Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասում է, որ շինությունների վերականգման աշխատանքներն սկսված են, շինանյութերի մատակարարում է կատարվել:
Աշխատանքներն այսօր շատ ակտիվ իրականացվել են Այգեպար գյուղում, վաղը կսկսվեն նաև Ներքին Կարմրաղբյուր գյուղում: «Առջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում, և հնարավոր է արագ բերել ապրելու վիճակի»,-նշեց Հայկ Չոբանյանը:
Մարզպետը փոխանցեց, որ բնակիչներն իրեն հարցրել են, թե արդյոք չենք շտապում, բա որ կրկնվի, հրետակոծություններ լինեն: Չոբանյանը պատասխանեց. «Ոչ, մենք պետք է անմիջապես անցնենք նմանատիպ վերականգնողական աշխատանքների, ես կարծում եմ, որ դա երկար ժամանակյա ստերիոտիպերից է գալիս, ես դա կանվանեմ աղքատ մտածողություն, և կարծում եմ, որ աղքատությունը գլխի մեջ է, ոչ թե գրպանում»:
Հայկ Չոբանյանը նշեց՝ պետք է այնպես անեն, որ բնակիչները նման հարց չտան, այլ իմանան, որ քաղաքակիրթ կյանքը, քաղաքակիրթ վիճակը իրենց արժանի է, և անկախ նրանից, թե սահմանի վրա ինչ վիճակ է: