ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՈՂՄԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՈՂՄԸ

1168

Այսօր դպրոցներից շատերն անցել են ներառական կրթության։ Կան հաստատություններ, որոնք հաջողել են եւ դարձել են օրիանակ մյուսների համար։ Բայց դպրոցներ էլ կան, որոնք ավելի շատ վնասում ու խանգարում են տեղաշարժման եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ Ներառական կրթության մասին զրուցել ենք «Շող» ցերեկային կենտրոնի  հոգեբան-արտ-թերապևտ և «Կէան» կրթամշակութային կենտրոնի տիկնիկագործ Սրբուհի Մովսիսյանի հետ։

«Իհարկե, ներառական կրթության մասին խոսելիս, առաջնահերթ նշում ենք հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, որը բավական ամուր է արմատավորված։ Դրա մասին  բազմիցս խոսել եմ և նշել, որ այս տեսանկյունից  սա, անշուշտ, ներառական կրթության դրական կողմերից կարևորագույնն է: Սակայն հաշվի առնելով իմ աշխատանքային փորձն այս ոլորտում՝ վստահեցնում եմ, որ կան ուսուցողական դասընթացներ, որ  «չեն կարևորվում»  դպրոցներում: Կխնդրեմ՝ ասածս ընկալեք այսպես ասած չակերտներում. այդ դասընթացներն այն մեթոդներն են, որոնցով մենք՝ մասնագետներս, աշխատում ենք ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ: Այդ մեթոդների հիմքը հոգեբանական հետաքրքիր, ուսուցողական թեստերն են, որ մարզում են երեխայի մոտ մեխանիկական հիշողությունը:

Այ օրինակ «Շող» ցերեկային կենտրոնում երեխաները գորգ են գործում՝ հիմնվելով հենց մեխանիկական հիշողության վրա: Միտքը մարզում են հոգեբանական թեստերի միջոցով, որոնք, բազմիցս անգամ համոզվել եմ, որ հետաքրքիր են անգամ մեծահասակների համար: Իզուր չէ, որ համալսարաններում, անկախ մասնագիտական ուղղվածությունից, անցնում են հոգեբանություն առարկան: Եվ ինչու չենք երբևէ մտածում, որ ներառական կրթությունն ունի  դրական շատ ու շատ կողմեր: Առհասարակ պետք է ձգտենք ընկալել և ընկալելի դարձնել ներառական կրթությունը մեկ այլ տեսանկյունից: Ճիշտ կազմակերպելու և ճիշտ մեթոդներով աշխատելու դեպքում դպրոցներում ներառական կրթությունը ժամանակի ընթացքում կդառնա  «ուսուցողական դասընթաց»:

Սրբուհի Մովսիսյանը նշում է նաև, որ այս ամենն ուղղակի կարծիք չէ, այլ բազմաթիվ օրինակների հիման վրա ապացուցված եզրակացություններ։

Հենց այդ  վառ օրինակներից մեկն էլ «Ինթրա» ցերեկային կենտրոն հաճախող երեխաներից մեկի քույրն է՝ Եվան, ով իր օրինակով գիտի՝ ինչպես շփվել ու ինտեգրել ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաներին։

«Այո, քույրս ունի մտավոր խնդիրներ, և մենք հաճախում ենք «Ինթրա» ցերեկային կենտրոն: Ինչու՞ նշեցի մենք, որովհետև քրոջս հետ միասին եմ գնում այդ կենտրոն, և մասնագետների թույլտվությամբ մասնակցում եմ բոլոր դասերին: Դա անում եմ ոչ միայն նրա համար, որ քույրս տեսնի՝ իր կողքին եմ ամեն վայրկյան, այլ նաև, որպեսզի շփվեմ այդ կենտրոնի բոլոր երեխաների հետ, նրանք էլ՝ ինձ հետ: Բացի այդ, ասեմ, որ ինձ շատ հետաքրքիր են հոգեբանների հետ դասընթացները և, ինչու չէ, նաև մոտիվացնող: Դրանք մարզում են միտքս, տալիս լրիվ ուրիշ աշխարհայացք և լիցքաթափում առօրյայից: Իմ կարծիքով այս տեսանկյունից ներառական կրթության հետ առնչվող հասարակության ցանկացած շերտ շահում է դրական իմաստով»:

Սյուզաննա Սաֆարյան
4-րդ կուրս

Կիսվել