Գերմանացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերն առաջինն էր, ով հոգեբանության մեջ ներմուծեց թերարժեքության բարդույթ տերմինը: Մարդու ակտիվության դրդող ուժը Ադլերը համարում է թերարժեքության զգացում:
Այս թեմայի շրջանակներում կխոսենք հոգեբան Հասմիկ Գևորգյանի հետ:
–Հաճախ հանդիպում ենք ‹‹թերարժեքության զգացում›› և ‹‹թերարժեքության բարդույթ›› հասկացություններին․ ինչո՞վ են դրանք տարբերակվում:
-Այս հասկացությունները մարդիկ հաճախ են շփոթում: Թերարժեքության զգացումը առողջ վիճակ է, որը բերելու է փոխհատուցման, անձի ստեղծագործական «ես»-ի: Իսկ եթե խոսում ենք բարդույթի մասին, այս պարագայում տեղի է ունենում ոչ թե փոխհատուցում, այլ հիպերփոխհատուցում՝ սեփական թուլության զգացումի չափազանցում:
–Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս է ձևավորվում բարդույթը:
-Բարդույթի ձևավորումը կարող է տեղի ունենալ տարբեր հանգամանքների բերումով` արտաքին գործոններ, դաստիարակչական ներգործություն և այլն: Ախտաբանական, բացասական ազդեցությունների արդյունքում ձևավորվում է մարդու կյանքի որոշակի ոճ: Այս պարագայում մարդու ստեղծագործական «ես»-ը չի ծավալվի: Չկա հետաքրքրություն, անձն այլևս չի գործում ի բարօրություն սոցիալական միջավայրի: Անձը ձգտում է ամեն ինչ դասավորել այնպես, որ յուրաքանչյուր իրավիճակից միայն իր համար շահեկան ելքով դուրս գա:
-Ի՞նչ եք կարծում թերարժեքության բարդույթը մարդուն տված է ի ծնե՞:
-Գիտեք, ըստ Ֆրոյդի՝ թերարժեքության բարդույթը առաջանում է ‹‹ես››-ի վերաբերմունքից ‹‹գեր ես››-ի հանդեպ, որը դրսևորվում է որպես մեղք և դրանց միջև լարվածության արտահայտվածություն: Մարդը ծնվում է թույլ և անպաշտպան, ունենում է օրգանների թերություն, արտաքին աշխարհը միշտ սպառնում է նրան և այս ամենը խոսում է այն մասին, որ մարդը ծնված օրից ունենում է թերարժեքության բարդույթ:
-Իսկ ինչպիսի՞ խնդիրների կարող ենք հանգել թերարժեքության բարդույթով տառապող մարդու հետ շփման ընթացքւմ:
–Թերարժեքության բարդույթով տառապող մարդու հետ հարաբերությունները շատ դժվար են և հաճախ կոնֆլիկտային կարող են լինել , որովհետև նա անընդհատ ‹‹շոյում›› է իր անձը, ունի եսակենտրոն մոտիվացիա, կենտրոնացած է սեփական անձի պաշտպանությանը և առաջմղմանը:
-Եվ վերջում, ինչպե՞ս կարող ենք պայքարել բարդույթի դեմ:
Շատ քիչ մարդիկ կան, ովքեր զուրկ են բարդույթներից կամ ունեն, բայց հերքում են ու չեն նկատում: Պետք է ինքնահաստատվել և ռիսկի գնալ: Ունենալ փոքրիկ ձեռքբերումներ, և գնահատել ձեռք բերված չնչին հաջողությունները: Պետք է անընդհատ կրկնել ‹‹ես կարո՛ղ եմ››, ես արժանի՛ եմ ամենալավին:
Նաիրա Պետրոսյան
5-րդ կուրս