Վերջերս հայաստանյան հասարակության համար ակտիվ քննարկման առիթ էր երեխաների սեռական կրթությունն ու սեռական դաստիարակությունը, որի պատճառ էր հանդիսացել մայիսի 11-ին Աժ-ի կողմից երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝ երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ պետք է տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին։
Այժմ, երբ Կոնվենցիայի շուրջ բորբոքված կրքերը համեմատաբար մարել են, «Journalist.am»-ը փորձեց տարբեր մասնագետների ու քաղաքացիների կարծիքը պարզել դրա և մասնավորապես սեռական կրթության վերաբերյալ։
Ղարիբյան Անին, ով երկու երեխաների մայր է, ասում է, որ ինքը կողմ է դպրոցներում սեռական կրթության դասավանդմանը, որովհետև շատ ավելի լավ է, որ երեխան տեղեկատվություն ստանա ոչ թե համացանցից ու բակից, այլ դպրոցից՝ գրագետ մատուցմամբ։ Նա պատմում է, որ ինքը սկսել է իր 3 տարեկան աղջկան տալ սեռականության վերաբերյալ գիտելիքներ այն ժամանակ, երբ երեխան սկսել է հարցեր տալ։
«Սկսել ենք խոսել տարրական թեմաներից։ Երբ տղաս նոր էր ծնվել, տեսավ եղբորը ու հարցրեց, թե ինքն ինչու՞ եղբոր սեռական օրգանից չունի։ Ես հասկացա, որ ճիշտ պահն է եկել, ու բացատրեցի, որ ապերը տղա է, իրենք ուրիշ են, աղջիկները՝ ուրիշ։ Բացատրեցի, որ ոչ մեկին չթողնի դիպչեն իր սեռական օրգաններին, բացի մամայից։ Ասացի, որ միշտ վստահի ինձ»,– նշում է Անին։
Նա հավելում է, որ երեխան այս թեմայով ինֆորմացիա միայն իրենից է ստացել, որովհետև ամեն օր համացանցից օգտվում է միայն կես ժամ, յութուբում մուլտեր է դիտում, կամ մանկական երգեր է լսում, այդ ամենն էլ իր վերահսկողությամբ։ Անին նշում է, որ ճիշտ սեռական դաստիարակության համար ինքը շատ է հետաքրքրվել թե՛ մասնագետներից, թե՛ արտերկրում բնակվող իր ծանոթներից։
Հակառակ Անի Ղարիբյանի, մեր անանուն զրուցակիցը դեմ է դպրոցում սեռական կրթության դասավանդմանը. «Ո՞վ իրավունք ունի Ձեզ հետ խոսել ամենաինտիմ հարցի շուրջ բացի ձեր ծնողից։ Սա այն թեման է, որ ով ինչպես ուզի, այդպես էլ կսովորեցնի երեխաներին, ամեն մեկը իր անսահմանափակ ուղերձը չպիտի տա երեխային ու ազատամիտ ապրելակերպ չպիտի քարոզի, չլցնի երեխայի ուղեղը նման բաներով, ով շատ արագ է վերցնում թե՛ լավը, թե՛ վատը»,– կարծում է նա։
Ըստ անանուն զրուցակցի՝ որքան էլ կյանքը զարգանա, առաջ գնա, ինքը միշտ այս հարցում կպահի իր սահմանները. «Իմ դաստիարակությունն էնպիսին է, որ միշտ չափեր ու սահմաններ ունեմ սեռական հարցերում, որոնք երբեք չեմ անցնի, ու չեմ հարգում նրանց, ովքեր անցնում են այդ սահմանները։ Պարզ է, որ երեխուս նույն կերպ խորհուրդ կտամ ապրել»։
Մեր մյուս անանուն զրուցակիցն էլ երեք երեխաների մայր է, ով ապրում է Գերմանիայում։ Սեռական կրթություն նրա երեխաները ստացել են 10 տարեկանում նախ դպրոցում, հետո էլ ինքն է փորձել ճիշտ սեռական դաստիարակություն տալ նրանց տանը։
