ԻՆՉՊԵՍ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ

ԻՆՉՊԵՍ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ

1237

Թերապևտ Ալլան Գասպարյանը  հորդորում է   սնվել ավելի թեթև, զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, որոնք ամենաշատն են թունավորում մարդուն։ Ուտելիքը պահել 72 ժամից ոչ ավելի, այն էլ փակած վիճակում։ «Սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում ենք չօգտագործել հին աղցանները, թափել դրանք նույնիսկ մեծ ափսոսանքի դեպքում»։

Աննա Մկրտչյանի համար ամանորյա խնջույքը տխուր ավարտ է ունեցել սննդային թունավորման հետևանքով․ «Երեք տարի առաջ Ամանորին  հյուր էինք գնացել, տարբեր ուտելիքներ էր դրված սեղանին, ինքներդ էլ գիտեք՝ Հայաստանում,  եթե հյուր եք գնում, ապա գոնե բլինչիկից պետք է օգտվես․ քաղաքավարությունից դրդված կերա։ Չանցած կես ժամ՝ զգացի, որ վատ եմ զգում։ Սարսափելի օր էր, ես երբեք այդքան վատ ինձ չէի զգացել, շունչս էր կտրվում չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Այդ օրվանից սկսած ես ինձ խոսք տվեցի, որ այլևս չեմ սնվի նմանատիպ ուտեստներով։Այժմ ոչ միայն չեմ սիրում ամանորյա ուտեստները, այլև  նախընտրում եմ սնվել ավելի թեթև ուտեստներով, օրինակ՝ հնդկաձավարով կամ շիլայով, քանի որ այն ավելի շուտ է մարսվում»,- պատմում էր Աննան։

Դիետոլոգ Նազելի Վարդանյանը զգուշացնում է, որ վտանգներից խուսափելու համար ավելի լավ է զերծ մնալ կասկածելի խանութներից մթերք գնելուց։ «Պետք է ուշադրություն դարձնել ապրանքների  պիտանելիության ժամկետին  և ձեռք բերել դրանք միայն լիազորված վայրերում, այլ ոչ թե ձեռքից ձեռք, ինչը հատկապես կարևոր է, երբ գնում եք  միս, մսամթերք, ձուկ, աղցաններ։ Ամանորյա տոներին սննդային թունավորումների և աղիքային վարակների վտանգը աճում է, քանի որ բազմաբաղադրիչ կերակրատեսակները, օրինակ, աղցանները, լավ միջավայր են վիրուսների և բակտերիաների բազմացման համար»,-հորդորում է դիետոլոգ Վարդանյանը։

Նա հավելում է, որ երեխաների համար հատուկ ուշադրություն պետք է դարձնել մթերքի մաքրությանն ու թարմությանը և թույլ չտալ, որ երեխան աղի ձուկ կամ միս ուտի։ «Չպետք է տալ երեխային սունկ եւ ծովամթերք. այս արտադրանքը շատ ալերգիկ է և կարող է բացասաբար ազդել երեխայի առողջության վրա: Նույն ցուցակին պետք է ավելացնել ձիթապտուղ, քանի որ այն դեռ պարունակում է մեծ քանակությամբ աղ։ Ավելի լավ է երեխային առաջարկել թեթև բանջարեղենային աղցան՝ համեմված թթվասերով կամ բուսական յուղով, երեխաների համար մայոնեզով աղցաններ խորհուրդ չի տրվում»։

Մարինա Հովհաննիսյանն արդեն երեխա չէր, երբ թունավորվեց․ պատճառը երշիկն էր։

 «Երշիկ էի կերել ու կես ժամ հետո  զգացի, որ այնքան էլ  լավ չեմ  զգում ինձ, դիմեցի հարևանուհուս, որովհետև շատ եմ վախենում սրսկումներից։ Ժամեր հետո, առանց դադարի, սկսեցի փսխել այնքան, մինչև որ այդ թույնն օրգանիզմիցս դուրս եկավ։ Այդ ընթացքում  արյունս արդեն լերդացել էր ու այն շատ վտանգավոր կարող  էր լինել ինձ  համար»։ Մարինան հավելում է, որ այդ օրից սկսած՝  ոչ մի երշիկ տանել չի կարողանում։ 

Դիետոլոգ Վարդանյանը տոնական դիետա  է առաջարկում հիպերտենզիայով տառապող հիվանդների համար՝ հորդորելով զերծ մնալ յուղոտ ուտեստներից, քանի որ դրանք հարուստ են խոլեստերինով (սառնաշաքար, երշիկ, տապակած միս, կարագ, մայոնեզ)։ «Նրանք կարող են ուտել  ձուկ, ծովամթերք, աղցաններ և թեթև բանջարեղենային նախուտեստներ: Շատ օգտակար է սպիտակ գինին ոչ ավելի, քան 150 մլ, շամպայնը, որը գիտնականները համարում են վնասակար սրտի համար, կամ այլ քաղցր գազավորված ըմպելիքներ,  դրանք ավելի լավ է մի կողմ դնել: Կարմիր գինին նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ այն բարձրացնում է ճնշումը: Մասնագետը նշում է, որ եթե դուք պլանավորում եք մնալ սեղանի շուրջ կեսգիշերից հետո, փորձեք օրվա ընթացքում ժամանակ հատկացնել քնի համար»:

Նրբերշիկը ևս կարող է թունավորման պատճառ լինել։ Մարիամ Մանուկյանը տանել չի կարողանում նրբերշիկ այն օրից, երբ թունավորվեց և իրեն տարան հիվանդանոց․ «Երկու տարի առաջ երեկոյան խաշած նրբերշիկ կերա և  ամբողջ գիշեր 30 րոպե ընդմիջումներով   ջուր էի հետ տալիս։ Այդ ընթացքում ոչինչ չէի կարողանում ուտել կամ խմել։ Առավոտյան տարան բժշկի, ներարկում միացրին, դեղեր նշանակեցին և խորհուրդ տվեցին չօգտագործել նմանատիպ մթերքներ»։

Իսկ Շամիրամ Խաչատրյանը թունավորվել է հղիության ընթացքում սեխից։ «Վեց ամսեկան հղի էի, երբ մի օր միայն սեխ էի կերել, ուտելուց մոտ 1 ժամ հետո ուժեղ սրտխառնոց ունեցա, հետո անընդհատ փսխում էի, սկզբից կապեցի հղիության հետ, բայց զգացի, որ գնալով ավելի եմ թուլանում։ Ճնշումս ընկել էր 30-50 ու գլխապտույտ էի ունենում, բժիշկի հետ կապվեցի, ասաց, որ շատ հեղուկ օգտագործեմ մինչև կգնամ հիվանդանոց։ Փառք Աստծո ամեն ինչ լավ ավարտ ունեցավ»,- պատմում է Շամիրամը։

Ըստ Վարդանյանի՝ հղիները պետք է զգուշությամբ օգտագործեն ալերգիկ մթերքներ’ ցիտրուս, շոկոլադ, էկզոտիկ մրգեր եւ ուտեստներ: «Հղիության ընթացքում կարող է առաջին անգամ հայտնաբերվել ալերգիկ ռեակցիա այն մթերքների նկատմամբ, որոնք կինը մինչ հղիությունն օգտագործում էր առանց որևէ հետեւանքների: Բացի այդ, հղի կանայք չպետք է շատ ուտեն քաղցրավենիք  (տորթեր, խմորեղեն, շոկոլադ), քանի որ դա վնասում է ոչ միայն մայրիկին, այլև երեխային»։

Անուշ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել