ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

3017

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Տեխեկատվական տեխնոլոգիաները կատարում են որոշակի կրթական գործառույթ, օգնում են սովորողին կողմնորոշվելու կրթական սուբյեկտների տեղեկատվական հեղեղների մեջ, ընկալելու այն, հիշելու, և ոչ մի դեպքում չվնասելու առողջությունը։ Խոսքը նախ և առաջ կրթության բնագավառում համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման մասին է, որոնց շնորհիվ կարող է ստեղծվել ուսումնական-ճանաչողական մի այնպիսի միջավայր, որը կնպաստի ինչպես անհատական, այնպես էլ խմբային ու զանգվածային ուսուցման տարբեր խնդիրների լուծմանը։ Ինչպե՞ս են կիրառվում ՏՏ-ներն ուսուցման գործընթացում: Այս հարցի շուրջ զրուցեցինք մի խումբ մանկավարժների հետ:

Ըստ ուսուցչուհի Ա. Նավոյանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դրական է գնահատվում. «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսուցման գործընթացում թույլ է տալիս զարգացնել հետազոտական և ստեղծագործական հմտություններ: Խթանում է աշակերտների միտքը՝ ձևավորելով տեղեկատվության հետ աշխատելու ունակություն և իրավազեկություն: Թույլ է տալիս սովորողին ակտիվորեն ներգրավել ուսումնական գործընթացի մեջ, ապահովել սովորողի և ուսուցչի միջև ուսումնական գործընթացում համագործակցություն»:

Դասվար Ն. Գրիգորյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը. «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը աշխուժացնում է դասավանդման գործընթացը և նպաստում դասավանդման խթանող գաղափարների կյանքի կոչմանը: Այն հնարավություն է տալիս աշակերտների կողմից նոր գիտելիքներ ինքնուրույն ձեռք բերելու ունակության զարգացմանը»։

Այսօր նոր տեխնոլոգիաները մարդկանց տալիս են աշխարհի մի ծայրից մյուսը հաղորդակցվելու, մտքեր, ծառայություններ և տեղեկություն փոխանակելու, աշխարհի տարբեր երկրներում գտնվող իրենց գործընկերների հետ համագործակցելու հնարավորություն։ Կարող ենք նշել, որ տեխնոլոգիաների օգտագործումը մեծ հնարավորություն է տալիս այսօր նաև հեռավար ուսուցման կազմակերպմանը, որը միջոց է հանդիսանում ցանկացած վայրից՝ համակարգչով մասնակացել ուսումնական գործընթացին: Դասերի անցկացման այս տարբերակը ունի մի շարք առավելություններ, որոնցից կարելի հատկապես նշել այն, որ սովորողը ինքը կարող է ընտրել իր համար կրթության վայրը և ժամանակը, կրթական  հաստատությունից հեռու գտնվելու կամ հիվանդության պատճառով կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ մարդկանց կրթությունը այժմ նույնպես հասանելի է: Արժե նշել նաև անտեղի ժամանակի և գումարի վատնումը:

Սակայն, այս ամենով հանդերձ, հեռավար ուսուցումը ունի մի շարք թերություններ, որոնք սովորողի վրա բացասաբար են ազդում։

Որքանով որ կարևորում ենք համակարգչային տեխնոլոգիան, պետք է նշել նաև, որ այն նաև թողնում է իր բացասական ազդեցությունը՝ վնասելով սովորողի առողջությունը, այդ թվում վնասելով և՛ տեսողությունը, և՛ հենաշարժողական ապարատի զարգացմանը: Բացի այդ, կան նաև կայքեր, որոնք չեն համապատասխանում երեխաների մակարդակին, առկա է  ատելություն, բռնություն քարոզող տեղեկատվություն, ոչ վայելուչ գովազդային ինֆորմացիաներ։

Նշենք, թե այժմ հեռավար ուսուցման կազմակերպմանը ինչպես են վերաբերվում: Անգլերենի ուսուցչուհի Լ. Աղաբեկյանը նշեց, որ սովորողների և մանկավարժների ներգրավվածությունը, պատրաստակամությունը նկատելի են, այդուհանդերձ այս հարթակները ոչ ամբողջությամբ են լրացնում դասապրոցեսը. «Ուսուցման գործընթացի համար անմիջական շփումը շատ կարևոր է: Մանկավարժի դեմքի արտահայտությունը, շարժուձևը կենդանացնում է դասը»:

Ծրագրավորող Ս. Խաչատրյանը նշեց, որ հեռավար ուսուցումը ունի իր բացասական կողմերը, և ընդգծեց. «Հեռավար ուսուցման ժամանակ երկար հեռախոսով կամ համակարգչով դաս անելուց հետո սովորողները, ինչպես նաև մանկավարժները, ֆիզիկապես շատ են հոգնում, առաջանում են գլխացավեր, գլխապտույտ»:

Այնուամենայնիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն է տալիս ակտիվացնելու սովորողների ճանաչողական և մտավոր գործունեությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ոչ միայն փոխելու ակադեմիական աշխատանքի ձևերը և մեթոդները, այլև վերափոխելու և հարստացնելու կրթական հիմնարար հմտությունները:

Սաթենիկ Խեբոյան

5-րդ կուրս

Կիսվել