«Սեռական կրթությանը վերաբերող դասընթացները երեխաներս անցել են չորրորդ դասարանի վերջին կիսամյակում։ Դրանք եղել են մի քանի դասաժամեր, որոնք ինձ համար շատ կարևոր էին, որովհետև ես ինքս էլ էդ թեմաներով ամաչել եմ մամայիս հետ զրուցել ու կարծում եմ, որ հիմա, երբ երեխաներս արդեն ստացել են բավարար գիտելիքներ, ինձ համար ավելի հեշտ է բացատրել ամեն ինչ»,– նշում է մեր զրուցակիցը։
Նա հավելում է նաև, որ երեխաներին սեռական կրթություն տալու ծանր բեռը ուսուցիչներն են իրենց վրա վերցրել, իսկ իրենք էլ՝ որպես հայ ընտանիք, փորձում են ճիշտ դաստիարակել և հետևել երեխաներին։
«Ծրագիրը, որով ուսուցիչները դասավանդում են, պատրաստվում է Գերմանիայի Առողջապահության և Կրթության նախարարությունների համատեղ մշակման արդյունքում։ Առողջապահության նախարարությունը ստուգում է, որ ամեն ինչ ճիշտ ձևակերպված լինի և ուղարկում են Կրթության նախարարություն, որ արդեն դպրոցներին բաժանեն գրքույկներն ու երեխաները դրանց միջոցով սեռական կրթություն ստանան»,– պատմում է մեր անանուն զրուցակիցը։
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ գրքույկներում ամեն ինչ բացատրվում է նկարների միջոցով։ Ամեն ինչ շատ գրագետ ձևով մատուցվում է մինչև ծննդաբերության թեման՝ բավականին մանրամասն ու երեխաներին ընկալելի։
«Բացի այդ, ինձ սեռական կրթության դասավանդման գերմանական տարբերակում գրավեց այն, որ դպրոցում բացատրել էին նույնասեռականների մասին՝ ասելով, որ ճիշտ է, երբ աղջիկն ու տղան են միասին լինում, որովհետև իրենք իրար հետ բնությունից համապատասխանում են, իսկ տղան տղայի հետ չի համապատասխանում, աղջիկներն էլ՝ աղջիկների հետ չի համապատասխանում։ Բացատրվել էր, որ նրանք ժառանգներ էլ չեն կարող ունենալ։ Այսքանը դպրոցն ասել էր երեխաներին՝ մնացածն էլ թողնելով նրանց հետագայի ընտրությանը»,– նշում է նա։
Սեքսոլոգ Քրիստինե Ասլանյանն ասում է, որ, ըստ մասնագիտական գրականության, սեռական դաստիարակությունը մեթոդների համակարգ է, որը երեխայի դաստիարակության մի մասն է կազմում։ Ըստ նրա՝ շատ հստակ պետք է տարբերել սեռական կրթությունը սեռական դաստիարակությունից։
«Սեռական կրթությունը հստակ ծրագրերի ամբողջություն է, որ կազմում են մասնագետները, որպեսզի հատուկ առանձնացված տեղերում կամ դպրոցներում երեխաները դրանք ուսումնասիրեն, իսկ սեռական դաստիարակությունը բժշկական-մանկավարժական քայլերի ամբողջությունն է, որը ցանկացած խմբի մոտ (ծնողներ, երիտասարդներ, երեխաներ) ձևավորում է իրենց սեռի ու առհասարակ սեռերի նկատմամբ ճիշտ ընկալում»,– նշում է մասնագետը։
Ըստ նրա՝ շատ տարբեր են կարծիքները, թե երբ է երեխայի մոտ ձևավորվում սեռականությունը, այդ պատճառով էլ ամեն մասնագետ ընտրում է այն կարծիքը, որը իրեն ու իր մեթոդներին համապատասխան է։ Ըստ դրա էլ արդեն հստակեցվում է, թե որ տարիքում ինչ ինֆորմացիա կարելի է տալ երեխային։
