Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Հայաստանի տարբեր բուհերում ավարտական աշխատանքների պաշտպանությունը հեռավար է անցկացվում՝ «Moodle» և «Zoom» ծրագրերի միջոցով։ Մի քանի ուսանողների հետ ենք զրուցել՝ պարզելու, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել ուսանողներն այս ընթացքում և ինչպես են դրանք հաղթահարել։
ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողուհի Կարինե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց․ «4 տարի առաջ մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ ավարտական աշխատանքները կպաշտպանենք էկրանից այն կողմ՝ ամբիոնի, հանձնաժողովի ու լսարանի առաջ դեմ առ դեմ լարված կանգնելու փոխարեն, ինչպես ընդունված է։ Դիպլոմային աշխատանքի նախապատրաստական ամբողջ ընթացքը, ղեկավարի հետ պարբերաբար քննարկումները տեղի են ունեցել բացառապես հեռավար, ինչը բնականաբար լարված էր պահում թե՛ մեզ` ուսանողներիս, և թե՛ ղեկավարին։ Բարեբախտաբար, ղեկավարի և մեր ջանքերի ու համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել ամբողջ դժվարությունը և փայլուն ներկայանալ հանձնաժողովին` հեռավար կերպով»։ Կարինեն նշեց, որ պաշտպանության ընթացքում խնդիրները հիմնականում տեխնիկական էին՝ կապված ձայնի ոչ հստակ լսվելու հետ, բայց քանի որ համակարգը ծանրաբեռնված է այս օրերին, բնական է, որ այդպես էլ լինելու էր: Կարինեն չի կարծում, որ դա ինչ-որ կերպ ազդել է ընթացքի վրա։
«Հիմնական խնդիրն ինձ մոտ է եղել. երբ պաշտպանելու իմ հերթն էր, մեր տան հոսանքն անջատեցին, ու ես ստիպված հեռախոսով միացա։ Պատկեր ընդհանրապես չկար, ձայնը կտրտվում էր, ու ես ստիպված տեսախցիկն անջատել եմ, որ կարողանան իմ ձայնը լսել, բայց դա չխանգարեց, որ աշխատանքս պաշտպանեմ գերազանց,- պատմեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Հարոյանը։
– Իհարկե, շատ էինք ուզում հենց ամբիոնից պաշտպանել, որովհետև ես միշտ հենց այդպես էի պատկերացրել, որ կարծիք արտահայտես, խոսես, ընդդիմախոսը քեզ հակադարձի։ Ընդհանուր առմամբ արդյունավետ էր. լավագույն տարբերակն էր այս օրերին, քանի որ առողջությունն ամեն ինչից թանկ է»։
Իսկ Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի ուսանողուհի Ռոզա Թադևոսյանն ասաց․ «Հեռավարին անցում կատարելն ինձ համար հեշտ էր, քանի որ կորոնավիրուսի բռնկումից առաջ էլ, երբ հնարավորություն ունեինք տեսնելու ղեկավարին, մենք հիմնականում հեռավար ձևով էինք քննարկումներն իրականացնում, որովհետև 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակի ընթացքում մենք դասերի չէինք հաճախում: Բացի դրանից, ես աշխատում էի, և ինձ այդքան էլ հարմար չէր միշտ հանդիպել դասախոսին։ Բուն պաշտպանության ժամանակ խնդրիներից մեկը, որին բախվել եմ, այն է, որ մեզ ասել էին՝ ժամը 9-ին է սկսվում պաշտպանությունը, սակայն համակարգչի դիմաց սպասել եմ շատ երկար՝ մինչև ժամը 14։00-ը։ Մեզ չէր ասվել, որ նախորդ օրվանից մնացած մասնակիցներ կային, ովքեր պիտի մասնակցեին։ Մի բան է, երբ համալսարանում կուրընկերներիդ հետ սպասում ես քո հերթին, մեկ այլ բան է, երբ դու տանն ես՝ համակարգչի դիմաց, հստակ չգիտես՝ որ պահին է քո հերթը։ Անգամ մեկ բաժակ ջուր խմելու համար վախենում ես սենյակից դուրս գալ, որովհետև ամեն պահի կարող են միանալ»։ Ռոզան վստահ է, որ ավարտական աշխատանքի կենդանի պաշտպանության ժամանակ ավելի բարձր կստանար, որովհետև հեռավարի դեպքում ժամանակը սուղ էր. «Կենդանի շփման ժամանակ կարող ես ռեալ ներկայացնել աշխատանքդ, ու վտանգ չկա, որ կապը կընդհատվի, կամ համակրգիչը կանջատվի։ Ես կուզեի կենդանի շփմամբ պաշտպանել»։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող Գոռ Հարությունյանի խոսքերով ևս պաշտպանության ժամանակ եղել են տեխնիկական խնդիրներ: Օրինակ՝ նա բավականին ջանք էր ներդրել, որ իր սահիկաշարը լինի գեղեցիկ ու ոչ ստանդարտ, սակայն քանի որ «Zoom» ծրագրի ծանրաբեռնվածությունից էֆեկտները կորչում էին, այսինքն՝ աշխատանքի մեծ մասը կորչում էր։ Նաև համակուրսեցիների մոտ սահիկաշարը չբացվելու հետ կապված խնդիրներ են եղել։ «Փաստացի այն չէր, ինչը մենք կակնկալեինք կենդանի պաշտպանությունից, բայց բավականին լավ էր օբյեկտիվության առումով»,- հավելեց Գոռը։
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված այս իրավիճակը, փաստորեն, տարբեր բուհերում նմանատիպ խնդիրներ է առաջացրել, որոնց բարձրաձայնումը կարևոր է հետագայում դրանցից խուսափելու համար. իրավիճակից ելնելով՝ գուցե հեռավար պաշտպանությունները դառնան շարունակական։
Սոնա Պետրոսյան
2-րդ կուրս