ԱՐԾՎԱՆԻՍՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՆԴԻՐԸ` ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

ԱՐԾՎԱՆԻՍՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՆԴԻՐԸ` ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

1194

Սոնան 5 տարեկան է, նրա միակ ընկերուհին Նաստյան է` ռուս փոքրիկ բլոգերը։ Գեղարքունիքի մարզի  Արծվանիստ գյուղում Սոնայի պես շատ երեխաներ կան, որոնց միակ ընկերուհին Նաստյան է։ Նաստյային իրենց լավագույն ընկերուհի կարգել են այն պատճառով, որ իրար չեն ճանաչում։ Անուշը` Սոնայի մայրը, մեզ հետ զրույցում ասաց, որ երեխան օրվա մեկ քառորդ մասը համակարգչի առաջ է անցկացնում․

«Ամբողջ օրը դրսում ենք լինում, իսկ նա տան միակ փոքր երեխան է, մանկապարտեզ չկա, որ գնա, իսկ տարիքը չէր համապատասխանում նախակրթարան գնալու համար, քանի որ նոր է 5 տարեկան դարձել»,–ասաց տիկին Անուշը։

Երեխայի հարազատները փորձում են խաղեր խաղալ նրա հետ, որպեսզի իր հասակակիցների պակասը չզգա։ «Մի օր Հուրի փերին եմ, մի օր՝ Չելովեկ Պաուկը, մի օր էլ՝ Մաշայի արջը, սակայն մենք զբաղված ենք, գործեր ունենք ու խաղերը ոչ միշտ ենք կարողանում խաղալ, և նույնը չէ, ինչ-որ նա իր հասակակիցների հետ կխաղար»,– նշեց երեխայի հայրը։

Գյուղապետարանից մեզ տեղեկացրին, որ համայնքում 3- 5 տարեկան 161 երեխա կա,  որոնցից 5 տարեկան է 58 երեխա։  Դպրոցի տնօրենը` Սահակյան Թոռնիկը, մեզ ասաց, որ նախակրթարանում այժմ սովորում է 37 երեխա։ Ստացվում է, որ 124 երեխա զրկված է նախադպրոցական կրթությունից։  2015 թվականին  փակվել է գյուղում գործող միակ մանկապարտեզը և նույն տարում դպրոցում բացվել է  նախակրթարան,  սակայն ի տարբերություն մանկապարտեզի, որտեղ ընդունելությունը երեխաների 3-ից 5 տարեկանն է եղել, նախակրթարանում ընդունելությունը 5 տարեկանից է։

Ինչու՞ Արծվանիստ գյուղի երեխաների մոտավորապես 77%-ը նախադպրոցական կրթություն չի ստանում։ Ինչու՞ չի գործում մանկապարտեզը։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեցինք փակված մանկապարտեզի տնօրեն Թամարա Տոնոյանի հետ, ով մեզ ասաց, որ մանկապարտեզը չի գործում  սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանելու պատճառով.

«Մինչև փակվելը մենք բարձրաձայնել ենք առկա խնդիրների մասին, դիմել ենք  մարզպետարան,  գյուղապետարան, սակայն ասել են՝ մենք դրա համար բյուջե չունենք, համայնքը աղքատ է։ Մանկապարտեզը փակվելուց հետո մի շարք կազմակերպությունների և անհատների ենք դիմել, սակայն՝ ձայն բարբառո անապատի։ Մենք դիմում ենք, սպասում և արդյունքում՝ ոչինչ։  Առաջինը պետք է քո համայնքից  օժանդակություն ստանաս, որ այլ մարդիկ կամ կազմակերպություններ շահագրգռված լինեն օգնելու։ Եթե համայնքապետարանը ասում է՝  բյուջե չկա դրան հատկացված, այլ մարդիկ  ո՞ւմ օրինակին են հետևելու»,– ասաց մանկապարտեզի տնօրենը։

Հասկանալու համար՝ ինչ քայլեր է ձեռնարկել համայնքապետարանը մինչ մանկապարտեզի փակվելը, զրուցեցինք Արծվանիստի համայնքապետ Սամվել Օհանյանի հետ։  Նա ասաց, որ մինչև մանկապարտեզի փակվելը ինքը տեղյակ է եղել խնդիրների մասին։  Պատմեց, որ 183 մլն դրամի ծրագիր է եղել, պետք  է վերանորոգեին, սակայն ծրագիրը չի իրագործվել․

«Գյուղնախարարության ծրագրի շրջանակներում եկան նայեցին, պետք է գումար հատկացնեին, բայց չհատկացրին»։

Մանկապարտեզի շենքը վթարային վիճակում է գտնվում, գյուղապետի խոսքով՝ այս տարի մասնակի վերանորոգում է տեղի ունենալու, սակայն նա չհստակեցրեց, թե ո՛ր ամսին և ո՛ր օրն են սկսվելու վերանորոգման աշխատանքները, և արդյոք վթարային շենքը մասնակի վերանորոգելուց հետո մանկապարտեզը սկսելու է գործել, թե ոչ։  

Սերինե Աղաբեկյան

2-րդ կուրս

Կիսվել