«Սեռական մասով երեխաներին ինֆորմացիա տալը սկսվում է այն ժամանակ, երբ երեխաներն արդեն սկսում են գիտակցություն ձևավորել։ Դա սկսվում է մոտավորապես երեք տարեկանից։ Այդ փուլում երեխային պետք է տալ գիտելիքներ իր հիգիենայի մասին։ Այսինքն՝ երեք տարեկանից սկսած՝ երեխան պետք է իմանա, թե ինչպես լվանա ատամները կամ ինչպես իր ինտիմ մասերի հիգիենայի մասին հոգա»,–ասաց մասնագետը։
Ըստ Քրիստինե Ասլանյանի՝ երեք տարեկանում այդ ինֆորմացիան լրիվ բավական է, և սովորաբար այդ տարիքում երեխաների մոտ այլ հարցեր չեն առաջանում, իսկ եթե հազվադեպ էլ առաջանում են, մասնագետը կատակով նշում է, որ այդ երեխաները ապագա սեքսոլոգներ են։
Մասնագետի խոսքով՝ արդեն 5-6 տարեկանից սկսած երեխայի մոտ կարող են առաջանալ հարցեր, թե ինչու ենք մենք տարբեր, ինչու են իր օրգաններն ուրիշ, ինչու ենք մենք ծածկվում ներքնաշորով և այլն։ Այս հարցերին պատասխաններ պետք է տրվեն՝ հակառակ բոլոր այն կարծիքներին, որ, պատասխաններ տալով, երեխայի մոտ ավելորդ հետաքրքրություն է առաջանում։ Երեխան ավելորդ հետաքրքրություն ցուցաբերում է այն ժամանակ, երբ իր հարցերին պատասխաններ չեն տրվում։ Այս հարցերին պատասխանում ենք էլի նույն կերպ, շատ թեթևակի՝ բացատրելով, որ նա տղա է, դու՝ աղջիկ։ Դա է մեր տարբերությունը։ Հարցերին պատասխանելու հստակ ձևեր էլ չկան, որովհետև երեխաները տարբեր են, և ամեն ծնող, իր երեխայի յուրահատկությունները հաշվի առնելով, պետք է գտնի հարցերին պատասխանելու ճիշտ մոտեցումը։
«7 տարեկանից սկսած՝ մենք երեխաներին պիտի սկսենք նախապատրաստել սեռահասունացմանը՝ կրկին երեխայի յուրահատկություններից ելնելով, պետք է բացատրել նրան այն փոփոխությունների մասին, որ իրեն սպասվում են։ Ավելի մեծ տարիքում՝ 12-13 տարեկանից սկսած, երբ երեխայի սեռահասունացման սկզբի բարդ շրջանն անցել ենք, այսինքն իրենք արդեն գիտեն՝ ի՞նչ է իրենց օրգանիզմի հետ կատարվում, սկսում ենք պատրաստել սեռական կյանքին»,– ասաց մասնագետը և նշեց, որ սեռական կյանքին պատրաստել, չի նշանակում սեռական տեսարաններ ցույց տալ կամ բացատրել՝ որն ինչպես են անում։ Դա նշանակում է պատասխանել նրանց հարցերին ու բացատրել նրանց սեռականության մասին։
Սեքսոլոգը վստահ չէ, որ հայ ծնողները տալիս են երեխաներին պատշաճ սեռական կրթություն միայն այն պատճառով, որ իրենք էլ չեն ստացել.
«Բայց միանշանակ սա պնդել չեմ կարող, և երևի թե ոչ ոք չի կարող, որովհետև դրա համար լուրջ հետազոտություններ են պետք»։
Քրիստինե Ասլանյանն ասում է, որ ինքը կողմ է մասնագիտական և հանրընդունելի ծրագրի միջոցով երեխաներին ինֆորմացիա տալուն, որը միշտ ավելի ճիշտ է, քան ծնողների հայեցողությանը թողած, ամոթի տակ կոծկված անգիտությունը, երբ ծնողները երեխաներին ոչ մի դեպքում ինֆորմացիա չեն տալիս՝ դա ամոթ համարելով։
Ըստ նրա՝ հանրընդունելի ծրագիրն էլ պետք է մշակվի միայն ծնողների ու մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ.
