«Չէինք սպասում, միանգամից սկսվեցին կրակոցները, հետո իմացանք, որ մերոնք դիրքեր են գրավել ու թշնամու դիվերսիա են հետ շպրտել»- պատմում է Այգեպար գյուղի բնակչուհի Սուսաննա Ավագյանը, որի հայրական տունը հուլիսի 14-ին՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով այրվել է:
Սուսաննայի խոսքերով, բնակչության մեջ խուճապ չկա. «Մեր գյուղի բնակիչները երբեք չեն թողնում իրենց տները»,- ու հավելում, որ իր տղան արտակարգ իրավիճակներում է աշխատում, գյուղի տղաների մեծամասնությունը ծառայության մեջ է.
«Ես ոնց կարող եմ դուրս գալ էստեղից, կամ իմ հողն ու իմ տունը թողնեմ: Ախր ու՞ր գնամ, որ մենք թողնենք ու դուրս գանք, բա մեր երեխեքը սահմանում ի՞նչ անեն: Մենք ենք իրենց թիկունքը»:
Բնակչուհին Այգեպարը ոչ թե սահմանամերձ, այլ՝ սահմանապահ գյուղ է համարում, ուստի ասում է, իրենք ամեն կերպ պիտի կարողանան տեր լինել իրենց տներին ու ամուր մնալ:
Սուսաննա Ավագյանի մայրը՝ Լիդա Եղիազարյանը պատմում է, որ հրետակոծության ժամանակ տանը չի եղել. «Բացի տունը, փշրել են բոլոր ծառերս, բայց հետաքրքիր է, որ տան մեջ եղած բաժակներից և ոչ մեկը չի կոտրվել»:
Արկն ընկել է տան վրա, պատերը փլուզվել, իսկ տանիքն այրվել է. «Եթե ես տանը լինեի, տեղում կմահանայի»,-արցունքների միջից ժպտալով ասում է տան միակ բնակչուհին, հետո ջրով լիքը դույլը ձեռքին՝ իր ծառի թուզն է լվանում, որ հյուրերն առանց հյուրասիրվելու չհեռանան իր տնից:
Հրետակոծությունն Այգեպար գյուղում՝ այժմ էլ շարունակվում է, բայց այգեպարցին՝ արդեն 30 տարի է գիտի, որ խաղաղության հասնում են միայն զենքի ուժով՝ տեր մնալով սեփական հող ու ջրին:
Թե ի՞նչ է կատարվել տան հետ հրետակոծությունից հետո, կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյությում:
Իննա Թումանյան