«ՆԱ ԱՍԱՑ ԱՅՈ» . ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«ՆԱ ԱՍԱՑ ԱՅՈ» . ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2431

«Արմու՜շ, վաղը գնալու ենք ֆոտոսեսսիայի՝ մեր ընկերության մեկ տարին նշելու…»:

Մայիսի 24-ին լրանում էր Վազգենի և Արմինեի ընկերության մեկ տարին, այդ օրը պետք է դառնար և դարձավ նրանց՝ միասին անցկացրած օրերից ամենանշանակալին՝ «նա ասաց ԱՅՈ».

«Երկար ժամանակ մտածում էի՝ ինչ անակնկալ անեմ Արմինեի համար, որ տարբերվող ու հետաքրքիր լինի, բացի այդ՝ վերջին շրջանում մտքովս հաճախ էր անցնում Արմինեի «մատին մատանի դնելը»: Որոշեցի մեր 1-ամյակը դարձնել անմոռանալի հենց այդ տարբերակով»,- պատմում է Վազգենը:

Ի՞նչը կարող է լինել ավելի հետաքրքիր ու խենթ, քան ամուսնության առաջարկ ստանալու նախորդ օրը դիպլոմային աշխատանքին պատրաստվելը.

«Ես շա՜տ զբաղված էի այդ օրերին, պատրաստվում էի դիպլոմայինիս: Իհարկե, ուրախ էի, որ մեր ընկերության 1-ամյակն էր մոտենում, սպասում էի այդ օրվան, բայց բացարձակ մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ Վազգենի միտքը փայլատակել է, ու ինձ նման անակնկալ է սպասվում: Վազգենը ինձ ասաց, որ գնալու ենք ֆոտոսեսսիայի, դե՜, հետո միայն իմացա, որ դա ասել էր հագուստի համար, որպեսզի երկուսս էլ գեղեցիկ ու համապատասխան հագնվենք» ,- անկեղծանում է Արմինեն:

Լարվածության ու սպասումներով լի հոգեվիճակում Վազգենը, իր ընկերների օգնությամբ, ամեն ինչ պլանավորել էր նախօրոք.

«Գաղափարի հիմքում այն էր, որ Արմինեին ամուսնության առաջարկ անեի կենտրոնում, այն պահին, երբ բոլոր մեքենաները կկանգնեին կարմիր լույսի տակ: Մենք նախօրոք բավականին լավ ուսումնասիրել էինք Թումանյան-Մաշտոց խաչմերուկը, ֆիքսել էինք լուսացույցների վայրկյանները՝ երբ են կանաչ, երբ են կարմիր: Հստակ գիտեինք՝ որ կողմից պետք է մոտենանք մեքենայով: Լարվածությունը իսկապես մեծ էր, որովհետև ամեն պահի ինչ-որ բան կարող էր սխալ ընթացք ստանալ, ու ձախողեինք, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ ընտիր էր»:

Վազգենը իր գաղափարը զարդարել էր ռոմանտիկ ատրիբուտներով. սպիտակ ու շա՜տ գեղեցիկ աթոռներ ու սեղան էր վարձել հատուկ այդ օրվա համար, շամպայն և, իհարկե, վարդեր՝ 101 ամենագեղեցիկ վարդերը.

«Վազգենը վարդերը փոխանցելու գործը ինձ էր վստահել,- պատմում է նրա փոքր եղբայրը՝ Դավիթը,- բայց շա՜տ լարված էի, վարդերն էլ, անկեղծ ասած, ծանր էին (ժպտում է,- հեղ. խոսք), ամբողջ ընթացքում վազում էինք: Ես պետք է թաքնվեի, որ Արմինեն հանկարծ չտեսներ ինձ՝ ծաղիկները ձեռքիս, թաքնվել էի ինչ-որ խանութի հետևում ու սպասում էի տղաների ազդանշանին, որ դուրս գամ ու տանեմ ծաղիկները»:

Ամեն մեկը կարծես իր անելիքը գիտեր, բոլորը պատրաստ են՝ «բանդան տեղում է, իսկ օբյեկտը մոտենում է»: Ամենակարևոր գործերից մեկը լուսացույցի գույներին հետևելն էր, ընկերները անընդհատ հետևում էին և հաղորդագրություն ուղարկում Վազգենին այդ մասին.

