժամանակ պահպանվում է կապ ծնողների հետ, նախնական հավաքագրման, ինչպես նաև անմիջական տեղեկացման համար։
-Ըստ այդ հավաքագրման՝ մոտավորապես քանի՞ տոկոս հաճախելիություն եք ակնկալում։
– Մինչև այս եղած տվյալներով՝ մոտավորապես 10 %։
– Ինչպե՞ս եք պատրաստվում ընդունել երեխաներին:
– Կատարվել են մաքրման աշխատանքներ կապիտալ կերպով, նախքան երեխաների ընդունումը, իսկ արդեն պարետի կողմից սահմանված ամենօրյա պրոֆիլակտիկ ախտահանումները կիրականացվեն համապատասխանաբար։
– Միայն աշխատո՞ղ ծնողներն են պատրաստվում երեխաներին բերել մանկապարտեզ։
– Աշխատող ծնողները քիչ են, ուստի մենք կատարում ենք հարցում՝ կամավոր ընդունման համար։
– Ինչպիսի՞ հսկողություն պետք է իրականացվի մանկապարտեզի մուտքի մոտ։
-Հսկողություն կիրականացվի պարետի սահմանած կարգով։ Կբացառվի երեխային ուղեկցող անձի մուտքը մանկապարտեզ, կիրականացվի ջերմաչափում, ջերմող երեխաներին չի թույլատրվի մուտք գործել հաստատություն։
– Ի՞նչ պայմաններ կապահովվեն երեխաների առօրյան անվտանգ դարձնելու համար։
-Կկատարվեն սենյակների ախտահանումներ, օդափոխություն, ինչպես նաև կապահովվի սանիտարահամաճարագային կանոնները։
– Ծնողները և երեխաները տեղեկացվա՞ծ են սահմանված կանոնների մասին։
– Քանի դեռ ընդունելություն կազմակերպված չէ, մենք, հեռավար կերպով, ծնողներին ներկայացնում ենք կանոններն, իսկ երեխաներին կուսուցանվի ընդունելությունից հետո։
– Ժամային փոփոխություն նախատեսվա՞ծ է։
– Սահմանվելու է «ազատ ռեժիմ»՝ ընդունման և մանկապարտեզից երեխաներին տանելու համար։
– Ինչպե՞ս կանդրադառնա հեռավորություն պահելու կանոնները երեխաների վրա։
-Արվելու է առավելագույնս՝ անվտանգ ուսուցման, խաղային և ժամանցային պրոցեսներն իրականացնելու համար։ Կարծում եմ՝ դաստիարակների աշխատանքի շնորհիվ երեխաները չեն տխրի։
Սաթենիկ Խեբոյան
5-րդ կուրս