«Պետք է քննարկվի, թե ինչպես կարող են ծնողները ներգրավվել այդ ծրագրում։ Ծնողն ու դպրոցը կամ առհասարակ ցանկացած այլ կրթական հաստատություն պետք է թիմային աշխատի՝ առողջ երեխա մեծացնելու համար»,– ասաց մասնագետը։
Ըստ նրա՝ կարևոր քայլ կլինի նաև դպրոցներում հոգեբանի ու թեժ գծերի առկայությունը, որպեսզի ցանկացած ծնող ցանկացած պահի կարողանա զանգել ու առաջինը ինֆորմացիա ստանալ, որ հետո կարողանա երեխային այդ ինֆորմացիան տալ։
Հոգեբան, Հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Գարգրցյանը կարծում է, որ առաջնային նշանակություն ունեն ծնողի և երեխայի միջև վստահելի հարաբերությունները, նրանց հուզական կապը։ Եթե այդ հարաբերությունը կա և՛ ծնողին, և՛ երեխային ավելի հեշտ է լինում խոսակցությունը սկսելն ու միմյանց ասածներն ընդունելը։
«Ծնողը երբեք չպետք է խաբի երեխային արագիլի մասին պատմություններով, քանի որ վաղուց արդեն ապացուցված է, որ նման հեքիաթները ծնողի և երեխայի հարաբերությունները խաթարում են, և հետագայում երեխան այլևս չի վստահում ծնողին ու իր հարցերը տալիս է ուրիշ մարդկանց, նրանց, որոնցից արդեն մեկ անգամ լսել է ճշմարտությունը»,– ասում է հոգեբանը և նշում, որ օտարից երեխան կարող է ստանալ շատ խեղաթյուրված կամ շատ սեքսուալացված ինֆորմացիա, իսկ ծնողը կարող է երեխայի տարիքին համապատասխան ձևով բացատրել՝ թեմայի հետ կապված որևէ լարվածություն չառաջացնելով։
Ըստ մասնագետի՝ ավելի սեքսուալացված, գռեհիկ ու աղճատված ինֆորմացիան երեխայի մոտ կարող է առաջացնել հոգեբանական խնդիրներ։ Կարող է առաջանալ վախ սեռական հարաբերություններից, սխալ պատկերացում սեռական հարաբերությունների մասին, տագնապ, հետագայում սրանք կարող են բերել նաև սեռական խանգարումների։
Հոգեբանն ասում է, որ երեխան կարող է «քաշվել իր պատյանը», երբ ծնողը պատժում է նրան որևէ արարքի համար, առանց բացատրելու.
«Ծնողները հաճախ պատժում են երեխաներին սեռական բնույթի հարցեր տալու համար, պարզապես բարկանում են, վրդովվում են, հարցնում, թե որտեղից է նման բաներ իմացել, ու պատժում են։ Այս դեպքում երեխան ոչ միայն այդ հարցերի պատասխանները ուիրշ տեղ կփնտրի, այլ նաև կկենտրոնանա այդ թեմաների վրա, ավելի մեծ հետաքրքրություն կառաջանա նրա մոտ»,– հավելում է մասնագետը։
Հոգեբանն ընդհանուր առմամբ կողմ է սեռական կրթությանը դպրոցում, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե ինչ բովանդակություն են դնում այդ կրթության մեջ, ինչպես են համապատասխանեցնում այն երեխայի տարիքին, և ով է դասավանդում։
«Իդեալական տարբերակում, կարծում եմ, պետք է դասավանդի հոգեբանը, ով լավ ծանոթ է երեխաների զարգացման առանձնահատկություններին, գիտի՝ ինչպես մատուցել տեղեկատվությունը։ Կոնկրետ Հայաստանի պայմաններում կարծում եմ՝ կարիք կա սկսել ծնողներից և ուսուցիչներից£,– նշում է Լիլիթ Գարգրցյանը և խոսքը եզրափակելով ասում, որ պետք է ծնողներին բացատրել, թե ինչպես և ինչ ինֆորմացիա է երեխային տրվելու և ինչպես պետք է նրանք պատասխանեն երեխաների հարցերին, քանի որ անխուսափելիորեն երեխան դպրոցում լսածի մասին կխոսի տանը, իսկ եթե տանը նրան դրա համար պատժեն, ապա սեռական կրթության դասավանդումը կբարդացնի երեխայի կյանքը և այդ կրթությունը արդյունավետ չի լինի։
Անի Մարտիրոսյան
2-րդ կուրս