«Ուշադիր նայում էինք գույներին, վայրկանները հաշվում, որ հանկարծ ուշ կամ շուտ չգա Վազգենը: Ամեն մի վայրկյանն էլ կարևոր էր»:

Եվ այդ վայրկյաններով էլ զարդարվեց Վազգենի ու Արմինեի սերը, այդ վայրկյաններն էին, որ հավերժացրին սիրո այս պատմությունը.

«Երբ հասանք, Վազգենը ասաց, որ հիմա պետք է իջնենք երկուսով: Ես չէի հասկանում՝ ինչու՞ պետք է իջնենք, ի՞նչ էր կատարվում: Ոտքերս թուլանում էին, ընթացքում Վազգենը ինձ փորձում էր հանգստացնել՝ «հիմա չենք լարվում, հիմա հանգիստ առաջ ենք քայլում»: Առջևում մեզ շատ ծանոթ մարդկանց նկատեցի, բայց էլի չէի հասկանում՝ ի՞նչ է լինելու»,- հուզված ու տպավորված պատմում է Արմինեն:

Մեքենայով մոտենալիս Վազգենը այնքան լարված է եղել, որ համարյա թե կարմիր լուսի տակով էր անցել, սակայն ճիշտ պահին սթափվել ու մեքենան կանգնեցրել է.

«Լուսացույցները կարմիր էին, մենք մեքենայից իջանք ու քայլեցինք դեպի խաչմերուկի կենտրոն, որտեղ դրված էին սպիտակ աթոռներն ու սեղանը: Այնքան ոգևորված էի, որ նստելու մասին անգամ մոռացա, հենց կանգնած էլ առաջարկություն արեցի. մատանին Արմինեի ձեռքին էր»:

Վերջապես Դավիթն էլ կարող էր բերել ծաղիկները, և նրանք կվայելեին իրենց սիրո շամպայնը: Կարմիր լույսը արդեն փոխվել էր կանաչի, սակայն բոլոր մեքենաները դեռ կանգնած էին, ոչ մի մեքենա չէր շարժվում՝ ձայնային ազդանշանները միացրած, ոգևորում էին զույգին, իսկ շրջապատող մարդիկ՝ ծափահարում:

Վազգենի ընկերներից Ռազմիկի շնորհիվ նրանք ստացան ամենագեղեցիկ ու հաջողված լուսանկարներից մեկը: Նախապես Վազգենը խնդրել էր, որ նա հանկարծ շամպայնը ուժեղ չբացի ու իրենց «չողողի» շամպայնով, բայց.

«Այդ պահին շա՜տ ոգևորված ու ուրախ էի, պահի թելադրանքով ու ուրախությունից բացեցի շամպայնն ու արեցի այն, ինչ Վազգենը խնդրել էր չանել»,- խոստովանում է Ռազմիկը:

«Վերջապես բոլորս հանգիստ շունչ քաշեցինք, ամեն ինչ մեր ուզածով էր եղել: Շա՜տ շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, ովքեր մեր կողքին էին, աջակցեցին ու բոլորիս շնորհիվ գաղափարը իրականացավ»,- ասում է Վազգենը:

Դե, իսկ Արմինեն երջանիկ էր, նման 1-ամյակը անմոռանալի դարձավ զույգի համար: Երևանյան խենթությունների շարքին դասվեց նաև ամուսնության այս առաջարկը՝ սիրուց ծնված, շա՜տ մեծ սիրո խորհրդանիշ.

«Մի քանի րոպե տևեց, բայց մի կյանք արժեր»:

Հիմա կյանքը ավելի գունավոր է դարձել նրանց համար, իսկ լավ օրերն առջևում են. չէ՞ որ «Նա ասաց ԱՅՈ՛»…  

Արփի Բարսեղյան 

3-րդ կուրս

Կիսվել