ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

3362

 Ողջ մարդկության համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրներից է մարդու առողջության պահպանումն ու բարելավումը, որն անհրաժեշտ է իրականացնել նրա կյանքի առաջին իսկ օրերից: Հասարակության առաջընթացը մեծապես պայանավորված է նրա յուրաքանչյուր անդամի առողջության պահպանումով։ Առողջ հասարակությունն է,  որ կարող է զարգանալ, առաջ գնալ և հարստացնել իր մտավոր ուժերը:

Թեմայի շրջանակներում զրուցեցինք մասնագետների՝ բժիշկների և մանկավարժների հետ՝ պարզելու, թե ներկա ժամանակաշրջանում, կորոնավիրուսի առկայությամբ պայմանավորված՝ արտակարգ պայմանններում մասնագետները առողջության պահպանման համար ինչ ուղիներ են տեսնում և ինչպես պետք է իրականացնել:

Բժշկուհի Ռ. Արշակյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ ներկայում, ելնելով Հայաստանում ստեղծված իրադրությունից` կապված COVID-19-ի հետ առողջության պահպանման համար կարևոր նախապայման է համարվում դիմակներ ու ձեռնոցներ կրելը: «Որպեսզի պահպանենք սեփական առողջությունը՝ չդառնանք վարակակիր և պատճառ հանդիսանանք այլոց առաողջության վատթարացմանը, եկե՛ք հետևենք օրենքին և կրենք  դիմակներ և ձեռնոցներ»,- կոչ արեց բժշկուհին:

Մանկավարժ Ա. Նավոյանի կարծիքով, դպրոցում առողջ ապրելակերպի ձևավորումն ու պահպանումն պետք է լինի ուսուցչի և դաստիարակի խնդիրներից մեկը. «Դպրոցում գտնվելու ժամանակի մեծ մասը աշակերտներն անց են կացնում դասասենյակներում: Այդ իսկ պատճառով, առողջ ապրելակերպի պայմաններից ամենակարևորը, դասի ճիշտ կազմակերպումն է, դասաժամերին աշակերտների աշխատունակությունը խթանող մեթոդների բազմազանության ապահովումը: Առողջ ապրելակերպի կազմակերպման կարևոր պայմաններից է դասաժամերին ֆիզկուլտ դադարների անցկացումը, որը նպաստում է երեխաների ուշադրության կենտրոնացմանը դասապրոցեսում»:

Ըստ մանկավարժի՝ առկա են առողջության վրա ազդող դրական ու բացասական գործոններ: Բացասական ազդեցություն  ունեն, օրինակ  ոչ լիարժեք հանգիստը,  սնման  ռեժիմի   խանգարումը,  սոցիալական  պասիվությունը,  կենսական  վիճակի անբավարարվածությունը, թերշարժվածությունը   և այլն: Դրական ազդեցություն ունեցող  գործոններն են՝  լիարժեք  հանգիստը,  ակտիվ  կենսակերպը,  ֆիզիկական և հոգեկան  հարմարավետությունը, ֆիզիկական և շարժողական կանոնավոր ակտիվությունը և այլն:

Ըստ բժշկուհի Ա. Մադաթյանի՝ առողջ ապրելակերպի ձևավորման համար դպրոցներում անհրաժեշտ է ավելացնել երեխաների շարժողական ակտիվությունը. «Կարևոր է դասժամերին կազմակերպել ֆիզկուլտ-դադարներ, ամիսը մեկ անգամ կազմակերպել առողջության օր, դասամիջոցներին կատարել մշտական օդափոխություն, հետևել դասարանի մաքրությանը, հետևել օրվա ռեժիմի կատարմանը, որը  երեխաների մոտ կձևավորի առողջ ապրելակերպի գիտակցումը»,- նշեց բժշկուհին:

Ըստ էության, դպրոցն այսօր իր առջև նպատակ է դրել դաստիարակել և կրթել ոչ միայն բանիմաց ու գործուն, այլև առողջ և ամրակազմ սերունդ, քանի որ ամուր առողջությունը նպաստում է ցանկալի գործունեության հաջողությանը, այդ թվում նաև մտավոր:

Իհարկե, ցանկալի է, որ մարդը լինի առողջ, ստեղծագործ, հզոր իր մտքի թռիչքով և գործունեությամբ: Երեխայի առողջության պահպանման գործում առաջնային դերը պատկանում է առողջ ապրելակերպին: Իսկ առողջությունը պետք է դիտարկել որպես գերագույն արժեք, որն ընկած է ոչ միայն առողջ ապրելակերպի, այլ նաև  մարդու կյանքի որակի, ճիշտ կենսակերպի, երջանկության հիմքում: Առողջությունը դեռևս ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ դառնում է ոչինչ, եթե չկա առողջություն:

Սաթենիկ Խեբոյան

5-րդ կուրս

Կիսվել