«ԵՍ ԳՐՈՒՄ ԵՄ ԱՆԿԵՂԾ ՈՒ ԻՐԱԿԱՆ, ԳՐՈՒՄ ԵՄ ԿՈՊԻՏ. ՄԵԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՄ...

«ԵՍ ԳՐՈՒՄ ԵՄ ԱՆԿԵՂԾ ՈՒ ԻՐԱԿԱՆ, ԳՐՈՒՄ ԵՄ ԿՈՊԻՏ. ՄԵԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՏԱԼԻՍ ԳՐՉԻՍ». ՆԱՐԵ ՕՀԱՆՅԱՆ

1444

Նարեն գրելու ձիրք ունի։ Նրա համար գրելը ապրածն ու զգացածն արտահայտելու ամենահուսալի միջոցն է։ Միասին զրուցել ենք գրելու իր տաղանդի, գրչի հանդեպ սիրո, երիտասարդ գրող լինելու դժվարությունների և այլի մասին։

-Նարե՛, գիտեմ՝ հիմա ծանրաբեռնված ես քննություններով, բայց կարծում եմ՝ քեզ համար դժվար չէ գրելուց խոսել։

-Իհարկե, հատկապես, որ գրելու համար միշտ ժամանակ ունեմ։

-Ե՞րբ է սկսվել սերը գրչի հանդեպ։

-Շատ վաղուց, դեռևս դպրոցական տարիքից։

-Հե՞շտ է արդյոք երիտասարդ գրող լինելը։

-Առանձնապես հեշտ կամ դժվարի խնդիր չեմ տեսնում, բայց անչափ հետաքրքիր է։

-Չե՞ս  կարծում, որ գրող լինելու համար երկար տարիների փորձառություն է պետք։

-Ո՛չ, չեմ կարծում։ Այդ փորձառությունը գրելու ընթացքում ձեռք բերելն առավել իմաստալից է։

-Դու գրում ես և՛ չափածո, և՛ արձակ, արդյոք հե՞շտ է համատեղելը։

-Համեստություն չեմ անի և կասեմ, որ ինձ մոտ դա յուրահատուկ կերպով լավ է ստացվում։

-Առաջնորդվու՞մ ես մուսայով, թե՞ գրում ես ցանկացած պահի։

-Գրողն առանց մուսա չի լինում։ Մուսա ունեմ, բայց այն ինձ չի խանգարում գրել ցանկացած պահի՝ ցանկացած թեմայով։

-Հիմնական թեման, որի մասին գրում ես հաճախ։

-Սե՜րը։ Կարծում եմ, որ ամեն ինչի պատճառն ու արդյունքը սերն է, ամեն ինչի՝ առանց բացառության։

-Սերը, իսկ ի՞նչն ես սիրում ամենից շատ։

-Գրիչը։

-Եվս երկու կարճ հարց. գրելը նախասիրությու՞ն, թե՞ մասնագիտություն։

-Արդեն կենսակերպ է, չեմ կարող չգրել։

-Գրելը ցանկությու՞ն, թե՞ կյանքի թելադրանք։

-Եվ՛, և՛․կյանքի թելադրանքով ցանկություն է։

-Լավ Նարե, ես գիտեմ, որ ապագայում նախատեսում ես գիրք հրատարակել, սպասե՞նք։

-Սպասենք. հուսամ՝ ոչ շատ երկար։

Հարցազրույցը՝ Քնարիկ Վարդանյանի և Սիլվի Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել