Աշխատել ցանկացող ուսանողների կարևոր խնդիրներից մեկն աշխատանք գտնելու և այն ուսման հետ համատեղելու խնդիրն է։ Այսօր սա բավականին դժվար է։ Ուսանողներին և շրջանավարտներին աշխատանք փնտրելիս փորձում է օգնել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Կենտրոնի աշխատակից Օֆելյա Թադևոսյանն ասում է, որ համագործակցում են տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, ուսանողներին և շրջանավարտներին տեղեկացնում թափուր աշխատատեղերի և ինթերնշիփի հնարավորությունների մասին. «Համագործակցության շրջանակում կազմակերպվում ենք ինթերնշիփային ծրագրեր, սեմինար-դասընթացներ, տեղեկատվական հանդիպումներ, այցելություններ կազմակերպություններ, որոնք ուսանողներին և շրջանավարտներին հանարավորություն են տալիս ձեռք բերել նոր հմտություններ, ծանոթանալ տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին: Նրանք կարողանում են հենց գործատուից տեղեկանալ և մինչ ավարտելն արդեն պատկերացում են ունենում, թե որ ոլորտում աշխատելու դեպքում ինչպիսի հմտություններ և գիտելիքներ են պահանջվում։ Ունենք շրջանավարտների էլեկտրոնային փոստերի բազան, որի միջոցով ցանկացած հայտարարություն ուղարկվում է ուսանողներին՝ աշխատանքային գործընթացը դարձնելով էլ ավելի արդյունավետ և թիրախավորված»։
Ուսանողներից շատերը փնտրում են կես աշխատանքային օրով և չհաստատված գրաֆիկով աշխատանք։ Նման աշխատանք ուսանողներին առաջրկում է, օրինակ, «Այ Էմ Առ» մարքեթինգային հետազոտական ընկերությունը։ Հավաքագրման բաժնի ղեկավար Արաքս Դանիելյանի խոսքով՝ իրենք աշխատանք են տրամադրում ուսանողներին հիմնականում զանգերի կենտրոնի հաստիքի համար. «Զանգերի կենտրոնի աշխատանքի համար կա երկու գրաֆիկ՝ տասից երկուսը կամ երկուսից յոթը, սակայն դեպքեր են լինում, որ խախտվում է։ Ժամային գրաֆիկն ուսանողների ցանկությամբ է, բայց մեզ համար պարտադիր պայման է շաբաթական հինգ օր հինգ ժամ աշխատելը, թեև չկա հստակ սահմանափակում, թե որ ժամերին։ Ունենք նաև հնարավորություն տանից աշխատելու, որը ևս ուսանողներին հարմար է։ Գտնվելու վայրի տեսակետից մեզ հետ համագործակցել հարմար է Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին»:
Շատերի համար աշխատանքն ու ուսումը համատեղելը հաճելի է, արդյունավետ, ապագայի համար փորձ կուտակելու միջոց, շատերի համար էլ որոշ դժվարություններ է պարունակում։ «Azat TV» լրատվական կայքում աշխատող 19-ամյա Խլղաթյան Լիլիթն, օրինակ, պատմեց, որ չնայած առաջին փորձին` աշխատանքի ընդունվելը դժվար չի եղել, բայց հեռավար ուսուցման անցնելը և արտակարգ իրավիճակը դժվարացրել են համատեղումը. «Տևական ժամանակ պրակտիկա եմ անցել, քանի որ առաջին փորձս էր, շատ բաներ չգիտեի ու ոլորտով այդքան էլ հետաքրքված չէի։ Խնդիրը գրաֆիկն էր. մեր դասերի գրաֆիկը շատ խառն է, ու ես պետք է ընտրություն կատարեի դասի կամ աշխատանքի միջև: Մինչև հեռավարը դա ավելի լավ էր ստացվում։ Երբ սկսեցինք տանից աշխատել, և դասերն էլ դարձան հերավար, գործս բարդացավ, որովհետև ֆիզիկապես չէի հասցնում առավոտյան 4 ժամ համակարգչի դիմաց նստելուց հետո միանալ առցանց դասերին։ Աչքերի ցավ, հոգնածություն. կարելի է ասել՝ այդպես էլ չհարմարվեցի»։
Նույն կայքում աշխատող 20-ամյա Շողեր Կակոյանն ուսումը և աշխատանքը համատեղել սկսվել է հենց առաջին կուրսից: Ասում է՝ դա դժվար չէ, եթե կա նպատակ և անհրաժեշտություն. «Ուսմանս զուգընթաց ակցիաներ եմ կազմակերպել, բուկլետ եմ բաժանել։ Եղել է անգամ, որ շատ ուշ եմ տուն վերադարձել, բայց դա ինձ չի խանգարել, որ պարապեմ և առաջադրանքներս կատարեմ։ Այս պահին վաճառողուհի եմ ծաղկանոցում և «Azat TV»-ում եմ աշխատում: Երկուսն էլ համատեղում եմ ուսմանս հետ. ստացվում է։ Համատեղելն ինձ համար փորձ է, և հետագայում ավելի հեշտ կլինի ինձ համար»։
Իսկ ահա ԵՊՀ նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ ուսումը և աշխատանքն անհամատեղելի են. «Հատկապես բակալավրիատում ես կողմ չեմ, որ ուսանողն աշխատի, քանի որ այդ չորս տարիները նրա համար տեսական գիտելիքները հարստացնելու լավագույն ժամանակն են։ Ուսումնառության ընթացքում նրանց համար նաև պրակտիկա է կազմակերպվում։ Այնպես որ այս տարիներին ուսումը և աշխատանքը, կարծում եմ, կխանգարեն մեկը մյուսին»։
Վիկտորյա Հովեյան
2-րդ կուրս