Զրույցներ՝ Քարի տակից. մաս 1 … Աննայի օրագիրը

Զրույցներ՝ Քարի տակից. մաս 1 … Աննայի օրագիրը

1633

Արդեն 3 օր է՝ սահմանամերձ Տավուշ գյուղի բնակիչները գիշերում են Քարի տակ: Քարը, որ մեծ ժայռ է իրականում, ապաստանել է գյուղացիներին նաև 1990-ականների թեժ մարտերի օրերին: Լույսը բացվելուն պես տավուշեցի Արսենը փոքր գազօջախին է դնում հայկական սև սուրճը. Օրն այսպես է սկսվում, անգամ պատերազմի ժամանակ:

Մութն ընկնելուն պես մարդիկ հավաքվում են որտեղ պատահի՝ նկուղ, ապաստարան, անվտանգ տարածք: Ու ապաստարանի բետոնը պատերը լցվում են երգերով ու պատմություններով, որոնք բոլորը պատերազմի մասին են:

Այս կողմերում հայրենիքը չափվում է պատերազմով, այդ պատճառով էլ պարտվելու մասին ոչ ոք չի մտածում. որովհետև պարտվել կնշանակի զիջել հայրենիքը:

«Մեկ էլ 91 թվին սկսեցին Շամշադինին տալ (կրակել)։ Դեռ էն ժամանակվանից ենք մենք պայքարում մեր հողերի ու սահմանների համար։ Մենք  մեր սիրուն Շամշադինը չենք տա ոչ մեկի։ Մենք չենք փախչում։ 75 տարեկան եմ, որ ձեռքս զենք դնեն, առանց աչք թարթելու կգնամ սահման։ 4 թոռ ունեմ, 4 ն էլ սահմանին, հիմա ասում է Լաուրա Գրիգորյանը՝ քթի տակ երգելով «Գինի լիցը»։

Այստեղ վերջին 20 տարիներին առաջին անգամ է արկ ընկել. Մայրս ասում է՝ «Իմանայի՝ արկով են խփելու, բամբակ կվերցնեի՝ ականջներս փակելու»: Մորս կատակն անմիջապես շարունակում է հարևան Վրեժը՝ «Արկն ընկել է մեր տան մոտ՝ էշիս կողքին. Երևի հենց էշս էլ թիրախն է եղել:

Գյուղերից, հիմնականում, ոչ ոք չի գնում։ Շատերն այս պահին էլ իրենց տներում են։ Հակառակորդի կրակի ժամանակ ապաստարաններ ու նկուղներ են գնում, դադարից հետո՝ վերադառնում իրենց առօրյա գործերին՝ անասուններին կերակրել, խոտը հավաքել, ճաշ եփել, լվացք անել։ Բոլորը զգոն են։

Պատմություններն ու երգերը փոխվում են բանաստեղծությունների, ու ջահելների համար արտասանված ամենախոցող նախադասությունն է՝ «Ապրեք էրեխեք, բայց մեզ պես չապրեք»:

Այս կողմերում արդեն երեք սերունդ նույն կերպ է ապրում:

Իրար շուրջ հավաքված՝ քննարկում են սահմանի օրը, սահման պահողին: Եղբայրս Արցախում է ծառայում, մի քանի օրից տանը կլինի. Սիրտն անհանգիստ է՝ գա, իր տունն իր ձեռքով պահի: Մինչև իր գալը՝ տունը հարևան Դավթի ձեռքում է, որի  մայրն անգամ կրակի ժամանակ տանից չի գնում, որդին սահմանին է, ինքն ո՞ւր պիտի գնա:

Ես կյանքումս առաջին անգամ եմ արկ տեսնում, լսում պայթյունի ձայնը. Իսկ առավոտյան մայրս դռան տակ պայուսակ է թողել՝ մեջը հաց, պանիր, պոմիդոր, շուշա կոնֆետ, տաք հագուստ, որը, հաստատ, մոռանալու ենք ապաստարան կամ նկուղ վազելիս:

Ես այս ամենը ձեզ պատմում եմ Քարի տակից, որ իմանաք՝ մենք այստեղ ենք:

Աննա Խաչատրյանի օրագիրը

Կիսվել